Նիկոլ Փաշինյանի աջակիցները սպառնում են. «24 ժամվա մեջ սաղիդ հարցը կլուծենք արա»

article-image

Այսօր՝ ապրիլի 29-ին, «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանը ուղիղ եթերում անդրադարձել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեպքին ու մի շարք վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ հնչեցրել իշխանության ընդդիմախոսների հասցեին։

«Արդեն բոլոր սանդղակները անցել եք, արդեն էլ ընդհանրապես տեղ չկա ու հարցը հասելա արդեն ընդեղ, որ ինչ-որ մի քանի թափթփուկներ, բոմժեր կարողանում են երկրի իշխանության ներկայացուցիչներին փողոցում բացահայտ վիրավորել, սպառնալիքներ հնչեցնել, ինչ-որ հարձակումներ են կազմակերպում, ինչ-որ սաբոտաժներ են կազմակերպում ու չեն վախենում, որ վաղը մյուս օրը պետք ա ժողովրդի առաջ պատասխան տան։ Էս թավշյա մոտեցման արդյունքն ա, բայց ես ձեզ ասում եմ՝ բոլորը պիտի պատիժ ստանան, բոլորը պատժվելու են։ Այո՛, գործող օրենսդրության սահմաններում, բայց ամեն մեկը իրա ասած ամեն տառի, ամեն բառի համար պատասխան ա տալու։ Ուզում եք ադեկվադ եղեք, ուզում եք ոչ ադեկվադ եղեք, ով ուզում եք եղեք, սաղդ պատասխան եք տալու յուրաքանչյուր բառի համար։ Չափերներդ ու սահմաններդ լրիվ անցել եք, արա՛, հարուր անգամ ասինք վեր ընկեք տեղներդ։ Է՞դ հարձակվում եք Ազգային ժողովի փոխնախագահի վրա արա՞։ Գլուխներդ լրիվ դատարկ ա՞, արա՛։ Գլուխներդ ոչ մի բան չմտա՞վ, 2 տարի առաջ բան չհասկացա՞ք դուք։ Սաբոտաժ եք անու՞մ, արե՛ք։ Սաղդ սաբոտաժ արեք։ Ես կոչ անում, ով ինչքան հնարավորություն ունի թո սաբոտաժ անի։ Վերջապես հունից հանեք ու ես ձեզ խոստանում եմ, 24 ժամ չի տևելու, 24 ժամ հերիքա ըլնելու»,- ասել է Հայկ Ստեփանյանը։

«Արեք, փորձե՛ք, փորձե՛ք տեսեք ինչ ա ընլում։ Ես ձեզ խոսք եմ տալիս, փորձե՛ք տեսեք ինչ ա գալիս ձեր գլխին»,- Հայկ Ստեփանյանին շարունակել է «հեղափոխության մյուս պահապանը»՝ Վահե Խանդիլյանը։

«Լսեք արա՛, հակա եք, հակապետական եք, հակահեղափոկան եք, ի՞նչ եք, ո՞վ եք արա՛, բորորիդ զգուշացնում եմ չափերներդ չանցնեք, վերընգե՛ք տեղներդ, ուղիղ 24 ժամվա  մեջ բորորիդ հարցերը կլուծվի արա՛, փորձվեք թե իշխանությանը հանեք հունից»,- սպառնալիքների շարքը եզրափակել է Հայկ Ստեփանյանը։

Նախ պետք է արձանագրել, որ «սաբոտաժ» նշանակում է` աշխատանքային պարտականությունների դիտավորյալ չկատարում կամ անփույթ կատարում, որն արվում է օրինակ պետական որևէ ինստիտուտի ներսում գործող անձի կողմից, ուստի իշխանության ընդդիմախոսները, որոնք պետական ապարատում պաշտոն չեն զբաղեցնում, և առավել ևս այն շրջանակները որոնց նկատի ունեն «հեղափոխության պահապանները»՝ ուղղակիորեն չեն կարող սաբոտաժ իրականացնել իշխանության դեմ։

Ապա, պետք է հիշել վարչապետի վրա «Այո»-ի քարոզչական բուկլետը նետած աղջկա՝ Փաշինյանի հասցեին հայհոյանքներով լի զրույցը ինչ-որ տղայի հետ, և հեղափոխության պահապանների՝ այդ տղային վարչապետից ներողություն խնդրելու և նրան ստորացնելու արարքը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը դատապարտել էր այդ քայլը և ասել«Երեկ, մի խումբ մարդիկ, ովքեր հանդես են գալիս որպես թավշյա հեղափոխության պահապաններ, գնացել են ինչ-որ մի մարդու մոտ, որը իմ հասցեին ինչ-որ վատ բան է ասել, թե հայհոյանք է ասել, պահանջել են ներեղություն խնդրել։ Շատ վատ տեսարան է, ես ուզում եմ ասել, որ դա անընդունելի է ինձ համար։ Երկու օր է ես խոսում եմ, որ մենք հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանենք, վիրավորանքին վիավորանքով չպետք է պատասխանենք, բայց մարդիկ գնում են ի պաշտպանություն մեզ էդպիսի գործողություններ են անում։ Ես ուզում եմ ասեմ, որ դատապարտում են նման գործողությունները և անընդունելի եմ համարում»։

«Հեղափոխության պահապանների» այս արարքը պետք է որ նույնպես անընդունելի և դատապարտելի լինի Փաշինյանի համար։

Հետաքրքիր է, որ մշտապես «անթավիշ» գործողություններ պահանջող «պահապանները» ականջալուր չեն լինում իրենց առաջնորդի հորդորներին և շարունակաբար «վատ» դրության մեջ են գցում նրան։

Տեղեկացնենք, որ «Հեղափոխության պահապանները» Ալեն Սիմոնյանին քաջալերող մի շարք հրապարակումներ են արել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Ազգային Ժողովը ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը։ Այս օրենսդրական փաթեթով կառավարությունն առաջարկել է սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար։ Առաջարկվել է նաև քրեորեն պատժել բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կոչերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հեղափոխության պահապանների» նախորդ գործողությունները գտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում և ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ ապա վերջին սպառնալիքները հավանաբար կավելացվեն այդ գործին։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն