
Երեկ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերով «պարզաբանումներ» ներկայացրեց և հայտնեց, որ դեռևս 2016թ. Արթուր Դանիելյանը նրան դարձյալ հարվածել էր:
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է, որ 2016թ., երբ աշխատում էր araratnews.am լրատվականում, «մի իրադարձության», մի նյութի հետ կապված՝ Արթուր Դանիելյանը պահանջել է հեռացնել այն: «Նա եկել էր իմ վրա հարձակվելու, ինձ ծեծելու», բայց չի ստացվել: Որից հետո, ըստ Սիմոնյանի, Դանիելյանը հրապարակային ներողություն է խնդրել:
Հետաքրքիր է, որ Ալեն Սիմոնյանը այդպես էլ չհայտնեց, թե ինքն այդ ժամանակ ինչ լրատվական գործունեություն էր ծավալում, և ինչի համար էր Արթուր Դանիելյանը պահանջում հեռացնել կայքի ինչ-ինչ հրապարակումները:
Այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանի պատմած դեպքի մասին պատմում են նաև ականատեսները: Երեկ ուղիղ եթերի ընթացքում այդ մասին խոսել են նաև «Ադեկվադ» միաբանությունից, blognews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, Մարինե Մանուչարյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, Տիգրան Քոչարյանը և շատ ուրիշներ:
Այդ «իրադարձությունը», որի մասին Ալեն Սիմոնյանը խոսել է, Ապրիլյան քառօրյա պատերազմն է եղել, որի ընթացքում Ալեն Սիմոնյանի ղեկավարած լրատվականը ադրբեջանական պրոպագանդա և ապատեղեկատվություն էր տարածում:
Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ տարբեր անպատասխանատու հայտարարություններ անող քաղաքական ուժի ներկայացուցիչը փաստորեն դեռևս այն ժամանակվանից էր զբաղվում ապատեղեկատվության և պրոպագանդայի «կուռացիայով»:
Մասնավորապես, 2016 թվականի ապրիլին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, Ալեն Սիմոնյանի խմբագրությամբ՝ araratnews.am լրատվական կայքը հրապարակում էր նյութեր՝ հղում անելով և բառացի թարգմանելով ադրբեջանական մի շարք աղբյուրների:
Օրինակ, լրատվականը տարածել էր մի տեղեկություն, համաձայն որի՝ «ադրբեջանական զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է խոցել»: Լուրը հերքվել էր:
Լրատվականը նաև տարածում էր Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները՝ կապված ռազմական գործողությունները դադարեցնելու՝ «իրեն ուղղված խնդրանքների» և «հայկական հնարավոր հարձակման դեպքում հակահարված տալու մասին»:
Պարզվում է, երբ հայկական զինված ուժերը հերոսական պայքար են մղել ադրբեջանական նախահարձակ ուժերին դիմագրավելու համար, այդ միջոցին հայկական լրատվամիջոցը բացահայտ հակապետական գործունեություն է ծավալել:
Եվս մի քանի օրինակ՝ ադրբեջանական ԱԳՆ-ի տարածած հայտարարության, միջազգային հանրությանը ուղղված Ադրբեջանի դիմումների և Ադրբեջանին տարբեր պետությունների հայտնած աջակցության մասին, բոլորն էլ՝ ապրիլյան ռազմական գործողությունների ամենաթեժ օրերին:
Պատերազմի օրերին հակառակորդի տարածքային ամբողջականությունից և «օկուպացված տարածքների» վերադարձի մասին գրող-տարածող լրատվականի ղեկավարը այսօր խոսում է հայրենասիրությունից, արժանապատվությունից, բողոքում լրատվականների կողմից կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածումից, այնինչ հենց ինքն է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ժամանակաշրջանում ծառայել հակառակորդի շահերին և ադրբեջանական պրոպագանդա ու ապատեղեկատվություն լցրել հայկական լրատվական դաշտ:
Ադրբեջանական առանձին գործիչների, օրինակ, ՊՆ Զաքիր Հասանովի հայտարարությունները Ալեն Սիմոնյանի ղեկավարության տակ աշխատող լրատվամիջոցում հայտնվել են դեռևս 2014 թվականից և մինչ օրս էլ շարունակվում են:
Հետաքրքիր է, որ այս նյութերը տարածվում էին նաև այլ, առավել լայն հասանելիություն ունեցող լեզուներով, և այս նյութերում օգտագործվում էին Արցախի բնակավայրերի ադրբեջանական անվանումները:
Օրինակ՝
Քանի որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսօր էլ իրեն «սուրբ գառի» տեղ դրած շարունակում է ամպագոռգոռ հայտարարություններով դարձյալ մանիպուլյացիաներ անել և ապատեղեկատվություն տարածել, հարկ ենք համարում հիշեցնել իրեն իր սեփական գործողությունները:
Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան
Աղբյուր՝ AntiFake.am