Իշխող ուժը մանիպուլացնում է տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հանգամանքը

article-image

2019թ. ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր կին, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը՝ խոսելով Հայաստանում տրանսգենդերների և նրանց իրավունքների մասին: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ օրակարգը այլ էր, այն է՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ և երեխաների իրավունքներ՝ այս արարքը որակելով «էժան մանիպուլյացիա» և խստորեն քննադատելով օրակարգից շեղվելու հանգամանքը: Զոհրաբյանի քննադատությանը ի պատասխան՝ Լիլիթ Մարտիրոսյանը իր համակիրների հետ, որոնց թվում էին «Փինք» իրավապաշտպան ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Սիմոնյանը և ԼԳԲՏ ակտիվիստ Մաքս Վարժապետյանը, լքեցին դահլիճը: 

Հանրության շրջանում այդ իրադարձությունը բուռն արձագանք ստացավ: Մամուլում լուրեր տարածվեցին, թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին ԱԺ է հրավիրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Նույն օրը երեկոյան Մարիա Կարապետյանը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում, որում ասվում էր, որ առաջնորդվելով մարդկանց իրազեկված լինելու իրավունքով՝ տարածել է Ազգային ժողովի կայքում տեղադրված լսումների վերաբերյալ հայտարարությունը և օրակարգը, որը չէր պարունակում մանրամասներ լսումների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ: Նա այդ հայտարարությունը տարածել է նաև իրավապաշտան գործունեությամբ զբաղվող իրեն ծանոթ և անծանոթ հասարակական կազմակերպությունների շրջանակում, ինչով էլ ավարտվել է իր «առաքելությունը» այդ գործում:

Վերջինս երեկ՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ասաց, որ խորհրդարանական լսումները բաց են եղել տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր հասարակական կազմակերպությունների համար։

Նույն օրը ԱԺ դիմաց ընդդեմ ԼԳԲՏ համայնքի բողոքի ցույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ահա հրավիրյալների ցանկը, որը ներառված է փաթեթում, տակը Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունն է։ Մարիա Կարապետյանի և «Իմ քայլը» խմբակցությունից որևէ մեկի անունը չկա։ Ահա այս փաթեթով են մարդիկ ներս եկել և մասնակցել հանձնաժողովի նիստին։ Դա ԱԺ նիստ չի եղել, պատգամավորներից ընդամենը երկու հոգի է եղել դահլիճում։ Դա եղել է Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ, նրանք ներս են եկել այս փաթեթով, որի տակ Նաիրա Զոհրաբյանի ստոգարգությունն է։ Ներկա են եղել ՀԿ–ների ներկայացուցիչներ, մեղադրել ԱԺ որևէ քաղաքական ուժի, նույնիսկ Նաիրա Զոհրաբյանին պետք չէ»։

Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Նորագավիթի մաքսատուն այցելության ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ նա Պետական վերահսկողական ծառայությունից գրավոր բացատրություն է պահանջել, և իրեն տվել են փաստաթուղթ, որում երևում է, որ այդ քաղաքացիների ցուցակը տվել և ստորագրել է Նաիրա Զոհրաբյանը, որով էլ մարդիկ ընդգրկվել են։ Փաշինյանն այդ իրադարձությունը որակեց, որպես լավ մշակված պրովոկացիա հեղափոխության և կառավարության դեմ։

Դեռ երեկ՝ ապրիլի 8-ին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է տվել այս մասով, որում Զոհրաբյանը շեշտել է, որ «իր ստորագրությամբ ուղարկված ցուցակները, որտեղ առկա են նաև ՀՀ Օմբուդսմեն Արման Թաթոյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի [գրասենյակի.-խմբ.] համակարգողի ստորագրությունները, ուղարկվում են միջազգային կազմակերպությունների դեսպաններին, և այն ՀԿ-ներին, որոնց ներկայացուցիչները հանդես էին գալու հիմնական զեկույցներով: Մնացած ՀԿ-ները, որոնք ներկա են եղել այդ լսումներին, ոչ ինքը, ոչ որևէ մեկը հրավեր չի ուղարկել»՝ միաժամանակ կոչ անելով Ալեն Սիմոնյանին հրապարակել «Իրավունքի կողմ» ՀԿ-ին ուղղված իր ստորագրությամբ հրավերը՝ պատասխանելով նաև այն դիտարկումներին, թե ելույթների մեծ մասի թեման շեղված է եղել ընդհանուր օրակարգից՝ ասելով, որ հիմնական զեկուցողների կողմից օրակարգային շեղումներ չեն եղել:

Այնուհետև Նաիրա Զոհրաբյանը գրառում կատարեց իր ֆեյբուքյան էջում, որով հիմնավորվում էր, որ Մարիա Կարապետյանը տարբեր ՀԿ-ների ուղարկել է ԱԺ  լսումներին մասնակցելու հրավեր։ Սա ավելի ուշ հաստատվեց Մարիա Կարապետյանի կողմից։ Երեկոյան նա տեսանյութ հրապարակեց, որում ասվում էր, որ ինքը էլեկտրոնային փոստով հրավեր է ուղարկել հասարակակական կամակերպություններին և վերջիններիս հորդորել մասնակցել ԱԺ լսումներին։

Այսօր՝ ապրիլի 9-ին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ այն փաստաթուղթը, որը նախoրեից շրջանառվում և թմբկահարվում է ինչպես խորհրդարանում, այնպես էլ վարչապետի կողմից, ընդամենը անվտանգությանը (անվտանգության աշխատակցին) տրամադրված հասարակական կազմակերպությունների ցանկն է, որոնք գրանցվել են օնլայն հարթակում՝ մասնակցության ցանկություն հայտնելով։ Նաիրա Զոհրաբյանի կողմից որևէ հրավեր չի եղել այդ կազմակերպությունը։

Ի վերջո ո՞վ է հրավիրել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին։ Արդյո՞ք Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվող փաստաթուղթը իրականում հրավեր է եղել Նարիա Զոհրաբյանի կողմից։

Նախ, անհրաժեշտ է նշել, որ Ալեն Սիմոնյանի կողմից մատնանշվող փաստաթուղթը այդպես էլ չհրապարակվեց, չնայած առկա հասարակական պահանջին։ Կարելի է ենթադրել, որ իրականում այն փաստաթուղթը, ինչին հղում են կատարում Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը, իրականում ԱԺ լսումներին մասնակցելու համար գրանցված հասարակական կազմակերպությունների և դրանց ներկայացուցիչների ցանկն է, ինչը ի պաշտոնե, որպես հանձնաժողովի նախագահ ստորագրված է Նաիրա Զոհրաբյանի կողմից։

Բացի այդ, թե՛ Մարիա Կարապետյանն իր գրառումներով և տեսանյութով, թե Նաիրա Զոհրաբյանն իր հրապարակած տեղեկատվությամբ հաստատեցին, որ Մարիա Կարապետյանի կողմից թե՛ ֆեյսբուքյան էջով, և թե՛ էլեկտրոնային փոստով հրավեր է ուղարկվել մի շարք հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաև՝ «Իրավունքի կողմ» ՀԿ-ին, որի նախագահն է հանդիսանում Լիլիթ Մարտիրոսյանը։

Այն, որ «Իրավունքի կողմ» ՀԿ-ն և վերջինիս հետ փոխկապակցված անձինք կապ ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմինների և «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների հետ, անհերքելի փաստ է, որին ավելի մանրամասն անդրադարձ կկատարենք շուտով՝ առանձին հրապարակմամբ։  

Հատկանշական է, որ ԱԺ լսումներից հետո Լիլիթ Մարտիրոսյանը և նրա հետ ԱԺ եկած ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Մաքս Վարժապետյանը երախտագիտության խոսքեր են ուղղել Մարիա Կարապետյանին իրենց աջակցելու համար, ինչը ևս վկայում է, որ նրանց ԱԺ լսումներին մասնակցությունը ուղղակի կամ անուղղակի տեղի է ունեցել Մարիա Կարապետյանի հրավերների շնորհիվ։

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը կարելի է եզրակացնել, որ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի «Իրավունքի կողմ» ՀԿ-ին խորհրդարանական լսումներին անուղղակի կամ ուղղակի ձևով հրավիրել է Մարիա Կարապետյանը։

Իսկ թե ինչու են իշխող ուժի ներկայացուցիչները, որոնք կապ ունեն այդ համայնքի հետ, հետևողականորեն և մանիպուլյացիաների միջոցով փորձում խուսափել հրավիրելու հանգամանքից՝ հրավիրողի սլաքներն ուղղելով դեպի Նաիրա Զոհրաբյանը, մտածելու տեղիք է տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն