Միջազգային կառույցների երկակի ստանդարտները Հայաստանում

article-image

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների անունից երեկ՝ ապրիլի 9-ին, տարածվեց հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների  դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում  տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ   Հայաստանում փոքրամասնությունների և իրավապաշտպանների նկատմամբ լուրջ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիքներ են հնչել: Ատելության խոսքը, այդ թվում մահվան սպառնալիքներն ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏԻ համայնքին  հանդիսանում են այդ անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորումը և հանդիսանում են խտրականություն, որն արգելվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, որին Հայաստանը մասնակից է, որը նաև արտացոլված է ՀՀ Սահմանադրության մեջ:

ԵՄ-ն հորդորում է Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը, և կոչ անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ և քննություն անցկացնել ատելության հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող  անձանց դեմ ներկայացված ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ»:

Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, որտեղ կոչ է արվում ՀՀ իշխանություններին «ըստ օրենքի հետաքննել եւ դատական կարգով հետապնդել ԼԳԲՏԻ համայնքի անդամների նկատմամբ ոտնձգությունների եւ չարաշահումների դեպքերը` նպատակ ունենալով երաշխավորել թիրախավորված անձանց ֆիզիկական անվտանգությունը եւ նպաստել ատելության խոսքից զերծ մարդկային արժանապատվության միջավայրին: Խտրականության դեմ եւ հանդուրժողության սկզբունքները ներառում են բոլոր մարդկանց, այդ թվում էթնիկ, կրոնական եւ սեռական փոքրամասնությունների մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Հայաստանը այս սկզբունքների խթանման ուղղությամբ ստանձնել է գովելի հանձնառություններ եւ այդ ոլորտում հասել է առաջադիմության: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի ժողովրդին` կյանքի կոչելու այդ պարտավորությունները հանուն ավելի լավ կյանքի բոլորի համար»:

ԵՄ և ՄԱԿ հայտարարությունները հետևեցին ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական լսումների ընթացքում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի կապակցությամբ և ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի արձագանքին հանրության շրջանում առաջացած բուռն քննարկումներին։

Տեղի ունեցածին հետևեցին իշխող ուժի մանիպուլյացիոն գործողությունները՝ այդ իրադարձության քննադատությունների սլաքները Նաիրա Զոհրաբյանի կողմն ուղղելու համար։

Գնահատելով միջազգային կառույցների արագ արձագանքը խտրականության դեպքերին՝ միևնույն ժամանակ անհնար է չարձանագրել, որ ուսումնասիրելով վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԵՄ հայտարարությունները՝ հանդիպում ենք երկակի ստանդարտների կիրառման, որը դրսևորվեց, օրինակ, դեռևս հոկտեմբերին «Ադեկվադ» նախագծի համահեղինակներ Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի վրա Մարալիկում տեղի ունեցած հարձակման ժամանակ, երբ խախտվեցին վերջիններիս ազատ տեղաշարժման և խոսքի ազատության իրավունքները: Այս պարագայում ԵՄ ոչ մի քայլ չձեռնարկեց հանուն  Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության: Նույն երկակի ստանդարտները կիրառվեցին նաև Մանվել Գրիգորյանի և մի շարք այլ քրեական գործերի պարագայում, և արդյունքում Եվրամիությունը «աչք փակեց» մարդու իրավունքների, անմեղության կանխավարկածի, դատարանների անկախության երաշխիքների խախտումների վրա:

Հետաքրքիր է այն փաստը, որ նախորդ տարի հետիշխանափոխական ժամանակահատվածում հասարակության մասնատվածությունը «սևերի» և «սպիտակների», երկրի բարձրագույն ղեկավարության կողմից տարբեր մարդկանց «մերժելու», արժանապատվությունը վիրավորելու, ԶԼՄ-ների դեմ կազմակերպված արշավի և շատ այլ դեպքերը, կարծես թե, դուրս են մնացել միջազգային հեղինակավոր կառույցների տեսադաշտից:

Ուստի՝ միջազգային կառույցները Հայաստանում ունեն հստակ ձևավորված քաղաքականություն՝ պաշտպանելու միայն նրանց, ովքեր ֆինանսավորվում են իրենց կողմից և առաջ տանում իրենց օրակարգը Հայաստանում։

Հոդվածի անգլերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն