Վեթինգ լինելու՞ է, թե՞ ոչ. իրավասու պաշտոնյաների հակասական հայտարարությունների հետքերով

article-image

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունները և դատավորներին վեթինգի ենթարկելու նախապատմությունը

Ինչպես հայտնի է, 2019թ. մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համակիրներին կոչ էր արել փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն այնպես, որ ոչ ոք չկարողանա մուտք գործել և դուրս գալ դատարանի շենքից:

Բացի Փաշինյանի սակավաթիվ աջակիցներից, որոնք համաձայն AntiFake.amմշտադիտարկման ներառում էին 1350-1400 քաղաքացիների, դատարանների ելքերն ու մուտքերը փակել էին նաև օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ (1, 2, 3):  

Գործադիր իշխանության ղեկավարի այս կոչը և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությունը այս հակասահմանադրական գործընթացին ոչ միայն միջամտություն էր դատական համակարգի գործունեությանը, այլ նաև այն բանի ապացույցն էր, որ ի հեճուկս անկախ դատական համակարգ ունենալու և զանգովի արդարադատություն չիրականացնելու վերաբերյալ հայտարարությունների՝ դատական իշխանության կայացրած որոշումները այս իշխանության ներկայացուցիչների սրտով չեն, ուստի անկախ դատական համակարգ ունենալու հայտարարությունների քողի ներքո նրանք ամեն կերպ ձգտելու իրենց ենթարկել դատական իշխանությունը: (Մասնավորապես, Փաշինյանի այս կոչին նախորդել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը):  

Դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչից հետո Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ ելույթ ունեցավ, որում կրկին խոսեց ժողովրդի անունից (հավանաբար նկատի ունենալով դատարանների դիմաց հավաքված 1350-1400 քաղաքացիներին ու իշխանական պատգամավորներին) ու ասաց. «Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ: … Դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը»:

Նույն ելույթում Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, ինչը, ըստ Փաշինյանի խոսքերի, իրենից ենթադրում է հետևյալը.

1. Հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

2. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:

3. Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին:

Իշխանական մանիպուլյացիաները և միջազգային կառույցների արձագանքը հայաստանյան վեթինգի վերաբերյալ

Փաշինյանի այս հայտարարություններից որոշ ժամանակ անց մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ վարչապետ Փաշինյանը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից, որում կառույցը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում: Համաձայն նույն աղբյուրի՝ Վենետիկի հանձնաժողովը վարչապետի և նրա թիմի գործողությունները պայմանավորել էր Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ, բայց՝ հակակոռուպցիոն պայքարի անվան տակ քողարկած:

Այդ ժամանակաշրջանում դեռևս վարչապետի մամուլի խոսնակի կարգավիճակում գտնվող Վլադիմիր Կարապետյանը, հաստատելով նամակի փաստը, այն խեղաթյուրված էր ներկայացրել՝ ասելով, թե Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել օժանդակել այն բարեփոխումներին, որ ծրագրում է իշխանությունը, և պատրաստակամություն է հայտնել աջակցել դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում: Կարապետյանի այս քայլը ընդամենը նպատակ էր հետապնդում հիմնավորել վեթինգի անհրաժեշտությունը: 

Այնինչ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակի բովանդակության ուսումնասիրությունից պարզ է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում խոսքը վերաբերվել է բացառապես Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում աջակցությանը:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում հատուկ ընդգծվել է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով՝ համաձայն Սահմանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները: Սա նաև այդ չափանիշները հարգելու «մեսիջ» էր՝ ուղղված վարչապետ Փաշինյանին:

Այնուհետև, Հայաստանի իշխանությունների հրավերով Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և [Վենետիկի] Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել էին Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները, որի արդյունքում կողմերը եկել էին համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Կողմերը նաև համաձայնության էին եկել վեթինգի փոխարեն ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

 Ի վերջո վեթինգ լինելու՞ է, թե՞ ոչ. իրավասու պաշտոնյաների հակասական հայտարարությունների հետքերով

Իշխանությունը վերջին շրջանում փորձում է ցույց տալ, թե խոստացված վեթինգը շուտով կյանքի է կոչվելու դատավորների բարեվարքության փաթեթ անունը ստացած օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի շնորհիվ:

Այս կապակցությամբ հարց-պատասխան ձևաչափով «Պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգում (վեթինգ) լինելու է ԱՆ հարց ու պատասխանն՝ այս թեմայի վերաբերյալ» վերտառությամբ հրապարակում էր տեղադրվել ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, որում մասնավորապես գրված է. «Հանրության շրջանում լայն տարածում ստացած «վեթինգ» հասկացությունը Սահմանադրությանը համահունչ արտացոլված է Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում»:

Հետաքրքիր է, որ ԱՆ պաշտոնական կայքում արված հրապարակումից օրեր առաջ բարեվարքության և գույքային դրության ստուգման լիազորությամբ օժտված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտարարել էր, որ դատավորներին վեթինգի ենթարկելու՝ Արդարադատության նախարարության ներկայացրած օրինագիծն ամենևին էլ վեթինգի մասին չէ, այսինքն՝ վեթինգ չի լինելու

Համաձայն Հայկուհի Հարությունյանի խոսքերի՝ գործող դատավորների մասով իրականացվելու է գույքի եկամուտի և շահերի հայտարարագրերի ուսումնասիրություն, որը ո՛չ բարեվարքություն է, ո՛չ առավել ևս վեթինգ։ Այս գործընթացն իրենից ենթադրում է սահմանափակ հնարավորությամբ դատավորների գույքի եկամուտների և շահերի ստուգում:

«Բարեվարքության կանոնների ստուգումը և վեթինգը խիստ բովանդակային տարբերություններ ունեցող գործընթացներ են։ Վեթինգն ամբողջությամբ այլ գործողություն և գործընթաց է, որը ենթադրում է այլ գործիքակազմ, իսկ բարեվարքության ստուգումը լրիվ այլ դասակարգում ունեցող գործողություն է»,- ասել է Հարությունյանը:

Հայկուհի Հարությունյանը նաև նշել է, որ գործող դատավորների նկատմամբ նախատեսված չէ պատասխանատվություն կիրառելու կամ պաշտոնավարումը դադարեցնելու գործողություն։ «Ներկայացված նախագծով և դրան կից փաթեթների այլ օրենքներով որևէ նման գործողություն չի նախատեսվում։ Ընդամենը նախատեսվում է դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգում, որի վերաբերյալ եզրակացությունը ԲԴԽ-ի համար նշանակություն չի ունենալու։ Այսինքն, Բարձրագույն դատական խորհուրդը առաջնորդվելու է իր կայացրած որոշմամբ»,- հավելել է Հարությունյանը:

ԲԴԽ անդամների բարեվարքության ստուգմանն անդրադառնալով Հարությունյանն ասել է, որ այս մասով ևս հանձնաժողովը պետք է իրականացնի գույքի եկամուտի և շահերի հայտարարագրերի ուսումնասիրություն։

«Հանձնաժողովին տրված գործիքակազմը բացառապես վերաբերվում է 2017 թ.-ից հետո ընկած ժամանակահատվածում գույքի, եկամուտի, շահերի հնարավոր կամ ենթադրյալ բացթողումներին կամ խախտումներին։ Դրանից առաջ ընկած ժամանակահատվածի համար հանձնաժողովը որևէ լիազորություն չունի և ակնկալել, որ հանձնաժողովը մաքրելու է կամ հասարակության կողմից հնչեցված բոլոր մտահոգությունները ԲԴԽ անդամների առնչությամբ փարատվելու են՝ ճիշտ չէ։ … Այս նախագիծը նման տեսակի լայն գործողությունների իրականացնելու հնարավորություն չի տալիս։…Նախատեսված նախագծով, առնվազն տեսականորեն հանձնաժողովը գործողություններն իրականացնելու հնարավորություն ունի, քանի որ դա իրենից մեծ բան չի ներկայացնում։ Դա այն է, ինչ արվել է տարիներ շարունակ, հետաքննող լրագրողների կողմից կամ այլ առանձին անձանց անհատների ու կազմակերպությունների կողմից։ Նախատեսում է հայտարարգրերում օրինակ ԲԴԽ անդամների կամ դատավորների առկա տվյալների ստուգում, որը պետք է իրականացվի՝ 2017 թ-ից հետո տեղի ունեցած գործարքների կամ առանձին գործողությունների վերաբերյալ հարցումներ անելով, բանկային գաղտնիքին հասանելիություն ունենալով, սրանից առաջ ընկած ժամանակահատվածի համար՝ ոչ։ Եթե օրինակ ԲԴԽ անդամը, ով հանդիսացել է դատավոր և 2012 թ-ից, երբ ներդրվել է հայտարարագրման համակարգ՝ անձը եղել է հայտարարտու, օրինակ, 2014 թ-ին գույք է ձեռք բերել, որի օրինականության առնչությամբ խնդիր կա՝ հանձնաժողովը մեծ դժվարություն ունի այդ թվականի գործարքը ստուգելու և փարատելու կասկածները»,- եզրափակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը:

Թե ինչու են իրար հակասում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և Արդարադատության նախարարության տեսակետները, AntiFake.am-ը հետաքրքրվեց Հայկուհի Հարությունյանից, ով մեզ հետ զրույցում ասաց. «Այն ինչ-որ ես ասել եմ, ասել եմ: Ինչ ասել է նախարարությունը, նախարարությունը իր մասով է ասել: Ես ինչ ասել եմ, ասել եմ արդեն: Ավել բան այս պահին ասել չեմ կարող»:

Արդարադատության նախարարությունից էլ հայտնել են, որ վեթինգ ենթադրող այլ նախագիծ չի մշակվում:

Ի վերջո, արդյո՞ք դատավորների բարեվարքության ստուգում նախատեսող օրենսդրական փաթեթը իրենից վեթինգ ենթադրում է, թե՞ ոչ,  AntiFake.am-ը փորձեց պարզել ոլորտի փորձառու մասնագետների հետ:

Մեզ հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այս նախաձեռնությունը միջազգային տեսանկյունից վեթինգ համարվել չի կարող:

«Այս բանավեճը մոտ մեկ տարի առաջ ծավալվեց, երբ քաղաքական իշխանության կողմից վեթինգ տերմինը սկսվեց օգտագործվել որպես անցումային արդարադատության գործիք: Ես և շատ այլ իրավաբաններ տարակուսանք էինք հայտնում այս տերմինի կիրառման կապակցությամբ, նշելով, որ այն մեր երկրում տարբեր պատճառներով կիրառվել չի կարող»:

Ռուբեն Մելիքյանն իր մտահոգությունն է հայտնում, քանի որ հարցեր են առաջանում, թե օրենսդրական փաթեթը ո՞րքանով է իրավաչափ, ո՞րքանով է արդարացի գույքի և եկամուտների ուսումնասիրություն իրականացնել բացառապես դատավորների մասով՝ մոռանալով գործադիր և օրենսդիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչներին, որոնց պարագայում ևս, հատկապես վերջերս գույքի և եկամուտների ոչ օրինական լինելու մասին բազմաթիվ հրապարակումներ մեն եղել: Այստեղ կա անարդարության էլեմենտ. համոզված է Մելիքյանը: 

«Եթե խոսում ենք վեթինգի մասին, ապա Հայաստանի Հանրապետությունը կարող է ցանկացած տերմին մեկնաբանել այնպես, ինչպես ինքը կցանկանա, որպես իր օրենսդրության մաս: Որովհետև եթե Հայաստանի Հանրապետությունը մի օր որոշի, որ աթոռ ասելով՝ հասկանում ենք սեղան, դա կլինի սեղան, բայց բացառապես Հայաստանի Հանրապետության մասով: Այլ կերպ ասած՝ վեթինգ տերմինը, որը օրենսդրական չէ, չի կարող ընդհանուր տեսանկյունից կիրառվել շատ պարզ պատճառով: Վեթինգը ենթադրում է, որ բոլոր դատավորները պետք է ինչ-որ հանձնաժողովի առջև անցնեն, որը պետք է ստուգի և դրա ստուգման արդյունքում միայն նրանք հնարավորություն ունենան շարունակել իրենց՝ դատավորի գործունեությունը կամ այլ պաշտոնատար անձի, եթե այլ պաշտոնատար անձանց մասին է խոսքը: Այստեղ խոսքը վերաբերվում է նրան, որ կարող է գույքի և եկամուտների ուսումնասիրություն իրականացվել, և այդ ուսումնասիրությունը կարող է դատավորը զգալ էլ, կարող է չզգալ էլ, եթե ի սկզբանե այդ գույքի և եկամուտների մասով որևէ խնդիր չկա»,- պարզաբանում է Ռուբեն Մելիքյանը:

«Այստեղ խնդիրը նախաձեռնության մեջ է, թե նախաձեռնությունը ինչպես է տեղի ունենում: Այլ կերպ ասած, անձը դատավոր է համարվում միայն այն բանից հետո երբ անցել է այդ «քավարա՞նը», թե՞ նա շարունակում է իր գործունեությունը, բայց նրան կարող են որոշակի հարցեր ներկայացվել: Այս տեսանկյունից կարծում եմ, որ այս նախաձեռնությունը վեթինգ համարվել միջազգային տեսանկյունից չի կարող, բայց նորից կրկնեմ, եթե Հայաստանի Հանրապետությունը իր օրենքներով, ինչը այս պահին գոյություն չունի, համարի, որ վեթինգը սա է, ուրեմն սա կլինի, ինչպես և կարող է համարել, որ սեղանը այսուհետև նաև աթոռն է»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:

AntiFake.am-ը նաև կապվել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախագծին ամբողջությամբ և խորապես ծանոթ չէ: Սակայն փաստում է, որ դա վեթինգ է՝ անկախ նրանից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրան կտա վեթինգ անվանումը, թե չի տա:

«Ամեն դեպքում, պրոցեսը, որը նկարագրված է այդ նախագծում, այնքանով, որքանով որ ես եմ ծանոթ, առերևույթ համապատասխանում է վեթինգի տարրերին: Գործող իշխանությունը իշխանության գործունեության սկզբնական շրջանում դրոշակ էր դարձրել դատավորների վեթինգը: Հետագայում, երբ Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն ուղարկեց կառավարություն, որտեղ նշեց, որ վեթինգը այն գործիքակազմը չէ որի կիրառելիության արդյունքում հնարավոր կլինի բարեփոխել դատական համակարգը: Իշխանությունը, կարծես թե, իր բառամթերքից վերացրել է վեթինգ արտահայտությունը և վեթինգը փորձում է իրականացնել թաքնված գործիքներով, և նույն այս բարեվարքության կանոնների հաստատումը կամ ստուգման հաստատումը հենց դասական և գործառնական առումով համապատասխանում է վեթինգի տարրերին:

«Վեթինգ չի լինելու»: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կնշեր վստահորեն, որովհետև ունի հանձնարարական: Դա ևս մեկ քաղաքական կամակատար օղակ է, որը փորձում է ցույց տալ, որ դա վեթինգ չէ: Սակայն այն գործիքները, որոնք դրվելու են կիրառելիության մեջ, ինքնին ենթադրում են վեթինգ:», - համոզմունք է հայտնել Հայրապետյանը: 

Իրավաբանը նշել է նաև, որ իշխանությունները ամբողջապես չեն ուսումնասիրում կամ ուսումնասիրելու դեպքում չեն կարողանում մասնագիտորեն ընկալել հանրային ծառայության մասին օրենքով արդեն իսկ երկար ժամանակ Հայաստանում ներդրված այն գործիքակազմը, որը դատավորների համար ավելի խիստ պահանջներ է նախատեսում գույքի և եկամուտների, ինչպես նաև շահերի հայտարարագրման տեսանկյունից, որը նաև ամբողջությամբ իրագործում է այն նպատակը, որը նրանք դրել են իրենց առաջ: 

«Այսինքն՝ եթե դու ուզում ես ապացուցել, որ X դատավորը, օրինակ, անօրինական ճանապարհներով կամ ենթադրյալ կաշառքի ճանապարհով ստացել է գույք, ապա այդ դատավորը իր գույքը և եկամուտը հայտարարագրում է, որտեղ ցանկացած լումայի և գույքի ցանկացած միավորի մեկ միլիմետրի համար տալիս է պատասխան: Ես չեմ կարողանում հասկանալ այս նախագծի նպատակը, չեմ կարողանում դա զուգահեռել հենց հանրային ծառայության մասին օրենքով արդեն ներդրված գործիքակազմի հետ, ինչ կա այստեղ ավել, իմ համար որպես մասնագետ՝ հայտնի չէ», - ասաց Ռոբերտ Հայրապետյանը: 

Անդրադառնալով ԿԿՀ նախագահի այն հայտարարությանը, թե նախատեսված նախագծով, առնվազն տեսականորեն հանձնաժողովը գործողություններն իրականացնելու հնարավորություն ունի, քանի որ դա իրենից մեծ բան չի ներկայացնում, և սա այն է, ինչ արվել է տարիներ շարունակ հետաքննող լրագրողների կողմից կամ այլ առանձին անձանց, անհատների ու կազմակերպությունների կողմից, Հայրապետյանն ասաց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն ըստ էության հանդիսանում է Էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը, չի կարողացել ամբողջությամբ ուսումնասիրել, թե իր իրավանախորդը ինչ գործողություններ է կատարել: Նախ ես ուզում եմ նշել, որ երբ X պաշտոնյան (դատավոր,նախարար, երբ նա գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել էթիկայի հանձնաժողով, այդ հայտարարագիրը օրենքով նախատեսված կարգով ուսումնասիրվել է, կիրառվել են բոլոր գործիքները` պարզելու այդ հայտարարագրում նշված գույքի և եկամուտների համապատասխանությունը իրականությանը, որից հետո դա նոր դրվել է հրապարակման և հրապարակման արդյունքում, ըստ էության, լրատվամիջոցները ուղղակի հանրայնացրել են այդ հայտարարագիրը և դրանցում նշված գույքը, որովհետև քաղաքացիներին շատ ավելի հասու է մտնել լրատվական կայքեր և այնտեղից ուսումնասիրել պաշտոնյաների հայտարարագրերը, քան էթիկայի հանձնաժողովի կայքից՝ փորձելով հասկանալ մեխանիզմերը և գտնել X պաշտոնյայի հայտարարագիրը: Ես չեմ կարծում, որ այս հարցում լրատվամիջոցները ահռելի գործ են կատարել, որ ամբողջությամբ ուսումնասիրել են կամ բացահայտումներ են կատարել X պաշտոնյայի վերաբերյալ»:

Ռոբերտ Հայրապետյանը փաստում է, որ ԿԿՀ-ը չի տիրապետում նախկինում էթիկայի հանձնաժողովի կատարած գործառույթներին և դա նրան հիմք է տալիս ենթադրել, որ ԿԿՀ-ն նաև իր լիազորություններին չի տիրապետում, և այս գործունեությոնը կարող է լինել հերթական պոպուլիստական քայլը՝ ցույց տալու, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինչ-որ բան անում է

Ամփոփելով վերը նշված փաստարկները՝ կարող ենք եզրակացնել, որ ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ իշխանական շրջանակներում դատավորների բարեվարքության ստուգում նախատեսող օրենսդրական փաթեթի վերաբերյալ առկա են որոշակի հակասություններ, սակայն տարբերությունն այն է, որ արդարադատության նախարարությունը, ի դեմս՝ Ռուստամ Բադասյանի, փորձում է ամեն կերպ վեթինգի խոստման կատարման իմիտացիա ստեղծել և դատավորների բարեվարքության ստուգում նախատեսող օրենսդրական փաթեթը հասարակությանը ներկայացնել վեթինգի փաթեթավորմամբ:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը