Կցկտուր շնորհավորանք ու լռություն երկրի «գլխավոր» խմբագիրներից

article-image

Երեկ մայիսի 3-ն էր՝ մամուլի ազատության միջազգային օրը: Այս օրը նշանավորվեց հայկական լրատվական դաշտի ներկայացուցիչների այն քննարկումներով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը, հանդիսանալով լրատվության ոլորտի նախկին և ներկա ներկայացուցիչներ, անտեսել են իրենց գործընկերներին մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ չհղելով։

Փաշինյանների այս քայլը որոշ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից որակվեց որպես քինախնդրություն, որոշների կողմից էլ՝ լրագրողների 99%-ին վիրավորելուց և նրանց ծախված համարելուց հետո երեսատեղ չունենալու հանգամանք:

Այնուամենայնիվ, որոշակի փնտրտուքներից հետո նկատեցինք մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ վարչապետ Փաշինյանի թվիթերյան կցկտուր գրառումը, որտեղ գրված է. «Ազատ մամուլը ժողովրդավարության հիմնաքարն է: Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ այն լրագրողներին, ովքեր տքնաջան աշխատում են, համարձակորեն ձգտում են ճշմարտությանը և հասարակությանը տրամադրում հավաստի և ճշտված տեղեկատվություն»:

Իշխանության գալուց հետո մշտապես մամուլի ազատության մասին աղաղակող վարչապետը, ով հաճախ խոսում է Հայաստանում մամուլի աննախադեպ ազատությունների մասին և դա որպես ձեռքբերում ներկայացնում, այս անգամ նախընտրել էր կցկտուր կերպով շարադրել իր մտքերը։ Իսկ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի սոցիալական էջերում և պաշտոնական  կայքում որևէ ուղերձ գտնել չհաջողվեց։

Փաշինյանների այս քայլը միգուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանության իրական ընդդիմության դերը ստանձնած լրատվամիջոցների աչքից իշխանության ոչ մի սխալ կարծես թե չի վրիպում, ինչն էլ հաճախ իշխանության ներկայացուցիչների և նրանց մերձավորների կողմից ընկալվում է որպես իրենց ուղղված թշնամական վերաբերմունք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ տարվա մամուլի ազատության միջազգային օրվա ուղերձում ասված էր. «Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր. Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եւ այդ արժեքը մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ նախորդ տարվա մամուլի ազատության միջազգային օրվա ուղերձում ասված էր. «Սիրելի´ լրագրողներ, գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ: Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է, ու Հայաստանն այն նշում է դրական դինամիկա արաձանագրելով: Ինչպես հայտնի է, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2019 թվականի «Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը 19 կետով առաջընթաց է գրանցել 79-րդ տեղից զբաղեցնելով 61-րդ տեղը: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, լրագրողի աշխատանքը ամենաանշնորհակալներից մեկն է. լրագրողները գտնվում են մշտական սպառնալիքի տակ, մասնագիտական պարտականությունները կատարելիս մշտապես հանդիպում են խոչընդոտների, լրագրողների խոշտանգումները, հետապնդումներն ու սպանությունները սովորական երեւույթ են աշխարհի շատ երկրներում: Սա նշանակում է, որ միայն ամենաքաջ և այս մասնագիտությունն իսկապես արժևորող անհատներն են որոշում լրագրող դառնալ՝ քաջ գիտակցելով, որ ճանապարհը հարթ չի լինելու: Այսպես է ամբողջ աշխարհում և այսպես է Հայաստանում: ԵՎ մեր հասարակությունը պետք է գիտակցի այս փաստը, գնահատի լրագրողի աշխատանքը, քաջալերի և աջակցի նրան: Այսօր, Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ չեմ կարող նաև չբարձրացնել լրագրողների մասնագիտական կարողություններն ամեն օր ու ամեն ժամ կատարելագործելու կարևորության մասին: Մենք պետք է կարողանանք ուղիղ նայել խնդիրներին և ընդունենք, որ Հայաստանում լրագրողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու լուրջ խնդիր կա: Մենք պետք է հասկանանք, որ Ազատ մամուլը զարգացած և բարեկեցիկ երկիր ունենալու թիվ մեկ գրավականն է: Բոլոր միջազգային  զեկույցների համաձայն ամենաազատ մամուլ ունեցող երկրներն են Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Կանադան: Այսինքն, աշխարհի ամենահարուստ և բարեկեցիկ երկրները: ԵՎ եթե մենք ուզում ենք տեղ գրավել այս շարքում, պետք է փոխենք մեր վերաբերմունքը մամուլի և լրագրողների նկատմամբ, պետք է սիրենք և հարգենք լրագրողներին, թույլ տանք նրանց սովորել և կրթվել, լինել ազատ, մտածել քննադատաբար, գործել անաչառ և անկաշկանդ: Շնորհավո´ր Մամուլի ազատության միջազգային օրն ու կեցցե՜ Ազատ մամուլը»:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն