Գեորգի Ավետիսյանի՝ պաշտոններ ստացած ԽԾԲ-ն ու ՍԱՏՄ-ում տեղի ունեցող ապօրինությունները

article-image

ՀՀ Կառավարությանն առընթեր Սննդի անվտանգության տեսչական մարմնի մեր աղբյուրը ուշագրավ տեղեկություններ է փոխանցել այն մասին, թե ինչ ապօրինություններ են տեղի ունենում կառույցում և թե ինչ սկզբունքով են նշանակումներ արվում և պարգևավճարներ բաժանվում:

Իշխանափոխությունից հետո 2018թ. հունիսի 22-ից ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել Գեորգի Ավետիսյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս ոլորտի հետ գրեթե կապ չունի և նրա կառավարման ժամանակ ուղղակի կազմաքանդվում է ռազմավարական նշանակություն ունեցող կառույցը, իսկ ոլորտի հետ կապված որևէ կարևոր գործ չի իրականացրել մինչև օրս: Աղբյուրը նշում է, որ պաշտոնի անցնելուց անմիջապես  հետո Գեորգի Ավետիսյանը սկսել է աշխատանքի տեղավորել իր ծանոթ, բարեկամ, հարևաններին:

Աղբյուրը կառույցում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ մեզ մանրակրկիտ տեղեկություններ է տրամադրել, որոնք ներկայացնում ենք ստորև.

Գեորգի Ավետիսյանի կարգադրությամբ Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիաննա Միրզոյանը, ով Գեորգի Ավետիսյանի մտերիմն է, 2019 թվականի հունվարի 13-ից հունիսի 24-ը գործուղվել է ք. Բոստոն (ԱՄՆ)՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի կողմից կազմակերպվող Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար վարձատրության պահպանմամբ, ինչը նույնպես օրենքի խախտում է, քանի որ դա գործուղում չի համարվում: Այսինքն Դիանա Միրզոյանը Գեորգի Ավետիսյանի գիտությամբ ապօրինի գրեթե 6 ամիս ստացել է աշխատավարձ և վերադառնալուց հետո տեղափոխվել է մասնավոր հատված աշխատանքի:

2018 թվականի օգոստոսի 7-ին  տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել Ռոզա Ավագյանը, ով նույնպես Գեորգի Ավետիսյանի մտերիմն է և աշխատանքի հաճախել է ազատ գրաֆիկով: Կառուցվածքային փոփոխության ժամանակ Ռոզա Ավագյանի համար ստեղծվել է բաժին ու վերջինս նշանակվել է բաժնի պետ:

Ի դեպ Ռոզա Ավագյանը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:

Ինչպես գիտենք սննդամթերքի տեսչական մարմնում գրեթե 2 տարի է տեղի է ունենում վերակազմակերպում, որը այսօր՝ մայիսի 5-ին, կհասնի իր հանգուցալուծմանը:

Հայտնում եմ Ձեզ, որ պաշտոններին նշանակումները կատարվել է նորից նույն սկզբունքով՝ ծանոթ, բարեկամ, հարևան՝ առանց հաշվի առնելու տվյալ պաշտոնների համար պահանջվող կրթությունը, աշխատանքային ստաժը, մասնագիտական գիտելիքները, կոմպետենցիաները, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունները և ղեկավարման շրջանակները:

Գեորգի Ավետիսյանը տեսչական մարմնի նախկին պետ Իշխան Կարապետյանին մեղադրում էր կադրային ջարդ անելու մեջ, բայց տեսչական մարմնի բոլոր չորս պետերի  ժամանակ երբեք այս կարգի ապօրինություններ չեն կատարվել սննդամթերքի տեսչական մարմնում:

Ոլորտի լավագույն մասնագետներին կամ աշխատատանք չի առաջարկվել կամ առաջարկվել է ավելի ցածր պաշտոն, որպեսզի վերջիններս հրաժարվեն ու էլի նշանակվեն իրենց ծանոթ բարեկամները:

Գեորգի Ավետիսյանի ընկերոջ՝ Արսեն Ավետիսյանի համար ստեղծվել է մի նոր արագ արձագանքման բաժին և վերջինս նշանակվել է բաժնի պետ:

Գերոգի Ավետիսյանի ընկեր Լևոն Գուլքանյանը նշանակվել է Երևանի կենտրոնի պետ:

Որակի ապահովման վարչությունում գլխավոր մասնագետի պաշտոնում նշանակվել է Դավիթ Օհանյանը, ով Գեորգի Ավետիսյանի և տեղակալ Գարիկ Սարոյանի մտերիմն է:

«Զվարթնոց» սահմանային հսկիչ կետում որպես առաջատար մասնագետ աշխատում էր Գեորգի Ավետիսյանի ընկեր Արթուր Բարսեղյանը, ով վերջինիս նշանակվելուց հետո գրեթե միշտ ստացել է առանձնահատուկ պարգևատրում, վերակազմակերպումից հետո նշանակվել է Երևան-Զվարթնոց օդանավակայան սահմանային հսկիչ կետի պետ, իսկ նախկին պետին առաջարկվել է ցածր պաշտոն: Արթուր Բարսեղյանի մայրը նույնպես աշխատում է տեսչական մարմնում, ում պաշտոնը բարձրացվել է Գեորգի Ավետիսյանի նշանակումից հետո, ով նույնպես վերանշանակվել է:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ է նշանակվել Մանիկ Երիցյանը, ով հայտնի հանրապետական Սամվել Նիկոյանի եղբոր հարսն է, ով չունի մրցունակ կրթություն և գիտելիքներ և միշտ հակահեղափոխություն է քարոզել հիմնարկում, սակայն վերջին ժամանակահատվածում սկսել է համագործակցել Գեորգի Ավետիսյանի և տեղակալ Գարիկ Սարոյանի հետ և ստանում է միշտ առանձնահատուկ պարգևատրում: Վերջինիս ամուսինն էլ վերանշանակվել է տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետի պաշտոնում:

Վերակազմակերպման արդյունքում ֆինանսատնտեսական վարչության գործունեությունը դադարել է, քանի-որ տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցով, սակայն այդ գործառույթների մի մասը կատարվելու է տեսչական մարմնի միջոցով, որի համար ստեղծվել է բյուջետային գործընթացի պատասխանատուի 2 հաստիք: Ֆինանսատնտեական վարչության աշխատողներից միայն վերանշանակվել է գլխավոր մասնագետ Աղավնի Սարգսյանը, այն էլ տեսչական մարմնի ռիսկի գնահատման (կառավարման) և վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնում, ով փաստացի 2019 թվականի դեկտեմբեր ամսից աշխատում է վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունում և շարունակելու է աշխատել՝ խախտելով պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները և ըստ էության կատարելու է   բյուջետային գործընթացի պատասխանատուների գործառույթները ապօրինի՝ բյուջետային գործընթացի պատասխանատուների փոխարեն, ինչի դիմաց ստանում է միշտ առանձնահատուկ պարգևատրում:

Տեսչական մարմնի հաշվապահական հաշվառման, ֆինանսաբյուջետային գործընթացի կազմակերպման համար ստեղծված 2 նոր հաստիքներում աշխատելու նախապատվությունը ըստ էության պետք է տրվեր ֆինանսատնտեսական վարչության աշխատողներին, քանի որ տարիներ շարունակ այդ գործառույթները կատարել են նրանք, սակայն այդ պաշտոններում նշանակվում են Գեորգի Ավետիսյանի մտերիմ խորհրդականները, քանի որ վերակազմակերպումից հետո խորհրդականների պաշտոններ չկան և պետք է տեղավորվեին մի տեղ: Վերջիններս չունեն համապատասխան կրթություն և փորձ և չեն կատարելու պայմանագրով նախատեսված գործառույթները.

1. Էլվիրա Միրզոյան, ով 2018 թվականի օգոստոսի 29-ին տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել պաշտոնի անձնագրի պահանջների կոպիտ խախտմամբ և տվյալ պաշտոնում աշխատել է մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը: Այնուհետև  ազատվելուց անմիջապես հետո նշանակվել է տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական: Վերջինս ավարտել է Հերացու անվան բժշկական համալսարանը:

2. Տիգրան Գևորգյանը, ով 2019 թվականի փետրվարի 25-ից տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականն էր և ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանը (Գեորգի Ավետիսյանի հարևանն է):

Վերը նշված արդեն նախկին խորհրդականները աշխատանքի են հաճախել նախկինում ազատ գրաֆիկով և բացի աշխատավարձից միշտ ստացել են նաև պարգևատրում:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարոյանը, ով նույնպես Գեորգի Ավետիսյանի մտերիմ ընկերն է և առաջին իսկ օրվանից վայելում է աշխատակազմի հակակրանքը, նախկին իշխանությունների օրոք զբաղեցրել է բարձր պաշտոններ և անմիջականորեն կատարել է կոռուպցիոներ պաշտոնյաների հանձնարարականները:

Տեսչական մարմնում որպես փորձագետ բարձր աշխատավարձով աշխատանքի է ընդունվել նաև Մարիամ Գրիգորյանը, ով Գարիկ Սարոյանի մտերիմն է և կատարել է այնպիսի աշխատանք, որի համար գործել է մի ամբողջ բաժին: Գարիկ Սարոյանը օգտվելով իր բարձր պաշտոնից և անհավասար պայմաններից աշխատակիցների հետ վարվում է ըստ իր քմահաճույքի, իսկ հակառակվողներին առաջարկում է սպիտակ թղթի վրա գրել աշխատանքի ազատման դիմում՝ ամեն անգամ շեշտելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դրան էլ սպասում են, որպեսզի ընդունվեն աշխատանքի:

ՍԱՏՄ-ում Գեորգի Ավետիսյանի պաշտոնավարման ընթացքում անհատական և տարբերակված պարգևատրումներ են ստացել  ղեկավարության մտերիմները՝ հաշվի չառնելով աշխատանքի արդյունավետությունը: Ամեն ամիս գրեթե նույն մարդիկ ստանում են մեկ աշխատավարձի չափով պարգևատրում՝ էլի հաշվի չառնելով կատարված աշխատանքը, այլ ծանոթ, բարեկամ սկզբունքը (Մանիկ Երիցյան, Աղավնի Սարգսյան, Լևոն Գուլքանյան, Արթուր Բարսեղյան, Գայանե Հարությունյան, Անուշ Հարությունյան և այլոք):

Տեղի են ունենում բազմաթիվ այլ ապօրինություններ, որոնք կբացահայտվեն, եթե գոնե պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ իրականացնի, նշում է մեր աղբյուրը:

AntiFake.am-ը փորձեց բարձրաձայնված խնդիրների առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՍԱՏՄ ղեկավարից: Կապ հաստատեցինք Գեորգի Ավետիսյանի օգնականներից ամենայն հավանականությամբ Գայանե Հարությունյանի հետ՝ նշելով, որ ցանկանում ենք մեկնաբանություն ստանալ կառույցում նշանակումների և պարգևատրումների վերաբերյալ, ով նախ պատասխանեց, որ Ավետիսյանը տեղում չէ և խոստացավ կապ ապահովել 1 ժամվա ընթացքում, ապա մեր հաջորդ զանգին ի պատասխան նշեց, որ Ավետիսյանը տեղում չէ և չի վերադառնալու աշխատանքի, չնայած նրան, որ մեր տեղեկությամբ Ավետիսյանն այդ պահին կառույցում էր: Օգնականն առաջարկեց կապվել ՍԱՏՄ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ, ով նշեց, որ Ավետիսյանը զբաղված է, դրա համար չի կարող պատասխանել մեր հարցերին և առաջարկեց գրավոր հարցներն ուղարկել իր ֆեյսբուքյան էջին կամ մեյլին:

ՍԱՏՄ աշխատակիցների հակասական պատասխաններով հավաստվեց, որ ղեկավարը, այնուամենայնիվ, տեղում է, բայց խուսափում է մեզ հետ խոսել մեր նշած հարցերի կապակցությամբ, ինչն առավել քան խոսուն փաստ է կառույցում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

AntiFake.am-ը, այնուամենայնիվ, գրավոր հարցեր կուղարկի Գեորգի Ավետիսյանին և պատասխաններն ստանալուն պես կհրապարակենք դրանք:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն