Փաշինյանը կրկին մանիպուլացրել է պարգևավճարների հարցը. նա «հեղափոխական հարթակից» պարգևավճարներ բաժանելու խոստում չի տվել

article-image

Այսօր՝ մայիսի 6-ին, ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլացրել է պարգևավճարների հարցը:

«Ես էլի ուզում եմ անդրադառնալ պետական ծառայողների և պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը: Ես ուզում եմ կրկին ընդգծել, այո՛, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել, և դա տեղի է ունեցել որովհետև հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան և այդ խոստումը ի կատար է ածվել: Ինչու՞ պարգևավճարների համակարգով և ոչ աշխատավարձերի համակարգով, որովհետև գործող աշխատավարձերի համակարգը, որն այսօր գործում է, իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է և այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում այս ողջ պրոցեսը, որը մենք հիմա իրականացնում ենք դե ֆակտո որպես աշխատավարձ դե յուրե որպես պարգևավճար կտրանսֆորմացնենք ձեր հաստատմամբ և աջակցությամբ որպես աշխատավարձի համակարգ», - ասել է Փաշինյանը:

Այսպես, «հեղափոխական հարթակից» Նիկոլ Փաշինյանը պարգևավճար բաժանելու խոստում չի տվել: Նա խոստացել է բարձրացնել պետական աշխատողների ու ոստիկանների աշխատավարձերը:

 «… պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում՝ իրենց ընտանիքը պահելու համար… », - «հեղափոխական հարթակից» ասել է Փաշինյանը:

Նկատենք, որ «հեղափոխական հարթակից» Փաշինյանի հնչեցրած մտքերի հիմնական «մեսիջն» այն է, որ իրենց ընտանիքները պահելու խնդիր ունեցող անձինք պետք է այնպիսի աշխատավարձ ստանան, որ հավելյալ աշխատանքներ կատարելու խնդրի առջև չկանգնեն: Հետևաբար, բավականին բարձր աշխատավարձով ԱԺ պատգամավորներին, նախարարներին և այլ պաշտոնյաներին ամեն ամիս տրվող ճոխ պարգևավճարներ բաժանելու պրակտիկան ներկայացնել որպես հեղափոխական հարթակից տրված խոստում հերթական փաշինյանական մանիպուլյացիան է:

Մանիպուլյատիվ է նաև պարգևավճար բաժանելու պրակտիկան աշխատավարձերի գործող համակարգի դեֆորմացված լինելու վրա «բարդելը»: Նկատենք, որ իշխանության գալուց հետո Փաշինյանը և իր կուսակիցները բոլոր լծակներն ունենալով միանշանակ կարող էին լուծումներ գտնել իրենց բնութագրմամբ «դեֆորմացված» աշխատավարձերի համակարգի խնդիրները շտկելու ուղղությամբ և ամեն անգամ ստիպված չլինել պարգևավճարը աշխատավարձի քողի տակ ներկայացնելու:

Բացի այդ, ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակմամբ, պարունակելով սուբյեկտիվության տարր, պարգևավճարները իրենց բնույթով աշխատավարձ համարվել չեն կարող, քանի որ պարգևավճարները կարող են փոփոխվել ղեկավարության մտադրությունների համաձայն:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, Փաշինյանը կրկին մանիպուլացրել էր պարգևավճարներ բաժանելու հարցը՝ այն կրկին «հեղափոխական հարթակից» տրված խոստման մեջ ներառելու փորձեր կատարելով:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն