Ժողովրդավարության «առաջնաբեմում» հայտնված Հայաստանի մասին Փաշինյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը

article-image

Մայիսի 6-ին կառավարությունը Ազգային ժողովում էր: Կառավարության անդամները ներկայացնում էին կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հայտարարությունների, անդրադարձավ նաև Հայաստանում ժողովրդավարության դրության և դատական համակարգի խնդիրների մասին:

«Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018թ. մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն: Հայաստանի Հանրապետությունը կայուն ժողովրդավարական պետություն է: ՀՀ-ում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն: Եվ ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը կարող է թողնել անկայունության տպավորություն: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում հաստատված է ժողովրդավարական կայունություն, հաստատված է ժողովրդական և ժողովրդավարական իշխանություն, և Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում:

Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ-ում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որը ի վիճակի լինի խաթարել ՀՀ-ում ժողովրդավարական կայունությունը, որը ի վիճակի լինի Հայաստանում կասկածի տակ դնել 2018թ. տեղի ունեցած  ոչ բռնի, ժողովրդական,  թավշյա հեղափոխությունը: … Հարկ եմ համարում ընդգծել, որ 2019թ. բոլոր միջազգային ժողովրդավարական ինդեքսներում Հայաստանի Հանրապետությունը արձանագրել է տպավորիչ անգամներով աճ՝ միջազգային ժողովրդավարական հանրության հետնախորշերից տեղափոխվելով միջազգային ժողովրդավարական հանրության, թույլ տվեք ասել, առաջնաբեմ»:

Հարկ է նշել, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին և հավաստիացումներին, որ այսօր Հայաստանում առկա է խոսքի ազատության և մամուլի ազատության բարձր մակարդակ՝ այնուամենայնիվ, իրականությունը այլ բանի մասին է խոսում: Այս բարձրագոչ հայտարարությունն անելով՝ Նիկոլ Փաշինյանը մոռանում է 2018թ. մայիսից ի վեր իր և իր թիմի կողմից սանձազերծված պայքարը հենց ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ մամուլի և քաղաքական հակառակորդների դեմ:

Նիկոլ Փաշինյանը պատվով հայտարարում է, որ ժողովրդավարությունը «անգամներով» առաջընթաց է ապրել Հայաստանում՝ հղում կատարելով միջազգային գնահատող ինդեքսներին, այնինչ նախորդ տարիների հետ համեմատությունը այդ մասին բնավ չեն վկայում:

Բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը Հայաստանը համեմատում էր Ֆրանսիայի հետ՝ նշելով, որ երկու պետությունները գտնվում են ժողովրդավարության նույն մակարդակում: Սակայն այստեղ ևս Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում էր փաստերը:

Միջազգային «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության  2019 թվականին հրապարակած տվյալներում Հայաստանը նախորդ տարվա համեմատությամբ շատ քիչ չափով էր աճ գրանցել՝ կազմելով ընդամենը 51 միավոր:

Արդեն իսկ երեկ հրապարակված տվյալների համաձայն, որին կանդրադառնանք ավելի ուշ՝ միջազգային կազմակերպությունը Հայաստանի տալիս է  53 միավոր՝ 2 միավոր ավելի, իսկ Հայաստանը շարունակում է դասվել «կիսով չափ ազատ» (“partly free”) պետությունների շարքը: Կառույցը նշում է նաև ունեցած մի շարք մտահոգությունների մասին:

Ինչպես և կարող ենք համոզվել՝ «անգամային», եթե կուզեք, թռիչքաձև աճ ժողովրդավարության ոլորտում չկա, և «առաջնաբեմում» հայտնված Հայաստանի մասին Փաշինյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարական կայունությունը» և «նախկին ավտորիտար կայունության ֆոնին անկայության տպավորությունը»

Նիկոլ Փաշինյանը ասում է՝ երկրում քաղաքական անկայունությունը նախկին «ավտորիտար կայունության» պատճառով է՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2018թ. մայիսը ավտորիտար վարչակարգ է ունեցել: Հետաքրքիր է. եթե այդ տարիներին Հայաստանը գտնվեր ավտորիտար վարչակարգի տիրապետության տակ, ապա ինչպե՞ս էր հնարավոր Նիկոլ Փաշինյան լրագրողի և քաղաքական գործչի գործունեությունը, ինչպե՞ս կարող էր ավտորիտար պետությունում տարիներ, տասնամյակներ շարունակ թերթ հրապարակել՝ մանիպուլյացիաներ, ծաղր, վիրավորանք և զրպարտություն տարածելով:

Իսկ այսօր Հայաստանը ժողովրդավա՞ր է:

Բազմիցս ենք նշել Հայաստանում իրենց դրսևորող օխլոկրատական և կակիստոկրատական երևույթների, խոսել «հետհեղափոխական» իշխանության կոմպետենտության խնդրի մասին: Ամենօրյա ռեժիմով մամուլի դեմ պայքարելով և լռեցնելով, քաղաքական հակառակորդներին հետապնդումների ենթարկելով, դատական համակարգի նկատմամբ ոտնձգությամբ հանդերձ՝ Հայաստանը, անշուշտ, ժողովրդավարական կայունություն ունի:

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ոչ մի ուժ չի կարող խաթարել ժողովրդավարական կայունությունը, սակայն հենց ինքն է այն գլխավոր վտանգը և մեղավորը Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և անկման համար:

Նիկոլ Փաշինյանը և դատական համակարգը

Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն խնդիրները, որոնք նրանք չեն կարողացել լուծել 2019 թվականին:

«Մենք չենք կարողացել լուծել Հայաստանի Հանրապետությունում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը: Ես ուզում եմ ասել, թե ինչու մենք չենք կարողացել… Որովհետև մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի անկախ դատական համակարգ: Եթե մենք ուզենանք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք, ընդ որում՝ դրա համար 1-2 զանգը, կամ նույնիսկ զանգի բացակայությունը, բավարար կլիներ:

Ո՞րն է եղել 2019թ. մեր ամենամեծ ձախողումը:…»:

Նիկոլ Փաշինյանի խորին համոզմամբ՝ 2019թ.-ի և մինչ օրս շարունակվող իրենց ամենամեծ ձախողումը եղել է «Հայաստանի ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացը»: Այս խնդիրը Փաշինյանը կապում է դատաիրավական համակարգի հետ:

«Այսօր համակարգում կան բարձր պրոֆեսիոնալներ և նվիրյալներ, որոնք ոչ թե լոյալ կամ ոչ լոյալ են որևէ կառավարության կամ իշխանության, նրանք նվիրված են իրենց աշխատանքին»,- ասում է Նիկոլ Փաշինյանը,- «Մեր դատաիրավական համակարգում կան նաև կոռուպցոն համակարգի նվիրյալներ, և կան դավաճաններ, և դա մեզ համար լրջագույն խնդիր է»:

Եվ ինչպես և վերջին ժամանակներում Նիկոլ Փաշինյանն է սիրում, մեջբերում կատարեց Հին Կտակարանից՝ հիշելով Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը, և շնորհակալություն հայտնեց դատաիրավական համակարգի «10 արդարներին»: Նիկոլ Փաշինյանը խոստացավ. «Չնայած կոնկրետ արդյունքներ չկան, ես 100 տոկոսով համոզված եմ, չգիտեմ՝ երբ, ինչ ժամանակացույցով, թույլ տվեք 100 տոկոսով համոզվածություն հայտնել, որ ընթացող քննությունների արդյունքներով ոչ թե 99, այլ 100 տոկոսով կբացահայտվի երկար տարիներ Հայաստանում գոյություն ունեցած կոռուպացված ամբողջ համակարգը»:

Հետաքրքիր է, թե ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «10 նվիրյալները» ինչպես են դասակարգվել որպես այդպիսին. գուցե իշխանությանը նվիրվածությա՞մբ, քրեական գործերի «կարման» պատրաստակամությա՞մբ, Նիկոլ Փաշինյանի իշխանության քրեածին տարրերի քողարկմա՞մբ, թե՞ այլ պատճառով: 

Երկու տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի այդպես էլ չհաջողվեց ապացուցել, թե որն էր ժողովրդից գողացվածը,և կոնկրետ օրինակներով ցույց տալ դրանք: Բացի քաղաքական հակառակորդների դեմ «կարված» գործերից՝ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ ժողովրդին ոչինչ չվերադարձրեց:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am                                                                                        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն