Հայաստանը` կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն. «Freedom House»-ի նոր զեկույցը

article-image

Միջազգային «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019թ. վերաբերող զեկույցը, որը վերնագրվել է «Պետությունները անցումային փուլում. Դեն նետելով ժողովրդավարության դիմակը» (“Nations in Transit. Dropping the Democratic Facade”): Զեկույցը բաղկացած է երկու հատվածից՝ «Nations in Transit» և «Democracy in the World»:

Հետաքրքիր է, որ գործող իշխանության նկատմամբ որոշակի ակնհայտ աչառություն ունեցող կառույցը, որի զեկույցները հիմք են հանդիսանում բազմաթիվ միջազգային կառույցների համար,  չի կարողացել «ցույց տալ» այն «ցայտուն ժողովրդավարությունը», որը պարբերաբար թմբկահարում են իշխող ուժի ներկայացուցիչները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ավելին, զեկույցում ասվում է, որ Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն է:

Մեծամասամբ մեղմ սահմանումներով ներկայացված զեկույցում մենք կարող ենք տեսնել անցնող տարվա ընթացքում իշխանությունների կողմից դատական համակարգի, մամուլի և քաղաքական հակառակորդների ներկայացված ճնշումների ամբողջ հաջորդականությունը:

Պետք է փաստել ևս մեկ ակնհայտ իրողություն. Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացները նկատելի են և հաշվի են առնվում միջազգային և տարբեր գնահատողական ուսումնասիրություններով հանդես եկող կազմակերպությունների կողմից: Հատկանշական է, որ հատկապես դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների արձանագրումը հասկանալի է դարձնում նաև այս հարցում ամերիկյան կողմի դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ, այնուամենայնիվ, «Freedom House» միջազգային գործակալությունը գործում է ԱՄՆ-ում ՝ անուղղակիորեն կրելով նաև այդ ազդեցությունը:

Զեկույցում կարմիր թելի նման գնում է այն համոզմունքը, որ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ առաջնորդներ այլևս չեն ձևացնում, որ խաղում են ժողովրդավարության կանոններով:

Այն դեպքում, երբ հետսառըպատերազմյան ժողովրդավարական կոնսենսուսը ուղի էր հարթել մեծ տերությունների մրցակցությանը և սեփական շահերի հետապնդմանը, այս քաղաքական գործիչները դադարել են թաքնվել ձևական համապատասխանության դիմակի հետևում:

Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող տարածաշրջանում այս փոփոխությունը արագացրել է դատական համակարգի անկախության վրա հարձակումները, քաղաքացիական հասարակության և մամուլի նկատմամբ սպառնալիքները, ընտրական գործընթացներում մանիպուլյացիան և խորհրդարաններից դուրս հանդես գալը, որոնք այլևս չեն արդարացնում իրենց դերը որպես քաղաքական բանավեճի և գործադիր իշխանության վերահսկողության կենտրոն լինելու իրենց դերը: Տարածաշրջանի հակաժողովրդավարական առաջնորդները շարունակում են «հայտարարել» ժողովրդավարության մեծամասնական տարրին՝ պնդելով, որ  նրանք գործում են ժողովրդի կամոք, բայց նրանք այսպես են վարվում՝ արդարացնելու իրենց ձեռքում իշխանության կենտրոնացումը և քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների խախտումների աճը:

Այս զարգացումները հանգեցրել են 29 պետություններում ժողովրդավարության նշանակալից անկմանը, որն արձանագրված է զեկույցում: Այսօր տարածաշրջանում ավելի քիչ ժողովրդավարություններ կան, քան 1995 թվականին, երբ մեկնարկել է կազմակերպության տարեկան զեկույցի հրապարակումը:
 


 

Չնայած առաջնորդների ընտրությանը՝ քաղաքացիների համար ժողովրդավարության ձգտումը դեռևս ուժեղ է մնում: Հայաստանում և Ուկրաինայում խոշոր տրանսֆորմացիաներ են ընթացել, որոնք պայմանավորված են լավ կառավարման համար հասարակության պահանջով, ինչը նախկինում վաստակել է անցումային երկրներում երբևէ արձանագրված ամենամեծ երկամյա բարելավումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այժմ բախվում են սպասումների, վստահության պահպանման և կոռումպացված համակարգերը վերականգնելու դժվար մարտահրավերին՝ առանց խախտելու ժողովրդավարական նորմերը:

Հայաստանում, ինչպես նշվում է զեկույցում, տեղացիները նաև մտահոգություն են հայտնում Ամուլսարի ոսկու հանքի շուրջ, որը գլխացավանք է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով այդ խնդիրը ժառանգել էր «նախկին կոռուպացված վարչակազմից»: Ակտիվիստները ամիսներ շարունակ  արգելափակել են հանքի մուտքը: Նրանք ասում են, որ Փաշինյանը ապացուցելու է, որ նա չի տարբերվում այն առաջնորդներից, որոնց նա փոխարինել է, երբ նա «կանաչ լույս» տա նախագծին:

Զեկույցը, անդրադառնալով նաև հասարակության տարբեր շերտերին, նշում է, որ պետություններում, օրինակ՝ Բալթյան պետություններում, Լեհաստանում, Բուլղարիայում, Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում, ծայրահեղ աջ, բռնի ուժի կողմնակից ծայրահեղականները ավելի լսելի են դարձրել իրենց ձայները: Չնայած այլատյացությամբ աչքի ընկնող այս խմբերը նորություն չեն, նրանք միջպետական համագործակցության նոր մակարդակի են հասել և ավելի մեծ աջակցություն են ստանում ամերիկյան և արևմտաեվրոպական գործընկերների կողմից:

Զեկույցը նաև հետաքրքիր քարտեզ է ներկայացրել՝ բնորոշելով տարածաշրջանի պետությունները՝ հրապարակելով պետությունների ժողովրդավարության մակարդակին համապատասխանող ցուցանիշը.
 

 


 

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի տարածքը ներկված է բաց մանուշակագույնով՝ փաստելով, որ այսօր Հայաստանում գործում է «Կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»: «Freedom House»-ը առանձնացնում է 5 տարատեսակ՝ որոշելու պետությունների ժողովրդավարության ցուցանիշը: Դրանք են՝ «Կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ (1.00-2.00)», «Կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ (2.01-3.00)», «Անցումային կամ հիբրիդային ռեժիմ (3.01-4.00)», «Կիսակոնսոլիդացված ժողովրդավարական ռեժիմ (4.01-5.00)», «Կոնսոլիդացված ժողովրդավարական ռեժիմ (5.01-7.00)»:

Հայաստանը գտնվում է «Կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմների» շարքում: Ինչպես է ներկայացվում այս տերմինի բացատրությունը.

«Պետությունները, որոնք ստանում են այս բնորոշումը, փորձում են քողարկել ավտորիտարիզմը կամ հենվում են ոչ պաշտոնական իշխանական կառույցների վրա՝ սահմանափակ հարգանք ունենալով ժողովրդավարության ինստիտուտների և գործունեության նկատմամբ: Դրանք սովորաբար չեն համապատասխանում էլեկտորալ ժողովրդավարության նույնիսկ նվազագույն չափանիշներին»:
 


 

Հայաստանի վերաբերյալ ժողովրդավարության ցուցանիշների ուսումնասիրության մեջ նշվում է, որ երկիրը շարունակում է այս տարի ևս մնալ որպես «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ», ինչպես և ներկայացված էր նախորդ՝ 2019 թվականի զեկույցում: Միակ տարբերությունը մեկ միավորի աճն է՝ 32-ից բարձրանալով 33-ի:

Առանձին գրաֆիկով ներկայացվում է ուսումնասիրվող յուրաքանչյուր պետության ժողովրդավարության միավորը՝
 


 

Զեկույցում նշվում է, որը ցուցանիշի փոփոխության համար հիմք են ծառայել ընտրական գործընթացներում փոփոխությունները՝ 3.00-ից 3.25-ի, և կոռուպցիայով պայմանավորված բազմաթիվ քրեական գործերի առկայությունը՝ 2.75-ից 3.00-ի չնչին բարձրացումներով:

Պետական համակարգի ժողովրդավարական բնույթի, օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախության, արդյունավետության և հաշվետվողականության ընդհանուր գնահատականը Հայաստանի համար կազմում է 2.50՝ 7.00 միավորից:

Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ այսօր Հայաստանում իշխանության 2 ճյուղերը՝ գործադիր և օրեսդիր իշխանությունները գտնվում են իշխող կուսակցության՝ «Իմ Քայլի» ձեռքի, մինչդեռ իշխանությունները կասկածում են, որ ուժային կառույցները, որոնք են՝ Ազգային Անվտանգության ծառայությունը և դատական համակարգը, շարունակում են հավատարիմ մնալ նախկին ռեժիմի; Ուստի, պետական բոլոր ճյուղերում հիմնավորվելը մնում է իշխող ուժի առաջնահերթությունը:

Զեկույցում նաև նշվում է, որ ներկայիս իշխանությունները պայքարում են Սահմանադրական դատարանի՝ նախկին ռեժիմի կողմից ընտրված դատավորներին հեռացնելու համար: Ազգային ժողովը, ինչպես նաև վերջերս ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը (որը «Իմ Քայլը» դաշինքի մերձավոր դաշնակից է, և ում թեկնածությունը պաշտպանել է դաշինքը) կոչ են արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրաժարական տալ: Թովմասյանի նկատմամբ նաև քրեական հետապնդում է սկսվել: Այս քայլերը հանգեցրին այն նախագծին, որը Սահմանադրական դատարանին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն էր տալիս: Վենետիկի հանձնաժողովը քննադատել է այս նախագիծը՝ պնդելով, որ կենսաթոշակի անցումը պետք է միմիայն կամավոր լինի:

Նշելով մամուլի ազատության մասին՝ զեկույցը նշում է, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ իշխանություններին: Ընդհանուր հաշվով՝ արձանագրվում է որ խմբագրական ազատություն գոյություն չունի:

Զեկույցում արձանագրվում է, որ այսօրվա Ազգային ժողովը կազմավորված է  երեք քաղաքական ուժերից, այնուամենյանիվ ամենաարմատական ընդդիմությունը մնում է խորհրդարանից դուրս:

Մամուլի ազատության, ներառյալ՝ զրպարտությանը վերաբերող օրենքները, լրագրողներին հասցված վիրավորանքները և խմբագրական ազատությունը, ֆինանսապես կենսունակ և ակախ մասնավոր մամուլի և պետական լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ Հայաստանի միավորը 3.00 է՝ 7.00-ից:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում մամուլը խիստ բևեռացված է և բաժանված երկու մասի՝ իշխանական և հակաիշխանական: Զեկույցում, հղում անելով «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ին, նշվում է, որ 2019թ. լրագրողների և մամուլի ներգրավվածությամբ 96 դատական գործեր են արձանագրվել: Այս թիվը նշանակալիորեն ավելի բարձր է, քան նախորդ 2 տարիները միասին վերցրած: Դատական գործերի մեծամասնությունը վերաբերում էր վիրավորանքին և զրպարտությանը: Բացի այդ, ՀԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 4 դեպք, ինչպես նաև մեդիայի և լրագրողների ճնշման 134 դեպք: Լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է 108 անգամ: Այս թվերը անհանգստացնող են, և բացառությամբ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության՝ աճ են ներկայացնում 2018թ. համեմատությամբ:

Զեկույցը հիշատակում է նաև «Փաշինյանի ազգայնական աջակիցների մի խմբի կողմից քննադատաբար հանդես եկող լրատվականի վրա ձվերի նետումը»:

Կազմակերպության «Freedom in the World-2020» բաժնում Հայաստանը դասակարգվում է «կիսով չափ ազատ» պետությունների շարքին: Պետությունը այս տարվա համար ունի 53 միավոր՝ նախորդ տարվա համեմատությամբ 2 միավորով առաջընթաց ունենալով:
 


 

Ուսումնասիրելով միջազգային հեղինակավոր կազմակերպության ներկայացրած Հայաստանի վերաբերյալ զեկույցը, կարող ենք ավելորդ անգամ համոզվել, որ այն, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անվանում է ժողովրդավարություն, իր իսկ կողմից պարտադրվող ավտորիտարիզմի քողարկված ներկայացում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն