
Այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովում Կառավարության 2019թ. գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր մի քանի վայրկյանները ափսոսելով անդրադարձել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ելույթին և ասել. «Ասում ենք մեզ զանգում են էս-էս-էս հարցերով, գալիս եք մեծախոս ձևի, ամբարտավանութամբ ասում եք՝ սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում բան, էս էլ իմ համարը.... համարը ամբիոնից ասում ա: Դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես Լուսավորն է համարս տվել: Մեծ մարդ ես: ...Պարոն Թունյան, որ ամբիոնից սրիկա բան էդ ձևի բառեր եք օգտագործում, ես չեմ ասում իմ վրա եմ վերցնում, էդ բառերը որ ասում եք դա լարվածություն ա առաջացնում, որովհետև մեկը կարա մտածի իրան ես անդրադառնում, մյուսը կարա մտածի էն մյուսին եք անդրադառնում: Մի արեք տենց բաներ»:
Էդմոն Մարուքյանի ելույթն ընդհատեց Սասուն Միքայելյանը` նրան հոպար անվանելով: Միքայելյանին ի պատասխան Մարուքյանն ասաց. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար:...Ես Ձեզ համար հոպար չեմ»:
Այնուհետև Միքայելյանը ցանկանում էր իր դիմաց դրված շիշը վերցնել և հարվածել Մարուքյանին, սակայն Միքայելյանի կողքին նստած Անդրանիկ Քոչարյանը արագ վերցրեց այն:
«Ինչը կցխես է», - Միքայելյանի խոսքին արձագանքեց Մարուքյանը և նրանք միմյանց ընդառաջ գնացին, ինչից հետո Սասուն Միքայելյանը ապտակեց, ապա բռունցքով հարվածեց Մարուքյանին:
Այս ամենից հետո ԱԺ նախագահն ասաց, որ չի կարելի այդպես վարվել, իսկ դահլիճում ներկա պատգամավորները փորձեցին հանդարտեցնել Միքայելյանին և Մարուքյանին, թույլ չտալ պատասխան հարված հասցնել վերջինիս:
Այս ընթացքում իմքայլական երկու պատգամավորներ թիկունքից հարված են հասցրել Մարուքյանին:
Առաջին հարվածը հասցրել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի պետական գնումների քաղաքականության նախկին փորձագետ, վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական, պատգամավոր Արտակ Մանուկյանը: Նա հարված է հասցրել Մարուքյանի գլխին, ինչից հետո մյուս պատգամավորները նրան մի կողմ են տարել:
Այնուհետև Մարուքյանը մեկ այլ հարված է ստացել: Երկրորդ հարվածը նրան հասցրել է պատգամավոր Վահե Ղալումյանը: Նա հետևից հարձակվել է Մարուքյանի վրա և երկու ձեռքերով սեղմել է նրա գլուխը:
Հիշեցնենք, որ վերջինս հանդիսանում է Փաշինյանի մանկության ընկեր և կնքահայր, Իջևան համայնքի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի եղբայրը:
Ուշագրավ է, որ թե՛ Վահե Ղալումյանը, թե՛ Արտակ Մանուկյանը հերքել են, որ հարվածել են Մարուքյանին: Դա նաև հերքել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Սակայն, թե՛ Վահե Ղալումյանը, թե՛ Արտակ Մանուկյանը, թե՛ Ալեն Սիմոնյանը ստում են:
Տեղեկացնենք, որ խորհրդարանում է գտնվել բռնությունը ներհայաստանյան կյանքում բացառելու կոչեր անող վարչապետ Փաշինյանը:
«Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն»,- ամիսներ առաջ գրել է Փաշինյանը:
Փաստենք, որ ոչ թե իրենց արժանիքների, այլ բացառապես Փաշինյանի հետ կապեր ունենալու շնորհիվ պատգամավոր դարձածները ոչ միայն արհամարհում են Փաշինյանի բռնությունը բացառելու և բռնություն չկիրառելու կոչերը, այլև, անգամ չեն սթափվում իրենց առաջնորդի ներկայությունից ու թիկունքից հարվածներ են հասցնում իրենց գործընկերոջը:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր՝ AntiFake.am
Հոդվածի ռուսերեն տարբերակը: