
Այսօր՝ մայիսի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին կարդում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական՝ primeminister.am կայքում տեղադրված պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ»։
Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նրա աշխատակազմը, փաստորեն, չգիտեն, որ մայիսի 9-ը Հայրենական մեծ պատերազմի ավարտի և հաղթանակի օրն է (Մեծ հաղթանակ), ոչ թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և հաղթանակի օրը։
Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը համարվում է սեպտեմբերի 2-ը, և այդ օրն էլ նշվում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օր։
Այսպես, 1945թ. օգոստոսի 8-ին ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ օգոստոսի 9-ից պատերազմ է սկսում Ճապոնիայի դեմ: Խորհրդային զորքերն անցան հարձակման Հեռավոր Արևելքում կենտրոնացված 1 միլիոնանոց Կվանտունյան բանակի դեմ: Սեպտեմբերի 2-ին Ճապոնիան կապիտուլացվեց, և հենց այս օրն էլ նշանավորվում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ և տոնվում որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օր։
Այս տարվանից Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը նշվելու է սեպտեմբերի 3-ին՝ այս տարվա ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված օրենքով կատարված փոփոխության համաձայն։
Վարչապետի աշխատակազմի կողմից այսքանով խայտառակությունը չի սահմանափակվել։ Նույն մամլո հաղորդագրությունում այնուհետև նշվում է, որ «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներ»։
Որից հետո տեղադրված է ՌԴ նախագահի ու ՌԴ կառավարության նախագահի ուղերձները։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում նշված է.
Հարգելի Նիկոլ Վովայի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի բոլոր քաղաքացիներին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։…։»
«Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.
Հարգելի Նիկոլ Վովայի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։...»:
Ինչպես տեսնում ենք, ՌԴ նախագահը և ՌԴ կառավարության ղեկավարը Հայաստանի վարչապետին շնորհավորել են ոչ թե «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ», ինչպես նշվում է ՀՀ վարչապետի մամլո հաղորդագրության մեջ, այլ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ»։
Փաստորեն վարչապետի աշխատակազմի աշխատողներն իրենց անգրագիտությունը տարածել են նաև ՌԴ ղեկավարության հղած պաշտոնական ուղերձների վրա՝ խեղաթյուրված և սխալ ներկայացնելով դրանք։
Նույն սխալները կարելի էր գտնել նաև մամլո հաղորդագրության ռուսերեն և անգլերեն տարբերակներում։
Որոշ ժամանակ անց մամլո հաղորդագրության վերնագիրը և տեքստը փոփոխվել են։ Սակայն, ցավալիորեն, ուղղումներն արվել են ոչ ամբողջությամբ և մինչ այս պահը շարունակվում է խայտառակությունը։
Մասնավորապես, մամլո հաղորդագրության վերնագիրը՝ «ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ», փոխարինվել է՝ «ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ» տարբերակով։
Բովանդակության մեջ էլ կատարվել է նույնանման փոփոխություն.
Հին տարբերակ՝ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ»։
Նոր տարբերակ՝ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ»։
Սակայն պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ առ այս պահը շարունակվում է սխալ ներկայացվել ՌԴ նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի շնորհավորական ուղերձներին վերաբերվող հատվածը, իբրև վերջիններս Հայաստանի վարչապետին շնորհավորել են Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ ամյակի առթիվ։
Սխալները նույնությամբ պահպանվում են մամլո հաղորդագրության ռուսերեն և անգլերեն տարբերակներում։
Բացի վերը նշված մամլո հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը նույն սխալն արել է իր՝ հայ ժողովրդին ուղղված պաշտոնական ուղերձում: Ուղերձը վերնագրված էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ», ինչն այս պահին արդեն ուղղվել է:
Այս ուղերձը տարածվել է ՀՀ ԱԳՆ-ի և մի շարք դեսպանատների պաշտոնական ֆեյսբուքյան էջերում և նրանցից որևէ մեկը չի նկատել տարածվող խայտառակ սխալը: Մինչ այս պահը՝ վարչապետի պաշտոնական կայքում սխալն ուղղելուց հետո, ՀՀ ԱԳՆ-ի և դեսպանատների տարածած հաղորդագրություններում շարունակում է պահպանվել ուղերձի սխալ տարբերակը։
Սխալն առ այս պահը պահպանվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։
Այսպիսով, հերթական անգամ գործ ունենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատմության չիմացության և նրա աշխատակազմի խայտառակ դիլետանտիզմի, ոչ պրոֆեսիոնալիզմի, անգրագիտության հետ, ինչն այս անգամ դրսևորվում է պաշտոնական մամլո հաղորդագրություններում՝ առնչվելով նաև այլ պետությունների ղեկավարներին և նրանց պաշտոնական ուղերձների հետ։
Հոդվածի ռուսերեն տարբերակը:
Աղբյուր՝ AntiFake.am