Ինչպես «դեղին խմբագրից» դարձա «դեղին վարչապետ». հատվածներ Փաշինյանի՝ բանտում գրված «Իմ պայքարը» գրքից

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ անդամ Դավիթ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի պատմություն ապագայից՝ ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ բանտում գրված «Իմ պայքարը» գրքից հատվածներ։ Պատմությունը ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ.

«Նախ՝ ասեմ, թե իմ պատկերացմամբ ինչ է նշանակում «դեղին մամուլ»: Դեղին մամուլը այն լրատվամիջոցն է, որն ապրում է կեղտի մեջ և զբաղված է կեղտ վաճառելով: Իմ խմբագրած «Հայկական ժամանակ» թերթը մասնագիտացել էր այս գործում, և ես ինձ առանձնապես վատ չէի զգում նման դերակատարման մեջ: Նախ, որ ըմբոստ խառնվածք եմ և երկրորդ՝ նշված ծառայությունների դիմաց վատ գին չէին տալիս: Շատերն, իհարկե, չէին կռահում, որ ճռճռան ու գեղեցիկ բառերը դեղին հոսքերը իրական նպատակները քողարկելու միջոց էին: Ի՞նչ արած, դա նրանց մեղքն է, ես ինչ կարող եմ անել, եթե մարդիկ իրենք իրենց մոլորության մեջ գցելու հատուկ շնորհք ունեն: Հետո, երբ եկա խորհրդարան, սկսեցի զբաղվել քաղաքական ընդդիմադիր գործունեությամբ, իմ «կատաղած» թերթը իմ զենքն էր, իմ ուժը: Շատերը սկսեցին զգուշանալ, նույնիսկ, վախենալ… Հատկապես վախենալ, երևի չէին կարդացել արաբ մեծ գրող Խալիլ Ջեբրանի «Խրտվիլակը» նովելը, որում մարգարեն հարցնում է խրտվիլակին՝ «Լսիր, ես հասկանում եմ գյուղացուն, որը քեզ կանգնեցրել է իր այգում՝ թռչուններին վախեցնելու և իր բերքը պաշտպանելու համար: Ես նաև հասկանում եմ անխելք թռչուններին և կենդանիներին, որոնք չեն հասկանում, որ դու դատարկ բան ես, բայց ես չեմ հասկանում քեզ, որ համաձայնում ես քեզնից ոչինչ չներկայացնելով առավոտից իրիկուն այստեղ կանգնած մնալ»: Եվ խրթվիլակը ուշադիր լսելուց հետո պատասխանում է՝ «Դու ճիշտ ես, դա իրոք այդպես է, բայց ի՞նչ կարևոր է, կարևորն այն է, որ ինձնից վախենում են»:

Եթե ինձ լուրջ ընդունեին, հավանբար քայլարշավս սկսելուց Գյումրի-Երևան ճանապարհի ուղիղ 10-րդ կմ հատվածում ականջիցս բռնած կհասցնեին Նուբարաշենի մեկուսարան: Հանրապետության հրապարակում ի զարմանս ինձ, հենց տեղում, ստեղծվեց իմ «միֆը»: Ես բնականաբար չխանգարեցի այս «միֆաստեղծությանը», որովհետև այդպես շատ ավելի հեշտ կլիներ ամբոխին կառավարելը: Միտինգի հարթակից ես իհարկե տեսնում էի նաև նրանց, ովքեր «դմփ, դմփ, հու…» չեն անում: Անգամ, երբ ես իմ ձայնալարերի ողջ հզորությամբ բղավում էի՝ «ժողովուրդը՛, ժողովուրդի մեծամասնությունը՛…»: Նրանք ինձ անասելի վտանգավոր թվացին, նրանք երևի գիտեին, որ «ժողովուրդ» սիրունիկ և թմբլիկ բառը դեռ քիչ բան է նշանակում և գուցե տեղյակ էին նաև այն ճշմարտությանը, որ «եթե անգամ հազար կամ միլիոն ճանճ հավաքվի քաքի վրա, դա չի նշանակում, թե քաքը համով է», ես տեսա նրանց ու ինքս ինձ ասացի՝ «Նիկոլը ձեր հարցով հետո կզբաղվի…»։

Վարչապետի կաբինտից երկիրը երևաց այլ գույներով, ես տեսա պետության իրական ներուժը, հասկացա, թե ինչու էին իմ նախորդները հատկապես այդպես վարվել: Ինչ խոսք, գտնվեցին մարդիկ, որ ասացին՝ «երիտասա՛րդ, մերժելն ու քանդելը շատ մեծ բան չի, դու սկսիր կառուցելուց և հաստատելուց, իսկ հինն ու անպետքը կանհետանա ինքնաբերաբար: Մարդկությունը քո նման մերժող քանդարարների շատ է տեսել»:

Այստեղ հավանաբար ճակատագրական եղավ իմ վատ դաստիարակությունը և իհարկե՝ իմ մարդկային թունավոր խառնվածքը: Ահա, թե ինչու իմ շուրջը այդպես արագ ձևավորվեց «երիտքանդարարների» բանակը, որը հետագայում սկսեց ինձ հետ «քայլելու» դիմաց ավար պահանջել: Բայց դա ամենասարսափելին չէր, ամենածանրն այն էր, թե ի վերջո ի՞նչ եմ ասելու ժողովուրդ-ամբոխիս, երբ այսքան շռայլ են եղել խոստումներս: Դե եթե չես կարող դա անել, ստիպված պետք է մեղքերը բարդես նախորդների վրա և շարունակես «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, վնգստացողներին հալածելու» հանրային պարզունակ պրոֆիլակտիկան: Ես էլ գիտեի, որ նախորդները հետ չեն գալու, դա չէ խնդիրը, բայց ահա նրանց «պիտանի ու թանկարժեք ուրվականից» հրաժարվելը կատարյալ ապուշություն կլիներ: Հասկանում ե՞ք, պետք էր ժամանակ շահել: Բայց, ավա՜ղ սա գեներացվեց և ջրում նետված քարի ստեղծած օղակների պես մեծացավ: Ոմանք ասացին, որ ես քաջ ու սկզբունքային գործիչ եմ, արդարության մարտիկ, ոմանք էլ՝ վատ դաստիարակված, չափի զգացում չունեցող, կողավոր անձնավորություն, որը խաղում է հանրության վատորակ հույզերի վրա: Եղան մարդիկ, որոնք ինձ անվանեցին ապաշնորհ ավանտյուրիստ և ժուլիկ: Իսկ առավել խորատես և պետականասեր մարդիկ արձանգրեցին՝ ես այդպես էլ չեմ աճում, հասունանում, «դեղին խմբագրից» չեմ վերածվում պետական մարդու: Հիմա նստած մտածում եմ՝ իսկ ո՞վ ասաց, որտե՞ղ է գրված, թե ես պարտավոր եմ պետական այր դառնալ: Սակայն այն էլ նկատեմ, որ ինքս էլ զգում էի, որ ասես քայլում եմ մի թունելով, որի ծայրին այդպես էլ լույս չի նշմարվում: Ըստ իմ կարդացած գրքերի՝ լույսը պիտի լիներ, ինչու՞ այս դեպքում չկա: Ի՞նչ անեմ, նստեմ նորից լու՞յս նկարեմ. երևում է «կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք ապահով Հայաստանում» հովվերգականն այլևս չի ներգործում: Տեսա շփոթված ու տարակուսած դեմքեր սկզբնական փուլում ինձ աջակցողների շրջանում, բայց մերժելու և քարուքանդ անելու իմ տենդն ու կիրքն այնքան մեծ էր, որ դրա գայթակղությունից հրաժարվելու ոչ տեղ էր մնացել, ոչ էլ ժամանակ: Եվ այն էլ գիտեի, որ ինչպես «Մարիոթ» հյուրանոցում ես նախագահ Սարգսյանին ասացի՝ «Դուք այլևս չեք տիրապետում իրավիճակին և պետք է հեռանաք», այդպես էլ հիմա մեկ ուրիշը կհայտնվի և նույնը կասի ինձ: Պետք է խոստովանեմ նաև, որ իմ մեջ սոսկալի վախեր կային բոլոր նրանց հանդեպ, որոնք իմ հրահանգներով բանտերում էին: Իսկ ավելի անկեղծ լինելու դեպքում կարող եմ ասել՝ ես պարզապես հիվանդ եմ, որովհետև չեմ կարողանում մարսել անցյալը: Անցյալն ինքնին վատ բան չէ, եթե իմաստավորում, գիտակցում և մարսում ես այն: Ճիշտ և ճիշտ սնունդի պես. կերար, մարսվեց, դարձավ արյուն ու էներգիա: Մի՞թե որևէ մեկը մտածում է այս մասին: Բայց եթե սնունդը չմարսվեց, դառնում է սրտխառնոց, այրոցք և այլն: Երբ մենք չենք մարսում անցյալը, անցյալն է մեզ կառավարում, և հիմա ես այս փորձանքի մեջ եմ: Ինձ կառավարում է անցյալը, իմ վախերը և վրեժխնդիր լինելու մոլեգին ծարավը: Ես դեռ ոչինչ, բայց չէ՞ որ մի հսկա համակարգ է դարձել այս ամենի պատանդը: Ամբոխն ուզում էր միայն իմ ուսերին դնել պատասխանատվությունը, հիմա էլ թող բարի լինի հանդուրժել իմ քմահաճույքները: Իմ, ինչպես շատերն են ասում՝ հակահիգենիկ, տեղի անտեղի լայվերը բավարար են նրանց շարունակ անմիտ բաներով կերակրելու համար: Անգիտակից ամբոխն արդեն քանի հազարամյակ է այդպես էլ չի հասկանում, որ երբ իբր «խորամանկորեն» պատասխանատվության ողջ բեռը դնում է առաջնորդի ուսերին, հենց նույն պահին նրան է հանձնում նաև իր ազատությունը: Իսկ այն, որ ամբոխը ինքն իր ներսում քայքայվում ու ջլատվում է, արդեն իմ պրոբլեմը չի, նույնիսկ լավ է, դա թույլ է տալիս խաղալ մարդկանց մոլորությունների և հիմարության վրա:

Ցավում եմ, բայց մեծ պայքարը նաև զոհեր է ունենում: Առանց դրա չի լինում: Իսկ մարդիկ անվերջ զոհեր տալով միամտաբար կշարունակեն վիճել նույն հարցի շուրջ՝ ինչպիսի՞ն պետք է լինի լավ իշխանությունը, մոռանալով դարերով փորձություն բռնած այն պարզ ճշմարտությունը, որ «եթե հազար գայլ հավաքվեն իրար գլխի ու խոստանան, թե վերջ, այսուհետ հիանալի բաներ են անելու մարդկանց համար, ասել է թե՝ միայն խոտ են ուտելու, միևնույն է, դրանից նրանք չեն դադարի գայլ լինել»:

Ահա, թե ինչու Ազգային Ժողովում ես ինձ բնորոշ դեմագոգիկ ձևերով տեր կանգնեցի իմ «գայլերից» մեկին, երբ նա «չափալախել» էր ընդիմադիր գործընկերոջը: Երևում է ջրերը զուլալվում են և պարզ է դառնում, որ ես պետք է ամենալավը կերակրեմ հատկապես իմ «գայլերին», որովհետև նրանց մի մասը իմ հույսն ու հենարանն են, մյուսները՝ իմ տրանսպորտը դեպի ապագա: Իսկ ամբոխը, ինչպես Ջեբրանի նովելում էր ասվում` «քանի դեռ վախենում է խրտվիլակից, թող վախենա»:

Դեղին խմբագրից դեղին վարչապետ դարցած մարդու աշխարհն այսպիսին է: Ի վերջո, հենց սա է իշխանության իսկական ֆենոմենը: Ու քանի դեռ Նուբարաշենի մեկուսարանի այս խցում եմ, որտեղ մի քանի ամիս առաջ մեկուսացված էր երկրի մեկ այլ առաջնորդ, պետք է փորձեմ հասկանալ, թե պայքարի խանդավառ օրերին, «հեղափոխական արժեքներ» հռչակելու երանավետ պահերին հրապարակում կանգնած մարդկանցից ոմանք, ի վերջո, ի՞նչու համառորեն չէին անում «դը՛մփ, դը՛մփ, հուու՜...»:»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն