ԱՄՆ դեսպանատունը և ՄԶԳ հայաստանյան գրասենյակը բացահայտ կերպով մանիպուլացնում են «Freedom House»-ի զեկույցը

article-image

Երեկ՝ մայիսի 11-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակը (US AID) իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել, որտեղ «արձանագրում էր» Հայաստանի աննախադեպ հաջողությունը ժողովրդավարության կայացման հարցում՝ այն ներկայացնելով 2018թ. ապրիլմայիսյան իրադարձությունների թվագրության լուսանկարով:

Հրապարակման մեջ նշված է. «Հայաստանն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների ցանկում։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը տպավորիչ առաջխաղացում է արձանագրել ընտրական գործընթացներում և կոռուպցիայի վերահսկման գործում:
ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակում է աջակցել կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին՝ մշակելու և իրականացնելու դեմոկրատական բարեփոխումներ։
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Հայաստանին՝ ունենալու ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ և շարունակում է նպաստել ընտրական ինստիտուտների ամրապնդմանը, աջակցել ընտրական օրենսգրքի բարեփոխմանը:
Ունենալով մեր հայ գործընկերների՝ կոռուպցիան արմատախիլ անելու հանձնառաությունը՝ նպաստում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի զարգացմանը։
Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների մեծ շրջանակի՝ տեղեկացնելու, ներգրավելու և քաղաքացիներին զինելու անհրաժեշտ գիտելիքներով՝ դառնալու երկրի ժողովրդավարական ապագայի ակտիվ մասնակիցներ»:

Սույն գրառմամբ կիսվել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ նշելով, որ «պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»:

Այս հրապարակումները առնվազն զարմանալի են, քանի որ այս տարի հրապարակված զեկույցում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին համարել է այն միակ պետությունը, որտեղ գործում է «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ» (“Semi-Consolidated Authoritarian Regime”)

Մի քանի կետով անդրադառնանք հրապարակման մանիպուլյացիոն բովանդակությանը.

Հայաստանում ամերիկյան ներկայացուցչությունները նշում են, որ «Հայաստանն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների ցանկում։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը տպավորիչ առաջխաղացում է արձանագրել ընտրական գործընթացներում և կոռուպցիայի վերահսկման գործում»:

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում ժողովրդավարության ցուցանիշը 33 է՝ 100 (ամենաբարձր) միավորից: Սա էլ այն դեպքում, երբ տվյալ ցուցանիշը ընդամենը մեկ միավորով է աճ գրանցել՝ ի համեմատություն նախորդ տարվա, որի դեպքում ցուցանիշը եղել է 32 միավոր:
 


 

Ինչպես նշեցինք վերևում, Հայաստանը գնահատվել է որպես «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն»:

Քարտեզում նման պետություն միայն մեկն է, և այդ մեկ պետությունը Հայաստանն է:
 


 

Կառույցների ներկայացրած «անցումային ժողովրդավարությանը» քարտեզում համապատասխանում են մուգ դեղին գույնով նշված պետությունները՝ թվով 10 պետություն: Իսկ Հայաստանը դասվում է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետությունների շարքում:

Հրապարակման հաջորդ հատվածը. «Ըստ զեկույցի՝ Հայաստանը տպավորիչ առաջխաղացում է արձանագրել ընտրական գործընթացներում և կոռուպցիայի վերահսկման գործում»:

Այստեղ դարձյալ գործ ունենք ցուցանիշների և միավորների համեմատության հետ:

Համաձայն Freedom House-ի զեկույցի՝ այս տարվա համար ցուցանիշի փոփոխության համար հիմք են ծառայել ընտրական գործընթացներում փոփոխությունները՝ 3.00-ից 3.25-ի՝ 7 միավորանոց սանդղակով , և կոռուպցիայով պայմանավորված բազմաթիվ քրեական գործերի առկայությունը՝ 2.75-ից 3.00-ի չնչին բարձրացումներով:

Կարծում ենք, որ 0.25 միավորով ցուցանիշների բարձրացումը այդքան էլ չի համապատասխանում ԱՄՆ հայաստանյան ներկայացուցչությունների արձանագրած «տպավորիչ առաջխաղացման» գնահատականներին:

Հարկ է նշել, որ ժողովրդավարության առաջամարտիկ հանդիսացող Միացյալ Նահանգների հայաստանյան ներկայացուցչությունները կողմնակալ կերպով «մոռացել են» հիշատակել այն, որ Հայաստանը շարունակում է մնալ կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն, որ այն նաև շարունակում է մնալ «կիսով չափ ազատ» պետությունների շարքում, իսկ «անցումային պետություն» տերմինը դեռ չի նշանակում, որ խոսքը «անցումային ժողովրդավարության» մասին է, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանը շարունակում է դասվել «կիսակոնսոլիդացված ավտորիտար պետությունների» շարքում:

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները նաև արձանագրվել են հենց զեկույցում, ինչը չնկատելը չափազանց բարդ է, այնինչ պետք է հաշվի առնել զեկույցի առավել խնդրահարույց հատվածները համապատասխան հետևություններ անելու համար:

Կարծում ենք, որ նման հրապարակման համար հիմք է ծառայել զեկույցում տեղ գտած այն հատվածը, որտեղ զեկույցի հեղինակները նշում են, որ «Հայաստանում և Ուկրաինայում խոշոր տրանսֆորմացիաներ են ընթացել, որոնք պայմանավորված են լավ կառավարման համար հասարակության պահանջով, ինչը նախկինում վաստակել է անցումային երկրներում երբևէ արձանագրված ամենամեծ երկամյա բարելավումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այժմ բախվում են սպասումների, վստահության պահպանման և կոռումպացված համակարգերը վերականգնելու դժվար մարտահրավերին՝ առանց խախտելու ժողովրդավարական նորմերը»:

Նույնիսկ եթե հաշվի առնենք վերջին 5 տարիների ընթացքում միջազգային կազմակերպության կողմից Հայաստանին տրվող ժողովրդավարության միավորի տատանումները, կնկատենք, որ 2015 թվականից ի վեր Հայաստանի ցուցանիշը բարձրացել է ընդամենը 0.36 միավորով՝ 2.64 (2015) – 3.00 (2020):

Ի դեպ, վերջին բարելավումը տեղի է ունեցել ընդամենը 0.07 միավորով, այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին, Հայաստանում ԱՄՆ ներկայացուցչությունները իրենց հերթին թմբկահարում են Հայաստանում ժողովրդավարության «աննախադեպ» առաջընթացը:

Հետաքրքիր է, որ այս տարվա զեկույցը իշխանական և մերձիշխանական շրջանակներում այդքան էլ մեծ տարածում չգտավ և «սենսացիոն» չորակվեց՝ ի տարբերություն նախորդ տարվա հրապարակումների, և այս առումով էլ հետաքրքիր է դեռևս մայիսի 6-ին հրապարակված զեկույցին մեկշաբաթյա ընդմիջումով «ցնծագին» անդրադարձը:

Պետք է փաստել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչությունը բացահայտ մանիպուլյացիոն և պրոպագանդիսատական հրապարակումներ են տարածել՝ անտեսելով Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա մեծ խնդիրները, որոնք առավելապես և հանգամանալից ներկայացված են Freedom House-ի զեկույցում:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն