Փողերը՝ յուրայիններին. 90.000 դոլարի պետական գնում Արմեն Մարտիրոսյանի «Անտարես» ընկերությունից 2020-ին

article-image

2020 թվականի ընթացքում պետական գնումների համակարգում շարունակվում է ակտիվորեն կիրառվել «պետբյուջեի փողերը՝ յուրայիններին» սկզբունքը։ Այս առումով նախորդ տարվա ամենաաղմկահարույց դեպքը կապված էր իշխանական շրջանակների հետ մերձ կապեր ունեցող և այս իշխանության որոշ ներկայացուցիչների հետ նախկինում որոշակի քաղաքական ուղի անցած Արմեն Մարտիրոսյանին պատկանող «Անտարես» հրատարակչության հետ։

2020 թվականի ընթացքում, փաստորեն, մեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող պրակտիկան շարունակվում է նշված ընկերության հետ։ Այս տարի պետական կառույցները արդեն իսկ շուրջ 44.4 միլիոն դրամի պետական գնում են արել Մարտիրոսյանին պատկանող ընկերությունից, որը համարժեք է ավելի քան 90 հազար ԱՄՆ դոլարին։ Այս մասին տեղեկանում ենք պետական գնումների armeps.am պաշտոնական տեղեկատվական համակարգից։

Առաջին գնումն արել է Վարչապետի աշխատակազմը փետրվարի 12-ին: Աշխատակազմը ձեռք է բերել տպագրական աշխատանքներիր կարիքների համար։ Գնումը կատարվել է գնանշման հարցմամբ՝ 399.648 դրամով։

Հաջորդ գնումը ընկերությունից կատարել է Պաշտպանության նախարարությունը մարտի 9-ին՝ 43.798.800 դրամով։ Գնումը կապված է «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» ամսագրի հրատարակման ծառայությունների հետ։ Գնումը դարձյալ գնանշման հարցմամբ է կատարվել։

Մյուս գնումը կատարել է Առողջապահության նախարարությունը մարտի 27-ին։ Նախարարությանն «Անտարես» ՍՊԸ-ն մեկ անձից գնման ընթացակարգով մատուցել է ներկայացուցչական ծառայություններ՝ 6000 դրամի շրջանակներում։

4-րդ գնումն էլ մեկ անձից գնման ընթացակարգով կատարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը 180.000 դրամի գրենական պիտույքներ է ձեռք բերել ընկերությունից։

Հիշեցնենք, որ 2016 թվականից մինչ օրս «Անտարեսից» պետական մարմինները շուրջ 182 միլիոն դրամի պետական գնումներ են արել, որից ավելի քան 179 միլիոն դրամի գնումներն արվել են 2018 թվականից մինչ օրս։ 

Ընդհանուր առմամբ` ընկերության հետ կնքվել է 23 պետական գնման պայմանագիր 12 պետական կառույցների հետ։ 

Շուրջ 28.5 միլիոն դրամի ձեռքբերումը (16 պայմանագիր) ընկերությունից արվել է մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ 49 միլիոն դրամի ձեռքբերումը (1 պայմանագիր) հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։

Նկատենք՝ մեկ անձից և հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով պետական գնումները ոլորտի մասնագետների կողմից բազմիցս քննադատված երևույթ է և ասոցացվում է կոռուպցիայի հետ։

Սակայն պետական մարմինների հետ խոշոր մեկ/հրատապ մեկ անձից գնումներն ու համագործակցությունը նշված ընկերության հետ կոռուպցիոն ռիսկերի միակ դրսևորումը չէ։

Արմեն Մարտիրոսյանը, որը հանդիսանում է «Անտարես» ՍՊ ընկերության տնօրենը, բացի ակտիվ հեղափոխական լինելուց, իշխանական ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վաղեմի ընկերն ու մտերիմն է։ Նա ոչ միայն ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլ-մայիսյան իշխանափոխության գործընթացին, այլ նաև մասնակցել է դատարանների շենքերի շրջափակմանը։ Նրա ընկերությունն է իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հրատակությունը։ Իսկ նախորդ էլ տարի հենց նրան էր վստահվել Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզերից մեկի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» նախադասության տպագրությունն ու Հայաստանի տարբեր հատվածներում փակցնելը, որի համար հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով պետական բյուջեի միջոցներից «Անտարես»-ին հատկացվել էր 49 միլիոն դրամ։

Եվ չնայած բազմաթիվ քննադատություններին, փաստորեն, կոռուպցիոն ռիսկեր պարունակող համագործակցությունը շարունակվում է նաև այս տարի և իշխանության յուրայինները շարունակում են մնալ պետական գնումների առաջնային մատակարարներ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Աղբյուր՝ AntiFake.am


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն