Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի հակասական հայտարարությունների հետքերով. Ո՞ր պաշտոնյան է ստում և մանիպուլացնում դեպքերը

article-image

Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների միջև ծավալվող իրադարձություններն են, որոնց վերաբերյալ «կրքերը» չեն հանդարտվում։ Այդ ամենին նպաստում են նաև նշված խմբակցությունների ներկայացուցիչների կողմից արվող հակասական և մանիպուլյատիվ հայտարարությունները։

Ապրիլի 28-ին՝ Սիմոնյան-Մարուքյան հայտնի հայհոյախառն «լեզվակռվից» առաջ, Ալեն Սիմոնյանն իր ելույթում հիշել էր 2018թ․ ապրիլի 16-ն ու բառացիորեն ասել հետևյալը․«Ես իմ ընկերների հետ այստեղ, ու շատերը մահանալուց պրծանք, ես ձեզ գրում էի, ես գրում էի «Ելք» խմբակցության խմբի մեջ, գրում էի, ասում էի՝ խնդրում եմ դուրս եկեք փողոց՝ իմ համար չէ, դուրս եկեք երևանցիների համար, ու ձեզանից որևիցե մեկը դուրս չեկավ․․․»։

Մայիսի 13-ին էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ապրիլի 28-ին արված հայտարարություններին և հայտնել, որ Ալեն Սիմոնյանի հետ բանավեճը սկսվել է նրանից, երբ ԱԺ փոխխոսնակը հայտարարել է, թե հեղափոխության ժամանակ մարդկանց փողոցներում ծեծելիս են եղել, նա (Ալեն Սիմոնյանը) sms (հաղորդագրություն) է գրել իրենց, իրենցից ինչ-որ մեկին, և իրենք դուրս չեն եկել շենքից։ «Ես վրդովվել եմ էդ ստի համար և տեղից գոռացել եմ, որ սուտ ես խոսում, որից հետո նա վիրավորել է տիկին Սամսոնյանին, որից հետո վիրավորել է ինձ, որից հետո ես արձագանքել եմ հայտնի խոսքը ասելով, որը չեմ կրկնի այստեղ»,- նշել է Մարուքյանը։

Ճեպազրույցի ավարտից հետո ԱԺ միջանցքում Ալեն Սիմոնյանը մոտեցել է Մարուքյանին և հեռախոսով ցուցադրել է «Ելք» դաշինքի ֆեյսբուքյանի էջում 2018թ․ ապրիլի 16-ին արված այն հրապարակումը, որտեղ նա դաշինքի անդամներին կոչ է արել դուրս գալ փողոց իբրև հասարակ քաղաքացի: 

«Ամսի 16-ին իմ դեմ բռնություն է եղել, ամսի 16-ին մեր վրա գռանատ են շպրտել, ես վիրավորվել եմ։ Չեք եկել ու չեք արձագանքել»,- ասել է Սիմոնյանը։

«Դուք սուտ եք ասում։ Բռնություն է եղել, մենք եկել ենք։ «Ազատություն» ռադիոկայանի կադրերը նայեք»,- Սիմոնյանին հակադարձել է Մարուքյանը։

Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին և նշել«Ոչ մեկ հետևից չի խփել, տեսանյութ կա»։

Տեղի ունեցած դեպքից հետո, ի հակադրություն Ալեն Սիմոնյանի հայտարարությունների, Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել։


 

Ի հակադրություն Էդմոն Մարուքյանի հրապարակած տեսանյութի էլ՝ Ալեն Սիմոնյանը նախ հրապարակել է «ԵԼՔ» դաշինքի խմբում արված այն հրապարակումը, որի մասին նա հիշատակում է, և գրել «Ահա այն խնդրանքը, որով ես դիմում էի Ելք խմբի անդամներին, որ իրենք դուրս գան փողոց և կանգնեն մեր կողքին, իրանք նախընտրեցին գալ հիվանդանոցներ արդեն, երբ վիրավորներ կային: Իսկ Մարուքյանը ասում էր, որ սա սուտ է և նման բան չի եղել»։

 

Այնուհետև, Սիմոնյանը կիսվել է տեսանյութով, որով կրկին փորձել է հակադրվել Մարուքյանին։ Տեսանյութին կից Ալեն Սիմոնյանը գրել է․ «Տեսա, թե ինչպես է Մարուքյանը հերթական անգամ խեղաթյուրում իրականությունը և արդարանում, թե իբր ես սա չեմ ասել, իսկ ասելիս` սա եմ նկատի ունեցել: Եվ հիմա տեսանյութ է տարածում, ուր հպարտանալով ասում է, որ հեղափոխության 17-րդ օրն ինքը եկել է մարդկանց մոտ, երբ մեզ արդեն ծեծել էին, տրաքացրել էին, տարել էին հիվանդանոց, և մենք արդեն դուրս էինք գրվել: Իսկ Սերժ Սարգսյանն արդեն ընտրվել էր: Նույնիսկ այսօր չհասկանալով, որ ես այդ գրառումը, որի գոյությունն ինքը հերքում էր, նրա համար էր, որ ինքը գա, միանա մարդկանց Երևանի փողոցներում, այլ ոչ թե Սերժի մասին Ազգային ժողովում խոսելուց և կառուցողական ընդդիմության տեսիլք ստեղծելուց հետո: Ես այլևս ցանկություն չունեմ անդրադառնալու Էդմոն Մարուքյանին, կարծում եմ մարդիկ ևս այս ամենից հոգնել են: Եվ եկել է ժամանակն առաջ անցնելու»։
 

Դիտարկում 1: Ապրիլի 28-ի ելույթում Ալեն Սիմոնյանը նշել է․ «Ես ձեզ գրում էի, ես գրում էի «Ելք» խմբակցության խմբի մեջ, գրում էի, ասում էի՝ խնդրում եմ դուրս եկեք փողոց՝ իմ համար չէ, դուրս եկեք երևանցիների համար, ու ձեզանից որևիցե մեկը դուրս չեկավ»:

Ալեն Սիմոնյանի կողմից հանրայնացված գրառումից պարզ է դարձել, որ նա իր գործընկերներին կոչ է արել փողոց դուրս գալ ոչ թե երևանցիների համար, այլ որպես երևանցի, որպես ավագանի՝ նշելով, որ վերջիններիս փողոց դուրս գալը կարող է կուսակցական դիրքորոշում չլինել: Ուստի այս դեպքում Ալեն Սիմոնյանը մանիպուլյատիվ կերպով է ներկայացրել իր գրառումը:

Ընդգծված մեջբերումից հասկանալի չէ, թե արդյո՞ք «Ելք» խմբակցության խմբում արված կոչից բացի Ալեն Սիմոնյանը որևէ այլ խմբում կամ անհատական զրույցներում դիմել է ԼՀԿ անդամներին երևանցիների համար փողոց դուրս գալու կոչով և մերժում ստացել, ուստի այս կապակցությամբ միանշանակ պնդումներ անել չենք կարող:  Այլ հարց է, որ «Ելք» խմբակցության խմբում այդ գրառումը դիտել է 3 հոգի, որոնք հնարավոր է, որ չեն եղել «ԼՀԿ»-ից, և այդ պատճառով էլ վերջիններս տեղեկացված չեն եղել Սիմոնյանի գրառումից և Սիմոնյանի պնդումները՝ հաղորդագրություն գրելու վերաբերյալ սուտ են որակել:

Դիտարկում 2: Մայիսի 13-ին ԱԺ միջանցքում Մարուքյանի հետ բանավեճի ընթացքում Սիմոնյանը նշել է. «Ամսի 16-ին իմ դեմ բռնություն է եղել, ամսի 16-ին մեր վրա գռանատ են շպրտել, ես վիրավորվել եմ։ Չեք եկել ու չեք արձագանքել»:

Ինչ վերաբերվում է կոնկրետ ապրիլի 16-ին, ապա այդ օրը, երբ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց և որոշ քաղաքացիներ վիրավորումներ ստացան, ԼՀԿ ներկայացուցիչները արձագանքել են, դուրս են եկել փողոց և այցելել են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին, ինչի մասին փաստում են Մարուքյանի կողմից հրապարակված կադրերը: Ուստի այս առնչությամբ Ալեն Սիմոնյանը ստել է:

Դիտարկում 3: Մայիսի 13-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է, որ ԱԺ փոխխոսնակը հայտարարել է, թե հեղափոխության ժամանակ մարդկանց փողոցներում ծեծելիս են եղել, Ալեն Սիմոնյանը sms է գրել իրենց, իրենցից ինչ-որ մեկին, և իրենք դուրս չեն եկել շենքից:

Նկատենք, որ ապրիլի 28-ի ելույթում Ալեն Սիմոնյանը փողոցում մարդկանց ծեծելու մասին չի խոսել, այլ նշել է, որ նա և իր ընկերները մահանալուց են պրծել:

Դիտարկում 4: Մայիսի 13-ին ԱԺ միջանցքում բանավեճի ժամանակ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին և նշել․ «Ոչ մեկ հետևից չի խփել, տեսանյութ կա»։

Այս դեպքում կրկին Ալեն Սիմոնյանը ստել է, քանի որ առկա տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը թիկունքից հարվածում Մարուքյանին:

Դիտարկում 5: 2020թ․ մայիսի 13-ին Մարուքյանը նշել է. «Նիկոլ Փաշինյանի հետ ես պայմանավորվել եմ, որ եթե բռնություն կկիրառվի, մենք դուրս կգանք»: Նույնպիսի տեքստ Մարուքյանը նաև ասել է 2018թ. ապրիլի 16-ին, երբ դուրս էր եկել փողոց. «Մեր բոլոր տեսքտերը ուժի մեջ են: Մենք ասել ենք, որ եթե բռնություն լինի, էստեղ ենք լինելու՝ էստեղ ենք»:

Ստացվում է, որ ի սկզբանե Մարուքյանը շեշտել է, որ փողոց է դուրս գալու բռնության կիրառման պարագայում, ինչն էլ կատարել է։ Այս ամենն էլ շահարկվում է Սիմոնյանի կողմից, ով գրել է. «Եվ հիմա տեսանյութ է տարածում, ուր հպարտանալով ասում է, որ հեղափոխության 17-րդ օրն ինքը եկել է մարդկանց մոտ, երբ մեզ արդեն ծեծել էին, տրաքացրել էին, տարել էին հիվանդանոց, և մենք արդեն դուրս էինք գրվել»: Եվս մեկ անգամ նկատենք, որ Մարուքյանը փողոց էր դուրս գալու բռնության կիրառումից հետո:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ալեն Սիմոնյանը չի ստում՝ ասելով, որ «Ելք» խմբակցության խմբում նա իր գործընկերներին փողոց դուրս գալու կոչ է արել (այլ խնդիր է այդ գրառման յուրովի մեկնաբանությունը Սիմոնյանի կողմից): Սակայն Ալեն Սիմոնյանը ստել է «բանավեճի» հիմնաքար հանդիսացող հարցի շուրջ, քանի որ առկա փաստերի համաձայն՝ Մարուքյանը 2018թ. ապրիլի 16-ին իր գործընկերների հետ արձագանքել է տեղի ունեցող իրադարձություններին և դուրս է եկել փողոց՝ նշելով, որ համաձայն իրենց պայմանավորվածությունների՝ նրանք դուրս են գալու բռնությունների պարագայում: Բռնության կիրառումից հետո փողոց դուրս գալն էլ շահարկվում է Սիմոնյանի կողմից, ով ցանկանում էր իր գործընկերներին փողոցում տեսնել նախքան բռնությունների արձանագրումը: Իսկ ինչ վերաբերվում է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ապա այս պարագայում Ալեն Սիմոնյանը ակնհայտորեն ստում է, քանի որ ինչպես կարելի է տեսնել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերից, պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը թիկունքից հարվածել են Էդմոն Մարուքյանին:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am


Կարդացե՛ք նաև՝

ԱԺ ծեծկռտուքի հետքերով. պատգամավորները հերքում են, որ հարվածել են Մարուքյանին, սակայն կադրերը փաստում են հակառակը (ՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ալեն Սիմոնյանը ստում է. Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը եղել է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ալեն Սիմոնյանը ստում է. Արթուր Իսպիրյանը բռնության չի ենթարկվել
«Fake news»-ից անընդհատ բողոքող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կեղծիք է տարածում իր ֆեյսբուքյան էջում
Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիաները ֆեյքերի, լրատվամիջոցների գործունեության, իշխանությանն ուղղված քննադատությունների մասին
Ալեն Սիմոնյանը ստում է՝ հայտարարելով, որ ԿԸՀ-ն զրոյական նշանակություն ունի ընտրական գործընթացում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն