Ի՞նչ հետևություններ անել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցից

article-image

Երեկ՝ մայիսի 14-ին, ՀՀ արտգործնախարարությունը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի միջև։

«Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին ԼՂ խաղաղ գործընթացին: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին». ասված է հայտարարության մեջ։

Համաձայն ապրիլի 21-ին հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության՝«...Նրանք նաև դիտարկել են Լեռնային Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը՝ համաձայն 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևում թողարկված իրենց համատեղ հայտարարության»։

Հաջորդ քայլը. այս դեպքում ինչ է ենթադրում 2020թ. հունվարի 30-ի հայտարարությունը։

Հայտարարության մեջ ասվում է. «Եռօրյա քննարկումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են հետևյալ օրակարգային հարցեր՚ 2019թ. քննարկված համաձայնությունների և առաջարկների իրականացումը, ապագա կարգավորման հիմքը ձևավորող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության հասնելու փոխզիջման ոգու և ստեղծարարության անհրաժեշտությունը»:

Այս հայտարարությունից հերթական անգամ կարող ենք անել եզրակացություններ, որ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում կա հստակ օրակարգ, քննարկվում են հստակ սկզբունքներ և տարրեր: Կա կարգավորման գործընթաց, որին հավատարիմ են մնում կողմերը, և որի ժամանակացույցը և օրակարգը քննարկվում է նաև հիմա:

Պետք է նշել, որ նման օրակարգը այսօր հետևողականորեն հերքվում է հայկական իշխանությունների կողմից՝ չնայած դրա ակնհայտ առկայությանը: Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից հետ հայկական իշխանությունները փորձում են հերքել բանակցվող օրակարգի առկայությունը, առավել ևս Լավրովի կողմից մատնանշվող փաթեթի շրջանակներում, սակայն այս ամենը առավել քան ապացուցում է այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական կողմի դիրքորոշումը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն