Թորոսյանը ստել է, ապա խոստովանել. դիմակներ չկրելու կոչը պայմանավորված է եղել դիմակների դեֆիցիտով, այլ ոչ թե դրանց անօգտակարությամբ

article-image

Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ պաշտոնատար անձանց կողմից եղել են մի շարք իրարամերժ և հակասական հայտարարություններ: Նման հակասական հայտարարություններից մեկն էլ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններն են դիմակ չկրելու, այնուհետև՝ դիմակ կրելու վերաբերյալ:

Այսպես, կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում Թորոսյանը մշտապես հայտարարել է, որ բժշկական դիմակներ կրելու իմաստ և անհրաժեշտություն չկա, առավել ևս՝ ինքնաշեն դիմակներ կրելու: «Ոչ պատշաճ նյութերից պատրաստված դիմակները վտանգավոր են՝ դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները, թե՛ փոշին, թե՛ միկրոօրգանիզմները: ...Սովորական դիմակները շնչելիս վիրուսից չեն պաշտպանում: Վիրուսը շատ ավելի փոքր է, քան այդ դիմակների մեջ եղած անցքերը: ... Սովորական բժշկական դիմակ կրելու իմաստ չկա, եթե վարակակիր կամ բուժաշխատող չես»,- ասել էր նախարարը:

Իր այս հայտարարություններից որոշ ժամանակ անց էլ Թորոսյանը հանդես էր եկել դիմակ կրելու կոչով, այդ թվում նաև խրախուսելով ինքնաշեն դիմակների կրումը: «Այս հիվանդությունը փոխանցվում է տարբեր մակերեսների ձեռքով վերցնելու և ձեռքը քթին, բերանին կամ աչքերին հպելու պատճառով։ Դիմակները այստեղ ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու, այլ հիմնականում օգնում են, որպեսզի մենք մեր ձեռքը պատահաբար, անգիտակցորեն չմոտեցնենք մեր շուրթերին կամ քթին, աչքերին»,- ասել էր Թորոսյանը:

Ստացվում է, որ դիմակ կրելու իմաստ և անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա:

Ավելին, համաձայն պարետի որոշման՝ դիմակ կրելը հանրային բաց տարածքներում և որոշ փակ տարածքներում պարտադիր է լինելու: Դիմակ կրելու պարտադիր պահանջն էլ հիմնավորվել է նախարար Թորոսյանի կողմից, ով դիմակ կրելու էֆեկտիվության ապացուցված օրինակների մասին խոսել է մայիսի 15-ին կայացած հարցազրույցի ընթացքում: «Եթե խոսքը հասարակական տրանսպորտում կամ որևէ փակ վայրում դիմակ կրելուն է վերաբերում, դիմակը պաշտպանում է շատ մոտ շնչելուց և ամենակարևորը՝ ձեռքերը բերանին, քթին և աչքերին հպելուց»,- ասել է նախարարը:

Սա դեռ ամենը չէ: Նույն հարցազրույցի ընթացքում Արսեն Թորոսյանն «անկեղծորեն» նշել է, թե ինչու է դիմակ չկրելու կոչ արել և ասել. «Առաջին կոչն արվել է այն ժամանակաշրջանում, երբ կար դիմակների մեծ դեֆիցիտ ամբողջ աշխարհում, այնպիսի դեֆիցիտ, որ բուժաշխատողները պարզապես զրկված էին դիմակներից։ Իհարկե, մեզ մոտ չի եղել գեթ 1 օր, որ բուժհաստատություններում դիմակ չլինի, սակայն մենք եղել ենք մազի վրա, մենք օր ենք ունեցել, որ ընդամենը 1000 դիմակ ենք ունեցել, պատկերացրեք 1000 դիմակը ոչինչ է, բայց մենք հասցրել ենք մատակարարումը։ Այդ կոչերը միտված են եղել դիմակների ճշգրիտ հասցեատերերին հասնելու տրամաբանությունից, որպեսզի դիմակը պարզապես չօգտագործվի քաղաքացու կողմից, սակայն դրա պատճառով բժիշկը, որ տասնապատիկ ավելի մեծ ռիսկի տակ է, չկարողանա դիմակ կրել: ... եթե հիմա ինձ ընտրության առաջ դնեն, ասեն ունես 10 դիմակ, կտաս 10 սովորական քաղաքացո՞ւ, թե՞ բուժաշխատողի, պատասխանը միշտ լինելու է 10 բուժաշխատողի, բայց քանի որ մենք ունենք հասանելիություն դիմակների և խնդիր ունենք տարածումը մեր նոր կենսակերպի շնորհիվ կանխելու, ապա այո՛, դիմակ կրելու պարտադիր պահանջը շատ կարևոր է»:

Փաստենք, որ ոչ մի իրավագիտակից քաղաքացի չի կարող մտածել, թե ընդհանրապես և առավել ևս` պանդեմիայի պայմաններում բուժաշխատողները չպետք է լինեն առավել պաշտպանված, իսկ բուժհաստատությունները չպետք է զինված լինեն բոլոր անհրաժեշտ միջոցներով: Ընդհակառակը՝ դա բժշկական տեսանկյունից յուրաքանչուրիս անվտանգության գրավականներից մեկն է:

Սակայն չգիտակցել, որ նույն բուժաշխատողները վարակվելու վտանգի (հիշենք բուժաշխատողների վարակման դեպքերը) և գերծանրաբեռնվածության տակ են հայտնվելու պաշտպանական միջոցներ չկիրառած և վարակակիր հանդիսացող մեծաթիվ քաղաքացիների առկայության պարագայում, որ պաշտպանական միջոցների չկիրառման հետևանքով երկրում օր օրի գրանցվելու են վարակման նոր դեպքեր, որն իր հերթին հանգեցնելու է ճգնաժամի խորացման, ու այդ ամենով հանդերձ` քաղաքացիներին համապատասխան պաշտպանական միջոցներ կիրառելու կոչեր չանելը և դիմակ կրելը անիմաստ համարելը, «սովորական» քաղաքացիներին դիմակ կրելու հասցեատեր չհամարելը ուղղակի ոչ պրոֆեսոնալ մոտեցում է առողջապահության ոլորտի թիվ մեկ պատասխանատուի կողմից: Ոչ ոք նաև չի հերքում այն հանգամանքը, որ աշխարհում և Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում եղել է դիմակների դեֆիցիտ: Տվյալ պարագայում փրկօղակ կարող էր հանդիսանալ երկրի ներսում դիմակների արտադրության հիմնումը (հիշենք, որ նախարարը նման կոչ արել էր, և այդ կոչը անարձագանք չէր մնացել) կամ սահմանված նորմերի պահպանմամբ ինքնաշեն դիմակների պատրաստումն ու կրումը:

Ուստի ստացվում է, որ առկա խնդիրներին համակարգային լուծումներ գտնելու և բժիշկներին ու քաղաքացիներին համապատասխան միջոցերով ապահովելու և հնարավոր դեպքերը իր բոլոր բացասական հետևանքներով կանխելու փոխարեն` երկրի առողջապահության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն ուղղակիորեն ստել է՝ ասելով, թե դիմակներ կրելու իմաստ և անհրաժեշտություն չկա ու հետագայում նոր խոստովանել, որ այդ ամենը պայմանավորված է եղել դիմակների դեֆիցիտով:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն