Այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Ինչպես նախորդ անգամները, այս անգամ ևս վարչապետը աչքի է ընկել իրեն ուղղված հարցերի պատասխաններում հնչեցվող ստերի «գերդոզավորմամբ»:
Մասնավորապես, լրագրողներից մեկը հարցրել է. «Դուք ձեր վերջին լայվում հայտարարեցիք, որ հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում ու ըստ էության թագավարակի տարածման համար մեղադրեցիք քաղաքացիներին՝ այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման նախնական շրջանում հայտարարում էիք` կորոնավիրուսն ու՞մ շունն է, պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք...պարոն վարչապետ, ինչու՞ է ժողովուրդը միշտ մեղավոր»:
Լրագրողի հարցին ի պատասխան` Փաշինյանն ասել է. «Ես նախ չեմ հիշում, որ պինցետով հանելու և արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել: Գուցե այլ շրջանում ա հնչել էդ հայտարարությունը»:
Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը կրկին ՍՏՈՒՄ Է, քանի որ կորոնավիրուսի` Հայաստան ներթափանցմանը զուգահեռ` նա տարատեսակ «հումորային» հայտարարություններով անլրջացրել է ստեղծված իրավիճակը, այնուհետև ինքն էլ եկել այն գիտակցմանը, որ խուճապային տրամադրությունները չափից շատ են կանխվել:
Ինչ վերաբերվում է «կորոնավիրուսը պինցետով հանելուն և տնական արաղով դեզինֆեկցիա անելուն», ապա այս մասին Փաշինյանը հայտարարել է մարտի 12-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ: Հիշեցնենք, որ նշված ժամանակահատվածում երկրում կորոնավիրուսով հաստատման դեպքեր արդեն կային, և Փաշինյանը կորոնավիրուսի վտանգը անլրջացնում էր ոչ միայն «պինցետով քաշելով ու դեզինֆեկցիա անելով», այլ նաև քարոզարշավ իրականացնելով: Այդ հայտարարություններն անելիս, ինչպես Փաշինյանն է նշել, նկատի է ունեցել պետական համակարգի օրգանիզմը քայքայողներին, սակայն նշված համատեքստը չի հերքում Փաշինյանի անլուրջ վերաբերմունքը կորոնավիրուսային իրավիճակի նկատմամբ և նրա՝ այդպիսի արտահայտություն անելու փաստը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր՝ AntiFake.am