
Այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին, որի ընթացքում հնչեցրել է մի շարք կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններ։
Փաշինյանը 85-րդ փաստով ներկայացրել է. «2019 թվականին Հայաստանում ապօրինի անտառհատման և որսագողության դեպքերը ակնհայտ նվազել են, որի արդյունքում մարդկանց և տեխնիկայի մուտքը անտառներ ավելի հազվադեպ կամ ավելի քիչ է դարձել։ Արդյունքում կենդանիների համար կերային բազայի առկայությունը մեծացավ։ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում կովկասյան ընձառյուծի հայտնվելը կարող է արդյունք լինել թվարկված դրական գործոնների և կերային շղթայի վերականգնման։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում այստեղ տեսել են 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով 4-րդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում»,-նշել է Փաշինյանը։
Ավելի վաղ՝ մայիսի 7-ին, վարչապետ Փաշինյանը այդ կապակցությամբ գրառում էր կատարել և շնորհավորել բոլորին: «Տեսախցիկը ապացուցեց Իջեւանի անտառներում կովկասյան ընձառյուծի ներկայությունը։ Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել էր Փաշինյանը:
Կովկասյան ընձառյուծի Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում հայտնվելուն Փաշինյանը նաև անդրադարձել է ԱԺ ամբիոնից՝ մայիսի 8-ի ելույթում: «2019թ. ընթացքում Երրորդ հանրապետության պատմության մեջ եղել է նվազագույն ծառահատումը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ թվում և Տավուշի մարզում: 2020թ. մայիսին արձանագրվել է, բայց դե ֆակտո դա տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերին՝ կովկասյան ընձառյուծը 1970թ. հետո առաջին անգամ երևացել է իմ հայրենի Տավուշի մարզում և իմ պապենական գյուղ Ենոքավանի տարածքում: Ես սա շատ լավ սիմվոլ եմ համարում և շատ ուրախալի իրադարձություն»,- ասել է Փաշինյանը:
Տեղեկացնենք, որ մայիսի 10-ին Վայրի բնության հիմնադրամը (WWF) Facebook-յան էջում տեղեկացրել էր, որ WWF-ի փորձագետներն ընձառյուծի նախշերը համեմատել են վերջին տարիներին Հայաստանում լուսանկարված մյուս ընձառյուծների հետ և պարզել, որ նույն կենդանին նկարվել է նաև FPWC-ի տեսախցիկներով 2018-2019 թվականներին Արարատի և Վայոց ձորի մարզերում:
«Մեր ընձառյուծը սիրում է ճամփորդել։ Ենթադրաբար, նա, 2019-ի աշնանը հատելով երկրի կեսը, հարավային Հայաստանից եկել հասել է Իջևանի լեռներ»,- գրված է WWF հրապարակման մեջ։
Փաստենք, որ հիմնվելով տեսախցիկների արձանագրությունների վրա` կարելի է պնդել, որ Իջևանի անտառներում ֆիքսվել է կովկասյան ընձառյուծի ներկայությունը, որը ինչպես նախկինում է գտնվել այլ անտառներում և եկել-հասել է Տավուշի մարզ, նույն հաջողությամբ էլ հաջորդ օրերի և շաբաթների ընթացքում կարող է հայտնվել այլ մարզերում։ Եվ դա ուղղակի կապել անտառահատման ցածր ցուցանիշների հետ պարզապես հնարավոր չէ, և բացակայում է պատճառահետևանքային կապը։ Հետևաբար՝ ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելն ու դա որպես ներկայիս կառավարության ձեռքբերում ներկայացնելը մանիպուլյատիվ է:
Նկատենք նաև, որ մեր վերևում արված պնդումն արդեն իսկ հիմնավոր նախադրյալներ ունի, քանի որ մայիսի 13-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի և ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում և հիմնվելով WWF-ի փորձագետների հետազոտության վրա` կարող ենք ենթադրել, որ խոսքը կարող է լինել նույն ընձառյուծի մասին:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Աղբյուր՝ AntiFake.am