Փաշինյանը մանիպուլացրել է ՀՀ-ի վերաբերյալ միջազգային զեկույցների ցուցանիշները, իսկ բացասական գնահատականները՝ թաքցրել

article-image

Այսօր արդեն ավանդույթ դարձած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հերթական «100 փաստը Նոր Հայաստանի մասին»։ Այս անգամ նույնպես հարցերի շրջանակը լայն էր։

Փաշինյանը, ինչպես և միշտ, անդրադարձավ միջազգային ասպարեզում Հայաստանի գրանցած նոր ցուցանիշներին։ Մասնավորապես, դրան էր նվիրված փաստերի տրցակի 68-76-րդ կետերը.

«68. Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է միանգամից 17 հորիզոնականով՝ առաջ անցնելով հարևան բոլոր երկրներից: Նախորդ զեկույցում զբաղեցրած 103-րդ տեղից Հայաստանը հայտնվել է 86-րդ տեղում։

69. «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած ամենամյա «Ժողովրդավարություն 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է ժողովրդավարության ոլորտում ամենախոշոր առաջընթաց արձանագրած 4 երկրների շարքում։ Զեկույցում ներկայացված 6 ինդեքսներից 5-ում Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, գրանցել է զգալի առաջընթաց՝ բարելավելով իր դիրքերը։

70. Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Անցյալ տարվա համեմատ՝ Հայաստանի դիրքը բարելավվել է 13 հորիզոնականով։

71. Ըստ Բերտելսմանի տրանսֆորմացիայի 2020 թվականի ցուցիչի՝ Հայաստանն առաջընթաց է արձանագրել սահմանված բոլոր 3 չափորոշիչներով՝ մասնավորապես, 38 հորիզոնականով բարելավել է դիրքերը քաղաքական, 4 հորիզոնականով՝ տնտեսական և 30 հորիզոնականով՝ կառավարման չափորոշիչներում: Հայաստանը քաղաքական տրանսֆորմացիայի մասով աշխարհում 34-րդն է, տնտեսական տրանսֆորմացիայով՝ 43-րդը և կառավարման ցուցիչով՝ 55-րդը:

72. «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2 միավորով բարելավել է իր ցուցանիշը և, ստանալով 53 միավոր, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում։ Նույն կառույցի կողմից հրապարակվող «Անցումային երկրներ 2020» զեկույցի համաձայն՝ վերջին 2 տարիներին Հայաստանը գրանցել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենամեծ երկամյա ցուցանիշը։

73. «Բիզնեսի համար լավագույն եվրոպական երկրներ 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը համարվել է ամենամեծ առաջընթաց գրանցած երկրներից մեկը և 6 հորիզոնականով բարելավել իր դիրքերը՝ զբաղեցնելով 33-րդ հորիզոնականը։

74. «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր դիրքերը, 2018 թվականի վերլուծության համեմատ, բարելավել է 7 միավորով ու 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը։

75. Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի և «Ազատության բարոմետր ինդեքսի» հեղինակների կողմից հրապարակված «Մարդու իրավունքների ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 578 միավորից բարձրացրել է իր միավորը մինչև 610 և հայտնվել 37-րդ հորիզոնականում։

76. «Freedom Barometer 2019»-ի տվյալներով՝ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, իր դիրքերը բարելավել է 7.21 միավորով և, ստանալով 60.14 միավոր, 45 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 37-րդ հորիզոնականի փոխարեն։ Զեկույցում արձանագրված է, որ 2019 թվականին փոքրաթիվ երկրների է հաջողվել առաջընթաց արձանագրել օրենքի գերակայության ապահովման հարցում, և Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան դրա վառ օրինակներն են»:

Նիկոլ Փաշինյանը, այս ցուցանիշները թվարկելով, շեշտեց, որ այս սանդղակներում Հայաստանը հայտնվել է, քանի որ իրենց «ստարտը» սկսվել է` բարձրանալով աղյուսակների 90-100-110-րդ հորիզոնականներից:

Այն, որ վերոնշյալ վարկանիշային ցուցակներում Հայաստանը սանդղակային առաջընթաց ունի, ճիշտ է, սակայն կարևորը այն է, թե ինչ է թաքցնում այստեղ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով միայն տվյալ զեկույցների դրական կողմերի մասին:

1. Բերտելսմանի հիմնադրամը, հրապարակելով հանդերձ Հայաստանի բարելաված ցուցանիշները, որոնք վերաբերում են 2017 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019թ. հունվարի 31-ին, նշում է, որ «նոր կառավարությունը ստիպված  է բավարարել այն քաղաքացիների սպասելիքները և պահանջները, որոնք ցանկանում են կառուցել իրական ժողովրդավարություն և բարելավել իրենց կենսապայմանները: Չնայած «գլխապտույտ» էյֆորիան արդեն իսկ անցել է, փոփոխությունները շարունակվում են, քանի որ Հայաստանը շարունակում է ենթարկվել ռիսկային տրանսֆորմացիայի»:

Այստեղ հարկ է նշել, որ վերոնշյալ զեկույցը հնացած է ավելի քան մեկ տարով, և մենք անհամբեր կսպասենք 2022 թվականին հրապարակվելիք հաջորդ զեկույցի գնահատականներին:

2. «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի մասին վերջերս շատ է խոսվում: Բանն այն է, որ կառույցը շարունակում է Հայաստանին համարել «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ» ունեցող պետություն: Իսկ ժողովրդավարության աստիճանը որոշող միավորը ընդամենը մեկով է ավելի նախորդ տարում գրանցած ցուցանիշից (32-ից դառնալով 33՝ 100 միավորանոց սանդղակով):

Սակայն Նիկոլ Փաշինյանը այս իմաստով չի շտապում հայտարարություններ անել և նշել, որ զեկույցում, չնայած այն մի միավորով բարձրացրել է Հայաստանի ցուցանիշը, տեղ են գտել ներկայիս իշխանությունների օրոք իրականացված բոլոր անօրինականությունները և իրավական ու դատական համակարգի վրա ճնշումները: Այս առումով Նիկոլ Փաշինյանը որդեգրել է ԱՄՆ դեսպանատան քաղաքականությունը, որը, մանիպուլյացիոն գործիքակազմ կիրառելով, չնչին աստիճանային բարձրացումները ներկայացնում է որպես մեծ առաջընթաց: Նիկոլ Փաշինյանի համար մեծ նշանակություն ունի 1 թիվը, սակայն զեկույցի բովանդակությունը, ինչպես և մյուս դեպքերում, նրան ցանկալի չեն, և ըստ այդմ՝ չեն բարձրաձայնվելու:

Նիկոլ Փաշինյանը իհարկե նաև թաքցրեց հանրությունից, որ նույն զեկույցն արձանագրել է, որ Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն է։

3. Անհրաժեշտ է նշել, որ “European Chamber” կոչվող միջազգային կազմակերպությունը (NGO) իր զեկույցների համար հիմք է ընդունում “Transparency International” կազմակերպության կողմից գնահատված կոռուպցիայի ընկալման ինդեքսը՝ համապատասխան վարկանիշավորում անելու համար: Հաշվի առնելով այն փաստը, որ “Transparency International” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը գործուն դեր է խաղում Հայաստանում այսօրվա կառավարության և օրենսդիր մարմնի աշխատանքներում, կառույցն ունի մի շարք պատգամավորներ Ազգային ժողովում և ներկայացուցիչներ գործադիր իշխանության մարմիններում` չենք կարող համարել, որ այս զեկույցի հիմքում կարող են ընկած լինել օբյեկտիվ գնահատականներ:

4. «Freedom Barometer 2019» զեկույցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է` զեկույցը արձանագրել է, որ Հայաստանը այն փոքրաթիվ երկրներից է, որին հաջողվել է առաջընթաց գրանցել օրենքի գերակայության ոլորտում:

Այնուամենայնիվ, զեկույցի «Օրենքի գերակայություն» բաժնում ասվում է. «Հայաստանում դատական համակարգը առերեսվում է բազմաթիվ մարտահրավերների, որոնք վտանգում են դրա անկախությունը: Մեծ ազդեցություն կա իշխանության գործադիր ճյուղի կամ շահագրգիռ կողմերի կողմից կոռուպցիայի կամ քաղաքական ճնշման միջոցով քաղաքականապես զգայուն դատական գործերի և ֆինանսական բնույթ ունեցող գործերի նկատմամբ: Քրեական գործերի դեպքում դատավորները հաճախ միտված են հետևելու դատախազին` առանց պատշաճ քննության: 2018թ. տեղի ունեցած համաներումը Հայկական առաջին հանրապետության 100 ամյակի առիթով, մի կողմից որևէ կերպ թեթևացրել է բանտերում առկա իրավիճակը, բայց մյուս կողմից էլ քննադատվեց որպես քաղաքական կողմնապահություն՝ իր շահառուներին որոշելու հարցում»:

Ինչպես և կարող ենք համոզվել, Նիկոլ Փաշինյանի համար կարևոր են միայն վարկանիշները, իսկ տվյալ զեկույցների բովանդակությունը, բացասական գնահատականները, զեկույցներում բարձրացված մտահոգությունները նրան ամենևին չեն հուզում, որոնք թաքցնելով` նա փորձում է առաջընթաց ցույց տալ, ըստ այդմ՝ մանիպուլացնում է զեկույցներն իրեն ձեռնտու ոճով:

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի նաև տարվա ընթացքում որպես ձեռքբերում ներկայացնել գնված հոդվածներ, հրապարակել անհայտ աղբյուրներից վերցված և որևէ միջազգային նշանակություն չունեցող զեկույցներ ու վարկանիշներ և դրանք ներկայացնել որպես Հայաստանի գրանցած հաջողություն միջազգային հարթակում:  Օրինակները շատ են:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն