Փաշինյանը ստել է կարագի գների և գնանկման ցուցանիշների վերաբերյալ՝ ներկայացնելով ՏՄՊՊՀ-ի տվյալները, ինչը չի ծածկում կարագի ամբողջ շուկան

article-image

Մայիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոր «100 փաստ», որոնք լի էին ստերով և մանիպուլյացիաներով։

AntiFake.am-ը առանձին-առանձին ներկայացնում է ասուլիսի և հարցուպատասխանի ընթացքում վարչապետի հնչեցրած ստերն ու մանիպուլյացիաները։

Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի՝ 48-րդ փաստի շրջանակներում հնչեցրած մանիպուլյացիան` կապված կարագի գների և գնանկման հետ։

Փաշինյանը հայտարարել է.

«Կարագի շուկայում 2019 թվականի ընթացքում, 2018 թվականի համեմատ, կենտրոնացվածության աստիճանը նվազել է. առավել խոշոր իրացման ծավալ ունեցող ընկերության մասնաբաժինը 62 տոկոսից կրճատվել է՝ կազմելով 49 տոկոս: Միևնույն ժամանակ կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018 թվականին կազմել է 4383 դրամ, 2019 թվականին՝ 3906 դրամ, իսկ ներկայում՝ 3680 դրամ: 2018 թվականի համեմատ գնանկում է տեղի ունեցել 16 տոկոսով»:

Ապա հավելել է, թե ըստ նրա` ինչով է կարևոր այդ փաստը. «օրինակ մարտի 12-ին, կամ 13-ին կամ 20-ին կարագի գինը, ենթադրենք, 10 դրամով թանկանում է, ու դրա մեջ` մեծ աղմուկ-աղաղակ, որ կարագի գները թանկացան։ Ոչ մեկ չի ասում, որ 2018-ին այդ գինն այնքան բարձր էր, որ հիմա՝ ճգնաժամի պայմաններում, ինչքան էլ թանկանա, դեռ 5 ամիս անընդհատ պետք է թանկանա, որ հասնի 2018-ի առաջին եռամսյակի  չափանիշներին»։

AntiFake.am-ը ուսումնասիրել է, թե արդյո՞ք վարչապետի ներկայացրած ցուցանիշները և գնանկման չափը համապատասխանում են իրականությանը, և որտեղից են վերցված Փաշինյանի ներկայացրած ցուցանիշները։

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերը չեն համապատասխանում ՀՀ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական փաստաթղթերում ներկայացված՝ տվյալ ժամանակահատվածներում կարագի սպառման միջին գներին։ Հետևաբար՝ առաջին տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սխալ վիճակագրական տվյալներ և արել է սխալ եզրահանգումներ՝ ներկայացնելով, որ այս տարի տեղի է ունեցել 16% գնանկում 2018 թվականի համեմատ։

Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝

2018 թվականին կարագի միջին գինը եղել է 5199 դրամ, ոչ թե 4383 դրամ, ինչպես ներկայացնում է Փաշինյանը,
 



 

Կարագի միջին գինը 2019 թվականին եղել է 5070 դրամ, ոչ թե 3906 դրամ, ինչպես ներկայացնում է Փաշինյանը,
 



 

«Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունվար-ապրիլին» վիճակագրական տեղեկագրի համաձայն՝ 2020 թվականի առաջին 4 ամիսների գնանկումը 2019 թվականի առաջին 4 ամիսների գնանկման համեմատ կազմել է համապատասխանաբար՝ հունվարին՝ 5.4%, փետրվարին՝ 5.8%, մարտին՝ 5.4%, իսկ ապրիլին՝ 2.1 %:

Հետևաբար, 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում կարագի միջին գինը եղել է 4938 դրամ և ոչ թե 3680 դրամ, ինչպես ներկայացնում է Փաշինյանը։
 


 

Այսպիսով՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ վերջին 3 տարիների հունվար-ապրիլ ամիսների, ինչպես նաև առաջին եռամսյակների համար ունենք կարագի միջին գների հետևյալ պատկերը.
 


 

Առաջնորդվելով Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով` ստանում ենք, որ 2020 թվականի առաջին եռամսյակում կարագի գինը, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, գնանկել է ընդամենը 3.2%-ով` Փաշինյանի նշած 16%-ի փոխարեն։ Իսկ 2018-2020թթ. ապրիլ ամիսների համեմատությամբ՝ ընդամենը 2.8%-ով։

Հիմա հասկանանք, թե ինչ տվյալների մասին է խոսել Փաշինյանը իր 48-րդ փաստը ներկայացնելիս։

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում մի շարք ապրանքատեսակների իրացման գների վերաբերյալ։ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված վերջին՝ «Ալյուրի, հացի, շաքարավազի, կարագի իրացման մանրածախս գների դինամիկա» անվանումով գրաֆիկում ներկայացված է «Նոր Զելանդական» կարագի 1 կգ-ի արժեքը 4 սուպերմարկետներում  (Երևանի Սիթի, Նոր Զովք, Էվրիկա, Սաս) 2018, 2019, 2020 թվականների համար, որի համաձայն՝ կարագի միջին գինը նշված խանութներում 2018թ.-ին եղել է 4535 դրամ, 2019թ.-ին՝ 4260 դրամ, իսկ 2020թ.-ին՝ 3840 դրամ։ Այս 4 խանութներում միայն 1 տեսակի կարագի գնի համար 2020թ.-ին 2018թ.-ի համեմատ արձանագրվել է 15%-ի գնանկում։
 


 

Սակայն անգամ ՏՄՊՊՀ-ի կողմից արձանագրված գները չեն համապատասխանում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կարագի միջին գներին, քանի որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նշված ժամանակահատվածի համար կարագի ավելի էժան գներ։

ՀՀ ՏՄՊՊՀ մեկ այլ ուսումնասիրության՝ «Կարագ ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները» փաստաթղթի մեջ գտնում ենք կարագի իրացման մանրածախ գների դինամիկան հունվար 2018թ. – հոկտեմբեր 2019թ. ժամանակահատվածի համար, որում ներկայացված են Հանձնաժողովի կողմից խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցման արդյունքում ամրագրված կարագի (կարագ սերուցքային «Anchor»` 82.9%, «New Zealand»` 82.9%) մանրածախ միջին գները՝ ներառյալ ԱԱՀ-ն։
 


 

Այս գծապատկերի համաձայն՝ նշված ժամանակահատվածում վերը նշված 2 տեսակի կարագի գները որոշակիորեն մոտ են Նիկոլ Փաշինյանի ներկայացրած գներին։ Սակայն այս գծապատկերում առնվազն մինչև 2019թ. հոկտեմբեր կարագի գները չեն իջել 4300 դրամից, մինչդեռ Փաշինյանը ներկայացրել է, որ 2019 թվականին կարագի միջին գինը եղել է 3906 դրամ։

Ուստի՝ կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանն իր 48-րդ փաստը ներկայացրել է ենթադրաբար ՀՀ ՏՄՊՊՀ ինչ-որ ուսումնասիրության արդյունքում արձանագրած կարագի միջին գների հիման վրա, որը հրապարակված չէ պաշտոնական կայքում։

Սակայն ևս մեկ անգամ փաստենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն դիտանցումներ է իրականացնում սահմանափակ թվով տնտեսվարող սուբյեկտների մոտ և դիտարկում է 1-2 տեսակի կարագի գները։ Ուստի՝ այս կառույցի կողմից իրականացված ուսումնասիրություններն ամբողջությամբ չեն ծածկում կարագի ամբողջական շուկան, հետևաբար՝ արձանագրած արդյունքները չեն կարող համարվել ամբողջական։

Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր շեշտել, որ իր ներկայացրած տվյալները վերաբերվում են ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից միայն մի քանի խանութներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում միայն 1 կամ 2 տեսակի կարագի միջին գներին և ոչ թե կարագի ամբողջական շուկային։

Հետևաբար՝ Փաշինյանը հերթական անգամ ստել է՝ փորձելով հանրության վրա տպավորություն գործել, որ կարագի շուկայում վերջին 2 տարում 16%-ով գնանկում է տեղի ունեցել։ Մինչդեռ 2018-2020թթ. 1-ին եռամսյակի կտրվածքով  կարագի ամբողջական շուկայում գնանկումը եղել է ընդամենը 3.2%, իսկ ապրիլ ամսիների համեմատությամբ՝ ընդամենը՝ 2.8%։

Նկատենք, որ թեմային անդրադարձել էր նաև «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, ում կատարած վերլուծությունը ճիշտ է Վիճակագրական կոմիտեի մասով։

Անդրանիկ Թևանյանը նաև նկատել էր, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո կարագի գինը սկսել է թանկանալ. «2018–ի 1–ին եռամսյակում, այսինքն՝ մինչև հեղափոխությունը, կարագի միջին գինը կազմել է 5․101 դրամ։ Իսկ հեղափոխությունից հետո 2–րդ եռամսյակում՝ 5․217 դրամ, 3–րդ եռամսյակում՝ 5․241 դրամ, 4–րդ եռամսյակում՝ 5․237։ Այսինքն՝ հեղափոխական տարում կարագը հեղափոխությունից հետո թանկացել է»։ Թևանյանի այս պնդումը նույնպես ճիշտ է։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն