Փաշինյանը նախկինում ստել է. Մարտի 1-ի գործը բացահայտված չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին և մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ հայտարարություններ արել: Ասուլիսի ընթացքում Փաշինյանը նաև հակասել է իր նախկին հայտարարություններին:

Մասնավորապես, լրագրողներից մեկը հարցրել է. «Մարտի 1-ի գործը վերաբացված է, պարոն վարչապետ, սակայն մինչև այժմ չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները: Ի վերջո, ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին: Արդյո՞ք գոհ եք գործի քննության ընթացքից: Ի վերջո, կարևո՞ր է նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելը, թե՞ սպանվածներին գտնելը: Ի՞նչ են ձեզ զեկուցել: Ինչու՞ չի հաջողվում գործի քննությունն առաջ տանել»:

Լրագրողի հարցին ի պատասխան` Փաշինյանն ասել է, որ իր կարծիքով Մարտի 1-ի գործը շատ մանրամասներով բացահայտված է, մասնավորապես, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին և դրանից հետո, սակայն «10 տարի թաքցրած իրականությունը երկու տարում հեշտ չէ բացահայտել»։ Փաշինյանը նշել է, որ գործը քննող քննչական խմբի ղեկավարը, որը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ, ըստ մեղադրանքի՝ կրակված պարկուճները տարածքում փոխել է. «Դա նշանակում է՝ իսկական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այսօր այդ պարկուճներով նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել»:  Վարչապետը առաջարկել է քննչական խմբի հետախուզվող ղեկավարին գալ, պատմել, թե ինչ է արել պարկուճները. «Գուցե ինքը գիտի սպանության հեղինակների անուն-ազգանունները»,- նշել է նա։

«Քննությունը պետք է շարունակվի, և պետք է մենք ջանքեր գործադրենք էդ հետախուզվող անձին ձերբակալելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Դա հեշտ չի, բայց մենք պետք է գնանք էդ ճանապարհով»,- հավելել է Փաշինյանը՝ նշելով, որ մեծ հաշվով պարզ է, թե ովքեր են և ինչ շրջանակ է կազմակերպել սպանությունները:

«Այո՛, պետք է գնալ մինչև վերջ և նաև էն անհատներին, ովքեր էդ կրակոցը իրականացրել են պետք է բացահայտել»,- նշել է Փաշինյանը։ Վարչապետը նաև նշել է, որ «պարզ է, թե ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել և մտցրել ժողովրդի մեջ»:

«Էսօր քրեական գործերը հարուցված են, մի մասը ուղարկված է դատարան: Այ, որ հնարավորություն տրվի, որ դատաքննություն տեղի ունենա, կարծում եմ` շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա: Կարևոր է և՛ կազմակերպիչների, և՛ իրականացնողների բացահայտումը: Մենք պետք է գնանք մինչև վերջ»,- հայտնել է Փաշինյանը։

Փաշինյանը հայտնել է, թե «ամենակարևոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից», ապա հավելել. «պետք է կռահել, որ ինքը հո ի՞ր նախաձեռնությամբ դա չի արել: Եվ մինչև վերև արվել է»: Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել այն ժամանակվա գործող նախագահի օգնականի հասցեին՝ նշելով, թե ճնշումներ են եղել փաստահավաք խմբի նկատմամբ, և հավելել է, որ դա արվել է իրականությունը թաքցնելու համար։ «10 տարի թաքցրած իրականութունը և էս ապացույցների կեղծած, թաքցրած և այլն, շատ հեշտ չի երկու տարում բացահայտել: Կարող է` ապացույցներ լինեն՝ հավերժ կորած: Եթե հիմա պարզվի` կրակած պարկուճները տարել են, լցրել ձուլարանում մի տեղ ձուլել են, պատկերացնում ե՞ք` էդ ինչա նշանակում»,- եզրափակել է նա։ 

Նկատենք, որ վարչապետ Փաշինյանի 2020թ. մայիսի 16-ի հայտարարություններն ուղղակիորեն հակասում են 2018թ. օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում արված հայտարարություններին, որի ընթացքում Փաշինյանը մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը բացահայտված էր համարել։

«Դուք բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները: Եվ այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել, ըստ էության, հետևյալը՝ իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է՝ մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է», - ասել էր Փաշինյանը:

Եթե հավատանք Փաշինյանի 2020թ. մայիսի 16-ի ասուլիսում հնչեցրած խոսքերին, ապա ստացվում է, որ Մարտի 1-ին առնչվող մի շարք կարևոր ապացույցներ ոչնչացված են և, միգուցե, հավերժ կորած, ուստի նշված գործին առնչվող որոշ և գուցե ամենակարևոր դրվագների կապակցությամբ որևէ բացահայտում չի լինելու, հետևաբար 2018թ. օգոստոսի 17-ին Փաշինյանը ստել էր` հայտարարելով, որ Մարտի 1-ի գործը ամբողջ ծավալով բացահայտված է:

Ուշագրավ է նաև Փաշինյանի այն հայտարարությունը, որ 10 տարի թաքցրած իրականութունը շատ հեշտ չի երկու տարում բացահայտել: Այնինչ վարչապետության 4-րդ ամսում Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր, թե Մարտի 1-ի գործը ամբողջ ծավալով բացահայտված է:

Տեղեկացնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ասել է, որ Մարտի 1-ի զոհերից 5-ը հրազենային վիավորումներից չեն մահացել:

«10-ը զոհերից 3-ը սպանվել են չերյոմուխա տեսակի զենքով՝ դա հրազեն չի, պարկուճի հետ ոչ մի կապ չունեն այս 3 զոհերը: Զոհերից մեկը, ի դեպ, ոստիկանության կապիտանը, զոհվել է նռնակի պայթյունից, էստեղ էլ պարկուճները կապ չունեն: Զոհերից ևս մեկը զոհվել է գանգոսկրի կոտրվածքներից, պարկուճների հետ կապ չունի այս հանգամանքը»,- նշել է Ալումյանը:

Անդրադառնալով մյուս 5 մահերին` Ալումյանն ասել է, որ մնացած 5 մահերը հրազենային վնասվածքի հետևանքներ են, որոնցից 2-ի գնդակները չեն հայտնաբերվել, որովհետև եղել են միջանցիկ վնասվածքներ:

«Միջանցիկ վնասել է, և գնդակը հիմա գոյություն չունի: Այսինքն, այս դեպքում նույնականացման նյութ չկա, առարկա չկա, որը պետք է նույնականացվի»,- տեղեկացրել է Ալումյանը: Անդրադառնալով մյուս 3 զոհերին` Ալումյանը նշել է, որ նրանք մահացել են հրազենային վնասվածքներից, և 3-ի գնդակները հայտնաբերվել են մարմինների մեջ. կա 3 գնդակ:

«Եթե սպանությունները հրազենային գնդակային վնասվածքների հետևանքով են տեղի ունեցել, զենքի հետ նույնականացվում է ոչ թե պարկուճը այլ գնդակը: Այսինքն, գնդակը վերցվում է, բոլոր այն զենքերը, որոնք այդ ժամանակ կարող էին այդտեղ լինել, բոլոր այդ զենքերից կատարվում են փորձնական կրակոցներ և այդ փորձնական կրակոցներից հետո այդ կրակված գնդակների վրայի հետքերը համեմատվում են մարդու մարմնից հանված գնդակի հետքի հետ, և պարզվում է, թե գնդակը զենքերից ո՞ր մեկից է արձակված եղել»,- մանրամասնել է Ալումյանը:

«Ի՞նչ կապ ունի էստեղ պարկուճը, և ի՞նչով կարող է դրա առկայությունը կամ բացակայությունը օգնել կոնկրետ սպանությունների բացահայտմանը»,- խոսքը եզրափակելով` ասել է Ալումյանն ու նշել, որ վարչապետը կա՛մ ընդհանրապես չի տիրապետում այն առարկային, որի շուրջ ինքը խոսում էր, կա՛մ դիտավորյալ մարդկանց գցում է մոլորության մեջ:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am


Կարդացե՛ք նաև՝
 Հիշողության թարմացում Փաշինյանի համար. «Կորոնավիրուսը պինցետով հանելու ենք և տնական արաղով դեզինֆեկցիա անենք» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 Փաշինյանը ստում է. նա 2019 թ.-ին հանդիպում ունեցել է ՀԿ-ների, մասնավորապես՝ սորոսական թևի ներկայացուցիչների հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
 Կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելը Փաշինյանի կողմից որպես իր կառավարության ձեռքբերում ներկայացնելը մանիպուլյացիա է
 Փաշինյանը մանիպուլացրել է ՀՀ-ի վերաբերյալ միջազգային զեկույցների ցուցանիշները, իսկ բացասական գնահատականները՝ թաքցրել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն