Ոչ նորմատիվային բառապաշարի գործածում և բռնության արդարացում. Փաշինյանը կրկին ստել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին և մի շարք կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններ հնչեցրել:

Լրագրողներից մեկը վարչապետին ուղղել էր հետևյալ հարցը. «Ձեր ղեկավարած քաղաքական ուժը հանդես է գալիս բռնության խոսքի դեմ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, սակայն հանրությունը բռնության խոսքի կոնկրետ կիրառման և դրա արդարացմանն է ականատես լինում ոչ միայն Ազգային Ժողովում, այլ հաճախ հենց ձեր բառապաշարում։ Չեք կարծում, որ «ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «սամասուդ անել», «ցխել» և այլ արտահայտությունների կիրառումը հարիր չէ երկրի բարձրագույն իշխանությանը»։

Լրագրողի հարցին ի պատասխան` Փաշինյանն ասել է. «Առնվազն ոչ բոլոր արտահայտություններն եմ ես կիրառել, բայց ուզում եմ ասել, որ էդ հարցի մեջ կար արդարացում։ Ոչ մեկ չի արդարացնում բռնության որևէ դեպք»։

Անդրադառնալով իր կողմից գործածվող բառապաշարին և տոնայնությանը՝ Փաշինյանը նշել է. «Ինչ վերաբերվում է ընդհանրապես բառապաշարին, տոնայնությանը և այլն կարծում եմ, երևի թե մենք բոլորս էլ միշտ պետք է մտածենք, որ մանավանդ մթնոլորտի բարելավման համար և նպատակով բոլորս էլ անելիք ունենք, այդ թվում` նաև ես։ Շնորհակալ եմ դիտարկման համար»։

Դիտարկում 1: Ինչպես նշել է Փաշինյանը, նա լրագրողի հնչեցրած բառերից առնվազն ոչ բոլորն է կիրառել:

«Ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «սամասուդ անել» և «ցխել» արտահայտություններից Փաշինյանը միայն «ցխել» բառը չի կիրառել (այդ բառը կիրառել է իմքայլական Սասուն Միքայելյանը):

Փոխարենը, մշտապես խոսելով ոչ նորմատիվային և երկրի առաջնորդին ոչ հարիր բառապաշարով` Փաշինյանը կիրառել և կիրառում է հետևյալ բառապաշարը՝ «ասֆալտին պառկեցնել», «պատերով տալ», «ասֆալտ ուտողների ախորժակը բանտային բալանդով փակել», «ծնոտին հարվածել», «թաթիկներ կտրել», «հոխորտացող թափթփուկներ»,«քյաբաբ առ քյաբաբ», «խորովածի բույր», «քուչա առ քուչա», «ոսկեջրած աթոռներ և կեղտոտ ունիտազներ», «անջատած բենզապիլաներ», «բոմժի կարգավիճակ», «ծաղկավոր բաբչկա», «դնջացնող թան», «պպզած Հայաստան», «մուխլյոժ», «օրթաղ» և այլն:

Նկատենք, որ Փաշինյանն ընդունել է, որ երկրում տիրող մթնոլորտի բարելավման համար անելիք ունի, ինչը թույլ է տալիս լիահույս լինել, որ Փաշինյանի շուրթերից հասարակությունը նմանատիպ բառեր այլևս չի լսի:

Դիտարկում 2: Իր պատասխանում Փաշինյանը նշել է, որ ոչ մեկը չի արդարացնում բռնության որևէ դեպք: Սակայն այս հարցում Փաշինյանը ստել է:

Ասվածի ամենավառ և ամենաթարմ օրինակը, թերևս մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին Փաշինյանի արձագանքն է, որին անդրադառնալով` Փաշինյանը պարբերաբար նշել է, թե դատապարտում է բռնությունը, սակայն շարունակաբար սպառնալիքներով լի խոսքեր հնչեցրել իր ընդդիմախոսների հասցեին:

«Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը` ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ` իր բոլոր դրսևորումներով: Ուզում եմ ընդգծել. բռնությունը իր բոլոր դրսևորումներով»,- բռնությունը «դատապարտելով» նշել է Փաշինյանը:

Այնուհետև, Փաշինյանը սպառնալիքներ է հնչեցրել ու ասել. «Այո՛, էդ պադյեզդներում ձեզ ասֆալտին կպառկացնենք»: Ավելին, ԱԺ-ում կատարված բռնությունը Փաշինյանի կողմից որակվել է որպես «քստմնելի սադրանք», իսկ բռնություն կիրառած իմքայլական պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Վահե Ղալումյանը և Արտակ Մանուկյանը որևէ պատասխանատվության չեն ենթարկվել և չեն դատապարտվել։

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն