Սամվել Ալեքսանյանի հետ մտերիմ կապե՞րն են ստիպել Փաշինյանին դիրքորոշում փոխել «Ձկնկուլի» սպանության վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները տարատեսակ հարցեր են ուղղել վարչապետ Փաշինյանին:

Լրագրողներից մեկի հարցը վերաբերվում էր ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկինում օլիգարխ, ներկայումս գործարար Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից՝ «Ձկնկուլ» մականունով Արմեն Իսրայելյանի սպանությանը։

Լրագրողը մասնավորապես հարցրել էր. «Հարգելի պարոն վարչապետ, ձեր պատգամավորական գործունեության ընթացքում դուք հայտարարել եք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից Արմեն Իսրայելյանի սպանության պատվիրատուի հետքերը տանում են պատգամավորի մոտ: Դուք եկաք իշխանության, բայց սպանությունը շարունակում է չբացահայտված մնալ: Ձեզ մեղավոր չե՞ք զգում նրա սպանության համար, հատկապես այն դեպքում, երբ նա սպանվել է Ձեր ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալուց հետո»:

Հարցին ի պատասխան` Փաշինյանն ասել է, բոլոր երկրներում էլ լինում են չբացահայտված դեպքեր և հանցագործությունը տարիներ անց են բացահայտվում ու նշել«Հայաստանում կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ: Հայաստանում չբացահայտված հանցագործություններ կային, որոնք բացահայտվում են, կան, որ դեռևս չեն բացահայտվել և իրավապահ համակարգի առաջ խնդիր է դրված բոլոր հանցագործությունների բացահայտման համար անել առավելագույնը»:

Անդրադառնալով Արմեն Իսրայելյանի՝ «Հայկական ժամանակին» հարցազրույց տալուց հետո սպանվելուն՝ Փաշինյանն ասել է. «Գիտեք, նա կարող էր ուրիշի ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալ»:

Ըստ էության, Փաշինյանը խուսափել է լրագրողի հարցին հստակ պատասխաններ հնչեցնելուց, քանի որ ըստ որոշ տեղեկությունների՝ Սամվել Ալեքսանյանը շատ ջերմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ։ Նրանց կանայք հաճախ են շփվում և մտերիմ ընկերներ են։ Բացի այդ Ալեքսանյանը հաճախ նվիրատվություններ է կատարում Փաշինյանի տիկնոջ հիմնադրամներին:

Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սարտեքս» ընկերության ֆաբրիկայի բացմանը, որտեղ փակցված է եղել Նիկոլ Փաշինյանի «թևավոր խոսքը»՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»:

Հիշեցնենք, որ պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ից տարբեր ժամանակահատվածներում ներկայացրել է Սամվել Ալեքսանյանի կատարած հանցագործությունները։

Մասնավորապես, 2016 թվականի հունիսի 17-ին ԱԺ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթում հրապարակված Սամվել Ալեքսանյանի իրականացրած, ինչպես Փաշինյանն է նշել, առևանգումների և ահաբեկումների մասին և պահանջել, որպեսզի ՀՔԾ-ն լուրջ քննության առնի հրապարակված պատմությունը, քանի որ դրա վերաբերյալ կան լուրջ փաստեր ու վկայություններ։

Ավելի ուշ՝ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին, ԱԺ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել է Մոսկվայում «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանի սպանության մասին և նշել. «Նա ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի անդամ է և Սամվել Ալեքսանյանի մասին ահաբեկումներ, առևանգումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ և այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործերով առանցքային վկա»։

Փաշինյանը նշել էր, որ այդ անձի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճվել է, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես Հայաստանի իրավապահ մարմինների ծախու լինելու անհերքելի ապացույց է։

«Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է «վարձու մարդասպանը», և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»,- նշել էր Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն