Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիաները և չիմացությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մասին

article-image

Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին:

Նախ արձանագրենք. Նիկոլ Փաշինյանը ունի զրո գիտելիքներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ամբողջ ընթացքում առաջ քաշված տարբերակների մասին և չի տիրապետում տարրական գիտելիքների: Ավելին, նա խնդիրը դարձյալ տեղափոխում է կենցաղային դաշտ` այն հերթական անգամ անլրջացնելով:

Այնուհանդերձ, ինչ կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանի մտքերից այս խնդրի շուրջ.

«Սերժ Սարգսյանի ժառանգությունը Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի չէ»

Նիկոլ Փաշինյանը չի ընդունել այն ժառանգությունը, որը բանակցային սեղանին թողել է Սերժ Սարգսյանը:

Իսկ ինչ արդյունքների էր հասել Սերժ Սարգսյանի ղեկավարած բանակցային թիմը վերջին տարիներին. դեռևս 2016 թվականին Ապրիլյան քառօրյա պատերազմից ամիսներ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ «իրեն ճնշում են և ստիպում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Չի կարելի մոռանալ նաև այն փաստը, որ նույն Ալիևը Հայաստանի վերաբերյալ ասում էր, որ մենք ունենք «հզոր հովանավորներ, որոնք զենք են մատակարարում, գումար են տալիս, ապահովում հզոր լոբբիստական թիկունքով, վարում են ակտիվ քարոզչություն»:

Կարծում ենք, որ սա այն բարձրակետն է, որին համենայն դեպս այն ժամանակ ձգտում էին Հայաստանի և Արցախի իշխանություններն ու հասարակությունը:

Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո առաջ է քաշում մի նախադասություն. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար», որը ադրբեջանական իշխանությունները ծաղրում են և առաջ են տանում իրենց քարոզչական թեզերը, որոնք վերջին ժամանակաշրջանում հաջողություն են ունենում, իսկ հակամարտության կարգավորմանը ներգրավված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնիսկ ուշադրություն չեն դարձնում Փաշինյանի այս անբովանդակ հայտարարությանը:

Նիկոլ Փաշինյանի համար ըստ այդմ ընդունելի չեն նաև 2016 թվականին տեղի ունեցած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ընդունված պայմանավորվածությունները, համաձայն որոնց` շփման գծում պետք է ներդրվեին ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմներ և միջոցառումներ, որոնք միտված են կայունացնելու հակամարտության գոտին և միջավայր ստեղծելու, որը կարող է նպաստել խաղաղության գործընթացի խթանմանը: Մոռացվել է նաև 2017 թվականի նոյեմբերին Ժնևում տեղի ունեցած գագաթնաժողովը, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի` հանձն են առել միջոցներ ձեռք առնել ինտենսիվացնելու բանակցային գործընթացը և հավելյալ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար:

Համանախագահների և համատեղ հայտարարություններում բազմիցս տեղ են գտել Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, որոնք են` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում ու հավասար իրավունքներ (Non-use of force, territorial integrity, the equal rights and self-determination of peoples):

Ինչպես կարող ենք համոզվել, «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը» հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համատեղ հայտարարություններում բացակայում են վերոնշյալ գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակականությունը ապահովող քննարկումները և երաշխիքները: Ավելին, տեղ են գտնում նոր, առավել տարողունակ և բովանդակային ձևակերպումներ. ժողովուրդներին խաղաղության պատրաստելը, հայտնի պայմանավորվածություններ Դուշանբեում, արդյունքներին միտված բանակցությունները, ինտենսիվ բանակցությունները, այնպիսի հայտարարություններ, որոնցից են, օրինակ, «Համանախագահները ընդգծում են, որ համապարփակ կարգավորումը բոլոր կողմերից պահանջում է փոխզիջումներ», և այլ նման հայտարարություններ:

Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է գտնել լուծում, որը կտեղավորվի իր կողմից առաջ քաշված «ընդունելիության բանաձևին», որը, միևնույն ժամանակ, չի տեղավորվում «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»  նախադասության և մտքի մեջ: Ստացվում է, որ մերժելով նման մոտեցումը՝ բանակցային սեղանին կարող է և արդեն իսկ հայտնվել է փաստաթուղթ, որը ձեռնտու չէ Արցախին և նրա անկախությանն ու ինքնորոշման դե յուրե ճանաչմանը: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չպատասխանեց: Ավելին, նա հղում արեց ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչին, համաձայն որի` Լավրովի հայտարարությունը «օգտակար չէ», և Նիկոլ Փաշինյանը այս միտքը արտահայտում է Հայաստանի և Ռուսատանի միջև առկա «փայլուն» հարաբերությունների մասին խոսելով հանդերձ:

Նկատենք. Նիկոլ Փաշինյանի «մեզ մի կաշկանդեք» հայտարարությունը հերքվում է իր իսկ կողմից Ազգային ժողովում «բանակցում ենք այն, ինչ պետք է» մեկնաբանությամբ: Ըստ էության` Նիկոլ Փաշինյանը «կառուցողական, կիրթ» է ներկայացնում Ադրբեջանի նախագահին, սակայն դժգոհում է ներքին քննադատություններից, որոնց հետևելով` Փաշինյանը կարող էր նույնիսկ սովորել և հասկանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարևոր մանրամասները` միմյանցից տարբերել կարողանալով լուծման փաթեթային և փուլային տարբերակները և սերտելով դրանց բովանդակությունը:

«Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան», բայց...

«Դիվանագիտության մեջ նաև որոշակի ճկունություններ պետք է ունենալ: Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Առանց Արցախի ժողովրդի և իշխանության` հնարավոր չէ, բացառված է Արցախի հարցի որևէ լուծում: Դա քմահաճույքի հարց էլ չէ: Առանց Արցախի ներկայացուցիչների ներգրավվածության` բանակցությունները չեն կարող լինել բավարար չափով արդյունավետ». ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնում է. «Ադրբեջանի նախագահի հետ քննարկումներում անկեղծ, ուղիղ մթնոլորտ է հաստատված»` «հետաքրքիր զուգադիպություն» համարելով իր իսկ պնդումը, թե իր հայտարարությունները քննադատվում են Ադրբեջանի և Հայաստանում հայտնի շրջանակների կողմից:

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նա և իր թիմի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություններում նշում են «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» արտահայտությունը` այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունեն այդ հայտարարության ներքո: Այն իր մեջ ներառում է վտանգավոր զարգացում այն իմաստով, որ գնալով ավելի մեծ ֆիգուրանտ է դառնում այսպես կոչեցյալ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» և դրա նախագահը: Հայկական իշխանական շրջանակները բազմիցս կոչեր են արել չանդրադառնալ այս իրողությանը և չլեգիտիմացնել տվյալ հորինված կառույցին և նրա գործունեությանը: Սակայն նման «անտարբերության» և թողտվության պայմաններում հենց այդ կառույցի նախագահը Ադրբեջանում պատգամավոր է ընտրվել և ընդգրկվել ԵԽԽՎ պատվիրակության կազմում` այդպիսով կարողանալով իր ձայնը բարձրացնել և լսելի դարձնել առավել պաշտոնական և բարձր ամբիոններից: «Գյանջալիևին գործոն մի սարքեք» ասելով` հայկական իշխանությունները իրենց թողտվությամբ էլ այդ մարդուն դարձրին գործոն: Ուստի այս հարցում ևս մեղավոր են իշխանությունները` իրենց արտաքին քաղաքական անգործությամբ:

Պետք է արձանագրել. Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը շարունակաբար ձախողում են Հայաստանի արտաքին քաղաքականությունը` որևէ կարևոր առաջընթաց չարձանագրելով և ձախողելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն