(VIDEOS) Այսօր Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցն է

article-image

Այսօր լրանում է Բաքվում հայկական ջարդերի 33-րդ տարելիցը: 

Սումգայիթի դեպքերից անմիջապես հետո՝ 1988 թ. գարնանը, Բաքվում սկսվեցին հետապնդումներ հայերի նկատմամբ, որոնք շարունակվեցին մինչև 1989 թ.։ Հայերին ապօրինաբար ազատում էին աշխատանքից, բռնի կերպով վտարում բնակարաններից և տներից։ Նրանց ծեծում էին, հրապարակային ծաղրուծանակի ենթարկում և սպանում։ 1990 թ. հունվարին Բաքվում 250 հազարանոց հայկական բնակչությունից մնացել էր շուրջ 35-40 հազար հայ: Դրանք մեծ մասամբ տարեցներ, միայնակ, հիվանդ կամ անապահով մարդիկ էին, ովքեր չէին կամենում կամ պարզապես չէին կարող հեռանալ, ինչպես նաև նրանց լքել չցանկացած մերձավորները։

Հունվարի 11-ին Բաքվում Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) կողմից կազմակերպված հանրահավաքի ընթացքում Բաքվից հայերի վտարման և դեպի Ղարաբաղ լայնածավալ զինված արշավի կոչեր հնչեցին:

Հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված և համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50 հազարանոց ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, հավաքվեց Լենինի հրապարակում՝ հանրահավաքի: Այնուհետև, ԱԱՃ ակտիվիստների ղեկավարությամբ խմբերի բաժանվելով, ջարդարարները սկսեցին հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «մաքրել» հայերից: Առկա են բազմաթիվ վկայություններ՝ բացառիկ դաժանությամբ իրագործված վայրագությունների ու սպանությունների մասին։

Նրանք, ում հաջողվեց խուսափել մահից, ենթարկվեցին բռնի տեղահանության: Հազարավոր հայեր լաստանավով տեղափոխվում էին Կասպից ծովով արևելք՝ Թուրքմենական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաքի նավահանգիստ, այնտեղից էլ ինքնաթիռներով՝ Հայաստան և Ռուսաստան:

Բաքվի հայ փախստականների վկայությունների համաձայն՝ ջարդարարների գործողությունների սխեման նույնն էր: Սկզբում բնակարան էր ներխուժում 10-20 հոգանոց խումբ և սկսում ծեծի ենթարկել: Այնուհետև հայտնվում էր Ազգային ճակատի ներկայացուցիչը, որպես կանոն, բնակարանի փոխանակման կամ, իբր, վաճառքի մասին արդեն պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթերով, որից հետո տանտերերին առաջարկվում էր անհապաղ լքել բնակարանը և ուղևորվել նավահանգիստ: Մարդկանց հիմնականում թույլատրում էին վերցնել անձնական իրերը, սակայն, միևնույն ժամանակ, խլում էին փողը, թանկարժեք իրերը, խնայողական գրքույկները: Նավահանգստում գործում էին ԱԱՃ պահակախմբերը, ովքեր խուզարկում էին փախստականներին, երբեմն կրկին ծեծի ենթարկում, որից հետո արտաքսում:

Զոհերի քանակով, տևողությամբ և չափերով Բաքվի հայկական ջարդերը գերազանցեցին Սումգայիթի հայերի կոտորածը: Սպանվածների ճշգրիտ քանակը մինչ այժմ հայտնի չէ. տարբեր տվյալներով սպանվել է 150-ից մինչև 300 մարդ: Ջարդերը շարունակվել են մի ամբողջ շաբաթ՝ Ադրբեջանի իշխանությունների, ներքին զորքերի և Խորհրդային բանակի Բաքվի բազմաքանակ կայազորի լիակատար անգործության պայմաններում:

Միայն 1990 թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք հանդիպեցին ԱԱՃ զինված ջոկատների կատաղի դիմադրությանը: Քաղաք մուտք գործած զորքերին լուրջ զինված դիմադրություն ցուցաբերելու մասին վկայում է նաև զինծառայողների շրջանում կորուստների թիվը, որը, տարբեր տվյալներով, կազմում է 25-ից 36 սպանված:

Ակնհայտ է, որ Բաքվի հայերի ջարդերի նախապատրաստությունը 1991 թ. հունվարի 13-ից շատ ավելի վաղ էր սկսվել, ինչի մասին է վկայում այն փաստը, որ ջարդարարներն իրենց ձեռքի տակ ունեին քաղաքում մնացած հայերի կոմպակտ բնակության վայրերի նշումներով մանրամասն քարտեզներ՝ ըստ շրջանների և թաղամասերի։

Հունվարի 18-ին Բաքվի հայկական ջարդերի և Շահումյանի շրջանի հայկական գյուղերի ու Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձևը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով:

1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ հրապարակվեց՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ «հայկական փոքրամասնության դեմ իրականացված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ՝ պաշտոնական քաղաքականություն»:

Ստորև ներկայացված են փաստագրական տվյալներ և ականատեսների պատմությունները. 

 

 

 

 

Նյութի պատրաստման համար աղբյուրներ են հանդիսացել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը և «KarabakhRecords.info» հարթակը: 

 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն