Տուգանվիր և փիարվիր, ապա «մտահոգվիր», որ քո քայլը «ձևական» են համարում. Փաշինյանների բանաձևը

article-image

Մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 4-րդ «100 փաստը Նոր Հայաստանի մասին»:

Փաշինյանը 99-րդ փաստով ներկայացրել է. «Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»,- նշել է Փաշինյանը:

Այս կարևոր «փաստը» ոգևորությամբ ներկայացնելիս Փաշինյանը իր «մտահոգություններն» է հայտնել այն կապակցությամբ, որ շատերը Աննա Հակոբյանի տուգանվելը ձևականություն են համարել:

«Եթե որևէ քաղաքացու տուգանում են, ի՞նչ ա լինում, որ դա չի համարվում ձևական»,- հետաքրքրվել է վարչապետը:

Նկատենք, որ Աննա Հակոբյանն ինքն է տուգանվելուց հետո համացանցում տարածել այդ տեղեկությունները և նշել, որ նաև դրա համար են «հեղափոխություն արել»:

«Նաեւ սրա՛ համար ենք հեղափոխություն արել եւ այս փաստով եւս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ»,- գրել է վարչապետի կինը։

Փաստենք, որ եթե իսկապես խոսեինք օրենքի առջև բոլորի հավասարության մասին որպես սովորական երևույթ, ապա Աննա Հակոբյանը իր տուգանվելը երբևիցե չէր հանրայնացնի, իսկ Նիկոլ Փաշինյանը դա որպես փաստ չէր արձանագրի և հանրությանը դրանով չէր «կերակրի», քանի որ օրենքի առջև բոլորի հավասարությունը ապացուցելու և առավել ևս դրանից դիվիդենտներ քաղելու կարիք չէր լինի:

Ստացվում է, որ Փաշինյանները իրենց տուգանքը հանրայնացրել ու դա որպես «ձեռքբերում» են ներկայացրել ու ապահովվել սեփական PR-ը, ապա «մտահոգվել», որ այդ ամենը ընկալվել է որպես «ձևական» քայլ:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն