Փաշինյանը ստել է շաքարավազի գների և գնանկման ցուցանիշների վերաբերյալ

article-image

Մայիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոր «100 փաստ», որոնք լի էին ստերով և մանիպուլյացիաներով։

AntiFake.am-ը առանձին-առանձին ներկայացնում է ասուլիսի և հարցուպատասխանի ընթացքում վարչապետի հնչեցրած ստերն ու մանիպուլյացիաները։

Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի՝ 49-րդ փաստի շրջանակներում հնչեցրած մանիպուլյացիան կապված շաքարավազի գների և գնանկման հետ։

Այսպես, Փաշինյանը հայտարարել է. «Շաքարավազի շուկայում վերջին 2 տարվա ընթացքում նվազել է կենտրոնացվածության աստիճանը, որի արդյունքում նվազել է առավել խոշոր ներմուծման և իրացման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտի տեսակարար կշիռը՝ ներմուծման մասով 67 տոկոսից դառնալով 49 տոկոս, իսկ իրացման մասով՝ 95 տոկոսից դառնալով 88 տոկոս։ Տեղի ունեցած վերադասավորումների և համաշխարհային միտումների արդյունքում՝ շաքարավազի շուկայում վերջին 2 տարում տեղի է ունեցել շուրջ 24 տոկոս գնանկում։ Մասնավորապես, եթե 2018 թվականի մայիսի դրությամբ մեկ կիլոգրամ շաքարավազն արժեցել է 335 դրամ, ապա 2020 թվականին այն արժե 255 դրամ»։

Ապա հավելել է. «Որ ճգնաժամի բերումով էլի որոշակի գնի թանկացում է տեղի ունենում, մեծ աղմուկ և այլն, որ վա՜յ, 5 դրամով կամ 10 դրամով թանկացավ։ Ոչ ոք չի ասում, որ 2018 թվականի մայիսին՝ հեղափոխությունից առաջ, 70-80 դրամով ավելի բարձր էր գինը»։

AntiFake.am-ը փորձել է հասկանալ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ շաքարավազի գնի և գնանկման ցուցանիշները համապատասխանում են իրականությանը, և ինչ տվյալներով է առաջնորդվել Նիկոլ Փաշինյանը։

Այսպես, ՀՀ ՏՄՊՊՀ «ՇԱՔԱՐԱՎԱԶ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2018 թվականի մայիս ամսին շաքարավազի գինը եղել է 334 դրամ Նիկոլ Փաշինյանի նշած 335 դրամի փոխարեն։
 


 

Իսկ 2020թ. ապրիլին ՏՄՊՊՀ-ի կողմից Երևանի 4 խոշոր առևտրային ցանցերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ շաքարավազի մարնածախ իրացման միջին գինը եղել է 264 դրամ (Երևան Սիթի՝ 242դ., Նոր Զովք՝ 242դ., Էվրիկա՝ 270դ., Սաս՝ 300դ.), Նիկոլ Փաշինյանի նշած 255 դրամի փոխարեն։ Ի դեպ, սա ՏՄՊՊՀ-ի կողմից հրապարակված վերջին ուսումնասիրության արդյունքներն է շաքարավազի վերաբերյալ և պաշտոկանական կայքում հրապարակված այլ ուսումնասիրություններ առկա չեն։
 


 

Հետևաբար, ինչպես կարագի գների դեպքում, շաքարավազի դեպքում նույնպես անհասկանալի է, թե Նիկոլ Փաշինյանը ինչ ցուցանիշներով է առաջնորդվել, քանի որ պաշտոնական տվյալները չեն համապատասխանում նրա կողմից ներկայացված տվյալներին։

Եթե առաջնորդվենք ՏՄՊՊՀ-ի 2 ուսումնասիրությունների արդյունքներով, ապա կարող ենք արձանագրել, որ շաքարավազի շուկայում 2020 թվականին 2018 թվականի մայիս ամսվա հետ համեմատությամբ գնանկում է տեղի ունեցել ոչ թե 24, այլ 21 տոկոսով։

Սակայն նկատենք, որ, օրինակ կարագի գնի դեպքում Նիկոլ Փաշինյանը 2 տարիների գնանկման համեմատականը ներկայացրել է որպես հիմք վերցնելով ապրանքի մանրածախ իրացման տարեկան միջին գինը (խոսքի երկրորդ մասում նշել է նաև՝ եռամսյակ), իսկ շաքարավազի դեպքում ընտրել է 2018թ. մայիս ամսվա և 2020թ. համեմատականները։

Այսպես, ըստ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքների՝ 2018 թվականին շաքարավազի իրացման մանրածախ միջին գինը եղել է 307 դրամ։ Հետևաբար, եթե համեմատենք 2018թ. տարեկան և 2020թ. մինչ այս պահն արձանագրված շաքարավազի մանրածախ իրացման միջին գները, ապա արձանագրում ենք, որ նշված ժամանակահատվածների համեմատությամբ գնանկում տեղի է ունեցել ընդամենը 14%-ով՝ Նիկոլ Փաշինյանի նշած 24%-ի փոխարեն։

Հետևաբար, վստահաբար կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը փաստեր ներկայացնելիս չի առաջնորդվում պաշտոնական տվյալներով և ներկայացնում է «անհայտ ծագման» աղբյուրներից սխալ տվյալներ։

Բացի այդ,  Փաշինյանը չի առաջնորդվում տրամաբանական և փաստեր ներկայացնելու համար ընտրված ընդհանուր մեկ մեթոդաբանությամբ, և յուրաքանչյուր փաստ ներկայացնելիս ընտրում է այնպիսի մեթոդաբանություն (ժամանակահատված, տարատեսակ ցուցանիշներ), որը հնարավորություն կտա ներկայացնել կառավարության հնարավորինս մեծ «հաջողություն»՝ հաշվի չառնելով, որ ոչ միայն ներկայացված տվյալներն են ոչ պաշտոնական ու սխալ, այլ նաև ընտրված մեթոդաբանությունն է սխալ և անտրամաբանական։


Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը