Նիկոլ Փաշինյանի ոչ իրավաչափ հրահանգը և մաքսատան աշխատակցի ազատման դիմումը. սեր առ պետությու՞ն

article-image

Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարել Նորագավիթի մաքսատուն: Շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց մաքսատան սենյակներից մեկում ՀՀ դրոշը պատին հենած լինելու պատճառով, որի արդյունքում, վերջինս ցուցում տվեց մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատման դիմում գրել: Վարչապետը, դիմելով մաքսատան աշխատակցին, ասաց՝. «Այ, որ տենց լխկած կանգնած ես, նույն ձևի էլ դրոշը լխկած գցել ես: Կտանե՛ս, կլվանաս, աշխատավարձիցդ կծախսե՛ս, սյուն կսարքե՛ս ու կդնե՛ս գլխավերևումդ, էղա՞վ: Ու հետո էլ դիմում կգրե՛ս, կգնա՛ս ստեղից»: Աշխատակիցը մաքսային ծառայության ավագ մաքսային տեսուչ Հայկ Մարտիրոսյանն էր։

Այնուհետև սենյակից դուրս գալով՝ Փաշինյանը հավելեց. «Ով որ էս սենյակում աշխատել ա էդ դրոշի պայմաններում, ոչ մեկ չաշխատի»։

Նույն օրը վարչապետն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարեց հետևյալ գրառումը. «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:

Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»:

Ապրիլի 10-ին էլ լրագրողների հետ զրույցում այն հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ աշխատակիցները պետք է հեռացվեն, վարչապետն ասաց. «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։

Արդյո՞ք վարչապետն իրավունք ուներ հրահանգել մաքսային ծառայողին ազատման դիմում գրել, արդյո՞ք դրոշը պատին հենելը այն խախտումն է, որի համար ծառայողը պետք է հեռացվեր աշխատանքից։

Եվ այսպես, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44 հոդվածով նախատեսվում են կարգապահական հետևյալ տույժերը՝

  1. դիտողություն,
  2. նկատողություն,
  3. խիստ նկատողություն,
  4. հատուկ կոչման իջեցում, բայց երկու աստիճանից ոչ ավելի,
  5. մաքսային ծառայողի պաշտոնի իջեցում, բայց մեկ աստիճանից ոչ ավելի,
  6. նյութական պատասխանատվության կիրառում,
  7. մաքսային ծառայության պաշտոնից ազատում:

Օրենքի համաձայն՝ վերոգրյալ կարգապահական տույժերը կիրառում է կոմիտեի ղեկավարը, իսկ դիտողություն, նկատողություն և խիստ նկատողություն կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև մաքսատան պետը:

Ինչ վերաբերվում է հատուկ կոչման իջեցմանը, մաքսային ծառայողի պաշտոնի իջեցմանը,  նյութական պատասխանատվության կիրառմանը և մաքսային ծառայության պաշտոնից ազատմանը, ապա այս կարգապահական տույժերը կիրառվում են սահմանված կարգով անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա կոմիտեի ծառայողական քննության հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Նույն օրենքի  44 պրիմ հոդվածում ասվում է, որ կարգապահական տույժ նշանակելիս պետք է հաշվի առնվեն կատարված խախտման (զանցանքի) ծանրությունը, այն հանգամանքները, որոնց առկայությամբ խախտումը (զանցանքը) կատարվել է մաքսային ծառայողի կողմից: Մինչև կարգապահական տույժ նշանակելը մաքսային ծառայողից վերցվում է գրավոր բացատրություն:

Իսկ 46-րդ հոդվածի առաջին մասում ասվում է, որ կոմիտեի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովը, կոմիտեի սահմանած կարգով, անցկացնում է ծառայողական քննություններ և դրանց արդյունքների վերաբերյալ կոմիտեի ղեկավարին ներկայացնում է եզրակացություններ:

Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից պարզ է դառնում, որ մաքսային ծառայողի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասությունը պատկանում է կոմիտեի ղեկավարին, իսկ որոշ դեպքերում նաև՝ մաքսատան պետին։ Բացի այդ, մաքսային ծառայության պաշտոնից ազատելը կարգապահական տույժերից ամենախիստն է, հետևաբար ծառայությունից աշխատակիցն ազատվում է, եթե աշխատակցի կողմից ծանր խախտում է կատարվել: Կարգապահական տույժ նշանակելու համար սահմանված կարգով պետք է իրականացվի ծառայողական քննություն, որից հետո միայն, երբ հաստատվում է անձի մեղավորությունը, կիրառվում է 44-րդ հոդվածի 4-ից 7-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից մեկը:

Այսպիսով, վարչապետը ոչ միայն այն իրավասու անձը չէր, որը կարող էր կարգապահական պատասխանատվություն կիրառել մաքսային ծառայողի նկատմամբ, այլ նաև մաքսատան աշխատակցի ենթադրյալ կատարած արարքը նախ պետք է որակվեր որպես խախտում և ապա միայն որոշվեր, թե պատասխանատվության որ միջոցն է կիրառելի նրա նկատմամբ։

Ուստի վարչապետը ոչ միայն դուրս է եկել իր իրավասության շրջանակներից, այլ նաև բանավոր հրահանգով խախտել է օրենքով սահմանված ընթացակարգը։

Հավելենք, որ մաքսային ծառայող Հայկ Մարտիրոսյանը պարզաբանել էր, թե ինչու է դրոշը եղել պատի անկյունում դրված։ Նրա խոսքով դրոշը փակցված էր եղել դռան վերեւում, պոկվել էր, եւ մի կողք էին դրել, որպեսզի կրկին ամրացնեն»:

Ապրիլի 10-ին պարզ դարձավ, որ Հայկ Մարիտրոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով ազատվել է աշխատանքից։Այդ դեպքից հետո ազատման դիմում էր գրել նաև տվյալ վարչության պետը, ինչի կապակցությամբ Դավիթ Անանյանն ասել է. «Դա այդ մարդկանց ընտրությունն է։ Ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետն իրավունք չունենք մարդուն ազատել կամ չազատել»։

Այս խոսքերով ՊԵԿ նախագահը անուղղակիորեն խոստովանել է, որ վարչապետի՝ մաքսատան աշխատակցին ազատման դիմում գրելու հրահանգը օրինաչափ չէր:

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը դուրս գալիս իր իրավասության սահմաններից և ինչու՞ է նման հայտարարություններ անում.

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդես է գալիս իր իրավասության շրջանակներից դուրս հայտարարություններով։ Բոլոր այդ դեպքերում մենք գործ ունենք վարչապետի մանիպուլյատիվ գործողությունների հետ: Շարքային աշխատակցին հրապարակավ տեսախցիկների առջև «դիմում գրելու» հրահանգ տալով՝ Փաշինյանը ցանկանում էր ցույց տալ իր սերն առ պետություն ու պետական խորհրդանիշներ, մինչդեռ ծառայությունից ազատման դիմումը պետք է լինի ազատ կամարտահայտություն, ոչ թե պարտադրանք: Պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքը մաքսատան երիտասարդ աշխատակցին աշխատանքից ազատվելու հրահանգով դրսևորելը ընդամենը հերթական մանիպուլյացիան էր։

Հաշվի առնելով վերջին շրջանում տարածվող այն լուրերը, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշն աստիճանաբար անկում է գրանցում, կարծես հասկանալի է դառնում, թե ինչու է Փաշինյանը նման վարքագիծ դրսևորում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն