Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Հրաժարականի իր տեքստում Սարգսյանը ըստ էության գրեթե բառացիորեն հայտարարում է, որ հրաժարական է տալիս հանուն ապագայում նախատեսվելիք այսպես կոչված սահմանադրական փոփոխությունների։ Գաղտնիք չէ, որ անցած տարվանից, Փաշինյանի անձնական հանցավոր քմահաճույքներից ելնելով, Փաշինյանը օրակարգ բերեց սահմանադրական փոփոխությունների հարցը, որի շրջանակներում Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կամ կիսանախագահական համակարգին։ Կարճ ասած, իր տեքստում Սարգսյանը հստակորեն ընդգծեց այն ուղերձը, որի համաձայն հրաժարական է տալիս, որպեսզի հետագայում որոշ գործընթացներից հետո Փաշինյանը դառնա նախագահ։ Այս համատեքստում Արմեն Սարգսյանի հրաժարականը մեծ հաշվով անակնկալ չէ։
Այս մարդն իր պաշտոնավարման տարիների ընթացքում այդպես էլ չունեցավ սեփական քաղաքական դիմագիծը և իր խամաճիկային վարվելակերպից ելնելով դարձավ գործող իշխանության կցորդը և հանրության ծաղրուծանակի առարկան։ Հանրությունը նրան կհիշի որպես պետության բախտորոշ պահերին անհետացած և առավելագույնը պաղպաղակ ուտող ինչ-որ անլուրջ կերպար։ Եվ պատահական չէ, որ հրաժարականի լուրը տարածվելուց հետո մարդիկ համացանցում ծաղրում են նրան՝ «նախագահ եղած ժամանակ էլ հրաժարական տվածի հաշիվ էր»։
Հանրությունը նրան կհիշի նաև որպես տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ սահմանադրական կարգի տապալման գործընթացներում հանցավոր լռություն պահպանած պաշտոնյա։ Մեր ընթերցողին հիշեցնենք նաև, որ Փաշինյանն այդպես էլ չհանրայնացրեց Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող փաստաթղթերը, որոնք իբր իրեն ցույց էր տվել Արմեն Սարգսյանը՝ ապացուցելով, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011թ.-ին։
Թե ինչպես կզարգանան իշխանությունների կողմից այս բացօթյա կրկեսում տեղի ունեցող հետագա իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
Աղբյուր՝ AntiFake.am