«Ոչ մի բամբասանք չենք թողնելու անպատասխան». կես տարի անց՝ «Չենք պատրաստվում որևէ բան հերքել». Փաշինյանը հրաժարվում է հերքել ծխախոտի մաքսանենգության մասին մեղադրանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Նախորդ տարի նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լայվ» մտավ կառավարական առանձնատնից, ուր նոր էր տեղափոխվել ընտանիքի հետ մասին, և փորձեց «հանգամանալից» հերքել կառավարական առանձնատան վերաբերյալ տարածվող այն լուրերը, համաձայն որոնց` պետբյուջեից դրա վերանորոգման վրա ծախսվել էր շուրջ 2 միլիոն դոլար։ Ինչու՞ «հանգամանալից», որովհետև Փաշինյանը ցուցադրեց առանձնատան բոլոր անկյունները՝ պատերի գույնը, սալիկապատված հատակը, ձեղնահարկը, բակը, «պուլպուլակը», արհեստական ծառը՝ համոզելու համար, որ չէր կարող ծախսվել 2 միլիոն դոլար վերանորոգման վրա, իսկ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը,  հաստատեց՝ «այո, պատերի գույնն այն չէր։ Փոխել ենք այն՝ մեր սիրած գույնով»։ Փաշինյանն էլ շտապեց լրացնել՝ «վերանորոգումը սկսելուց առաջ առաջին հերթին լուծել ենք բանվորների կացարանի հարցը»։

Թե ինչքան էր ծախսվել պետբյուջեից, Փաշինյանը չասաց (էլ ինչ հերքում, երբ չես ասում ճիշտը)։ Ասաց միայն, որ 2 միլիոնից մի 10 անգամ պակաս է ծախսվել, ինչը սուտ էր, քանի որ կառավարության որոշման այն մասով, որով հատկացված գումարին վերաբերվող տեղեկությունը հույժ գաղտնի չէր, այդ գումարի չափն արդեն իսկ գերազանցում էր Փաշինյանի նշած «10 անգամ պակասը», էլ ուր մնաց դրան գումարենք հույժ գաղտնի կերպով հատկացված գումարի չափը։

Ինչևէ, Փաշինյանը նույն տեսանյութում անդրադարձավ, իր բնորոշմամբ, մի քանի այլ «բամբասանքների»՝ խոստանալով. «ժողովուրդ ջան, ոչ մի բամբասանք անպատասխան չենք թողնելու, … որովհետև մեզ համար կարևոր է, որ բոլորն իմանան ճշմարտությունը»։ Նա հայտնեց, որ Աննա Հակոբյանի հետ որոշել են պարբերաբար անդրադառնալ, իր բնորոշմամբ, «ամենապոպուլյար բամբասանքներին»։

«Ինչպես որ պայմանավորվել ենք, մենք բամբասանքները չենք թողնելու անպատասխան»,- հաստատակամ նշեց Փաշինյանը՝ չմտածելով, որ մոտ կես տարի անց կրկին «լայվ» է մտնելու կրկին իր ընտանիքին վերաբերվող լուրերի կապակցությամբ, բայց այս անգամ ասելու՝ «որևէ բան չենք պատրաստվում հերքել»։

Խոսքը վերաբերվում է երեկ՝ մայիսի 19-ին հրապարակված «լայվին»։ Առերևույթ Փաշինյանը պատրասվում էր խոսել կորոնավիրուսային համավարակի մասին, բայց «շեղվեց» թեմայից՝ «հիշելով» վերջին օրերին տարածվող մի քանի լուրեր՝ կապված իր ընտանիքի, մասնավորապես՝ դիմակի բիզնեսում փայ ունենալու, ռեկետ անելու, մաքսանենգությամբ զբաղվելու հետ, և բարկացած հայտնեց՝ «հավատում եք՝ հավատացեք, որևէ բան չենք պատրաստվում հերքել»։

Այս ամենն ասաց նույն Փաշինյանը, ով կես տարի առաջ խոստանում էր ոչ մի բամբասանք անպատասխան չթողնել՝ կարևորելով ժողովրդի՝ ճիշտը իմանալու անհրաժեշտությունը։

Դատելով Փաշինյանի խոսելաոճից` կարելի է ասել, որ նրան հատկապես բարկացնում էր մաքսանենգության թեման։ Թե ինչու ժողովուրդը չպետք է հավատա այդ լուրերին, նա բացատրեց. «քանի որ դուք եք ինձ բերել նստացրել այստեղ, դրա համա՞ր եք բերել, եթե այո՝ հավատացեք, հավատում եք՝ հավատացեք»։

Համաձայնեք՝ այնքան էլ արժանահավատ փաստարկ չէ կես տարի առաջ ոչինչ անպատասխան չթողնելու խոստում տված վարչապետի կողմից, ում ընտանիքի անդամների անվան հետ կապում են նման ծանր մեղադրանք՝ ծխախոտի մաքսանենգություն։ Այնպես որ՝ օդում կախված են մնում մի շարք հարցեր։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, համաձայն որոնց` Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, մասնավորապես՝ աներձագ Հրաչյա Հակոբյանը ներգրավված է եղել ծխախոտի մաքսանենգության մեջ։ 40 տոննա մաքսանենգ ծխախոտի արտահանման փաստը որոշ ժամանակ անց հաստատվեց տեսանյութով և լուսանկարով։ Օրերս էլ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնեց մեկ այլ մաքսանենգ ինքնաթիռի կալանավորման մասին, որը մայիսի 9-ին Երևանից Վորոնեժ էր թռել՝ տեղափոխելով 18 տոննա 831 կիլոգրամ ծխախոտ:

Դատախազությունը հայտնել էր, որ մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանի կես տարի առաջվա և ներկայիս հակասական հայտարարությունները՝ տեսանյութում.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն