Սրբի դեմքով այդ աղջնակը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանի իրավական բանդան. Ռուբեն Հայրապետյան. 168.am

article-image

Նիկոլ Փաշինյանի իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանն այսօր լրագրողների հետ ճեպազրուցում անդրադարձել է 2021 թվականի մարտի 10-ին 168.am-ի հրապարակած սկանդալային ձայնագրությանը, որտեղ ակնհայտորեն երևում էր, որ իրավաբան օգնականը միջամտում էր գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ կազմված գործերի գրավոր նյութերի մեջ ուղղումներ կատարում, ցուցումներ տալիս քննիչին:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Աննա Վարդապետյանը ասել էր, թե ինքն ընդամենը մասնագիտական կարծիք է հայտնել:

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, ես 15 տարի աշխատում եմ իրավական համակարգում, բոլոր իմ ընկերները, այդ թվում՝ փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր ինձ հետ ունեցել են և շարունակում են ունենալ։ Իմ կարծիքը որևէ մեկի համար պարտադիր չէ, ես որևէ կերպ որևէ ազդեցություն չեմ ունենում որևէ հարցի վերաբերյալ, դա ինձ համար նաև մասնագիտական էթիկայի խնդիր է, և այդ շահարկումները երևի նպատակներ էին հետապնդում, որոնք ինձ համար հասկանալի չեն»,-ասել էր Վարդապետյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ ինքը ոչ թե մասնավոր ընկերությունում է աշխատում, այլ վարչապետի խորհրդականն է, և, որ դա թույլ է տալիս պնդել, որ իր արարքն ուղիղ միջամտություն է արդարադատությանը, Վարդապետյանն այսպես է արձագանքել.
«Ի պաշտոնե չի իրականացվել լիազորությունը, դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից՝ զուտ մասնագիտական կարծիք հարցնելու․․․»։

168.am-ը դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ խնդրելով մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանի «պարզաբանումը»:

-Նախ, ես ուզում եմ մի ուղղում մտցնել: Նա Նիկոլ Փաշինյանի իրավական բանդիտիզմի գծով ղեկավարն է: Աննա Վարդապետյանն իրավական բանդա է ղեկավարում: Ես նայել եմ ճեպազրույցը և ապշել եմ՝ սրբի դեմքով այդ աղջնակը ո՞նց կարող է այդքան սուտ ասել:

-Ի՞նչը Ձեզ հատկապես զարմացրեց նրա խոսքերի մեջ:

-Նախ որտեղի՞ց է նա այդ քննիչի հետ ընկերություն անում: Երկրորդը, եթե համարենք, որ Աննա Վարդապետյանն, ինչպես ինքն է ասում, ընկերաբար է խորհրդատվություն տվել որդուս գործով քննիչին, նա դրա իրավունքը չունի…Ինքը պետական պաշտոնյա է: Ի՞նչ է, Աննա Վարդապետյանը ժամը 18:00-ից հետո էլ Նիկոլ Փաշինյանի օգնականը չէ՞:Խեղկատակության վերջին կետին են հասել, ամոթ է: Տարոն Մարգարյանի գործո՞վ էլ էր ընկերական խորհուրդներ տալիս…

-Աննա Վարդապետյանը նաև դասավանդում է ԵՊՀ-ում. միգուցե չի՞ կարողանում հրաժարվել դասավանդելու գայթակղությունից:

-Նույն սրբապատկեր հայացքով երևի ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում իրավաբանական կրթություն է տալիս, հանցագործություն է սովորեցնում այդ երեխաներին…

-Որևէ կերպ Աննա Վարդապետյանի խոսքերը չհամոզեցի՞ն Ձեզ:

-Իհարկե, ո՛չ: Ենթադրենք հավատանք, որ հենց այնպես հարցրել են, ինքն էլ պատասխանել է, իրավաբանական օգնություն է ցուցաբերել, բա այդ ինչպե՞ս էին իմ բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար, կանոնավոր կերպով հասնում այդ նույն աղջնակին… Նա պարբերաբար պահանջել ու քննիչից ստացել է իմ, ընտանիքի անդամների անձնական, ինչպես նաև ֆիրմաներիս հաշիվների վերաբերյալ տեղեկություններ: Դրանք ինչո՞ւ էր պահանջում, կրկի՞ն՝ ընկերական…

-Ինչո՞ւ էր Աննա Վարդապետյանն, ըստ Ձեզ, պահանջում Ձեր ընտանիքի անդամների և ձեզ հետ առնչվող ընկերությունների բանկային հաշիվները:

-Պնդում եմ, որ քննիչը պարբերաբար նրան է ուղարկել դրանք, ինչի իրավունքը չուներ: Քննիչն անգամ իրավունք չուներ իր վերադասին դա ցույց տալ: Գոյություն ունի բանկային գաղտնիք: Դա հանցագործություն է: Ես վստահ եմ, որ այդ տեղեկությունները, հաշիվների ու ֆիրմաների շարժը նա փոխանցել է իմ բիզնես հակառակորդներին: Մի տարվա ֆինանսական շարժը քննիչն անընդհատ ուղարկել է նրան:

-Ձեր փաստաբանը ժամանակին հայտարարել է, որ Աննա Վարդապետյանը նաև Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) առնվազն երկու անգամ հանդիպել է ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Կարծում եք՝ Ձեր որդու գործը նույնպե՞ս քննարկվել է այդ հանդիպումների ընթացքում:

-Ես չեմ կարծում: Ես համոզված եմ: Իսկ ինչո՞ւ էր Գագիկ Ջհանգիրյանն անձամբ այդ գործի համար գնում-հասնում Սևան, Սևանից գործը հետ ուղարկել տալիս Երևան: Դեպքը կատարվել է Սևանում, և դատը նույնպես Սևանում պետք է լիներ: Գագիկ Ջհանգիրյանը գնաց-հասավ Սևանի դատարան, պարտադրեց, այնտեղից գործն ուղարկեցին Երևան:

-Դուք և Ձեր փաստաբան Ամրամ Մակինյանը մի առիթով նշել եք, որ հետևողական եք լինելու և Աննա Վարդապետյանի՝ Ձեր որդու գործին միջամտության հետքերով մինչև վերջ եք գնալու:

-Ես ասել եմ ու հիմա էլ եմ ասում՝ Աննա Վարդապետյանը պատժվելու է այս գործով, իսկ քննիչին խորհուրդ եմ տալիս շուտ գնալ ու խոստովանական ցուցմունքով հանձնվել: Քննիչն ամեղ գառնուկ է:

Նրան փուռն են տալիս, գնում է: Դատվելու են բոլորը… քննիչը, քննչականի պետի տեղակալը, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, Աննա Վարդապետյանը… Մանրամասն գիտեմ այդ ամբողջ եղելությունը՝ ոնց են իմ ու իմ ընտանիքի գլխին սարքել էս գործը: Իրենք մտել են ընտանիք, պատժվելու են: Աննա Վարդապետյանը, աշխարհի որ ծայրում էլ լինի, պատժվելու է:

Արդարադատությունը չպատժի, Աստված է պատժելու: Փոխանակ ամաչի մարդկանց մեջ դուրս գալ, դեռ ճեպազրույցներ է տալիս ու արդարանում:

Աղբյուր՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն