Արսեն Թորոսյանի դիրքորոշումը փոխվել է կորոնավիրուսով վարակված երեխաների թվի հրապարակման վերաբերյալ

article-image

Այսօր` մայիսի 21-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի հերթական ասուլիսն էր Կառավարության նիստից հետո:

Բազմաթիվ հարցերի շրջանակներում Արսեն Թորոսյանը հրապարակել է նաև նոր կորոնավիրուսային վարակվածություն ունեցող երեխաների և հղի կանանց թիվը: Այսօր համաձայն Արսեն Թորոսյանի հրապարակած տվյալների` կորոնավիրուսային վարակվածություն ունեն 270 երեխա և 23 հղի կին:

Պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերվում էր աշխարհի տարբեր երկրներում երեխաների մոտ առաջացող Կավասակիի հիվանդությանը, Արսեն Թորոսյանը նախ նշեց, որ կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ նման հիվանդության դեպք չի արձանագրվել, այնուհետև սեփական նախաձեռնությամբ հրապարակեց մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված երեխաների թիվը:

«Ուզում եմ առիթը օգտագործել և թվերը ասել. մենք երեկվա դրությամբ ունենք հաստատված 270 երեխա (նկատի ունեմ`մինչև 18 տարեկան քաղաքացի), որոնցից ընդամենը 2 երեխա ունի թոքաբորբ և շատ թեթև, այսինքն` որևէ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա: Հետևաբար, այն ընդհանուր մոտեցումը, որ երեխաները թեթև են տանում, մենք նույնպես մեր սեփական փորձով տեսնում ենք, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է երեխաներին անհարկի վտանգի ենթարկենք վարակվելու: Մենք ամեն դեպքում պետք է պաշտպանենք բոլորին», - մանրամասնել է Արսեն Թորոսյանը:

Պետք է նշել, որ դեռևս ապրիլի 10-ին իր մամուլի ասուլիսում, պատասխանելով AntiFake.am-ի հարցին, Արսեն Թորոսյանը նպատակահարմար չէր գտել հրապարակել կորոնավիրուսով վարակված երեխաների ընդհանուր թիվը` պատճառաբանելով, որ հիվանդության տարածման տեսանկյունից այն որևէ նշանակություն չունի:

«[Թե] քանի վարակված մանկահասակ, դպրոցահասակ երեխա կա Հայաստանում, չեմ կարող այդ թիվը հայտնել, և դա իրականում համաճարակաբանական կամ հիվանդության տարածման տեսանկյունից որևէ նշանակություն չունի», - այդ ժամանակ ասել էր առողջապահության նախարարը:

Հարց է առաջանում, թե ինչ պատճառներով է Արսեն Թորոսյանը հայտնում տվյալներ, որը մոտ մեկ ամիս առաջ չէր կարող և նպատակահարմար չէր գտնում` համաճարակաբանական տեսանկյունից:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեխաներին դասում է կորոնավիրուսային վարակվածության նկատմամբ խոցելի խմբերի շարքում: Այնուամենայնիվ, երեխաների շրջանում հիվանդությունը համեմատաբար ավելի թեթև է ընթանում` միևնույն ժամանակ հաշվի առնելով նաև հիվանդության պատճառով առաջ եկած մի շարք բարդություններ և հարակից հիվանդություններ:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն