Դատական համակարգի դանդաղ բարեփոխումների ոդիսականը. Վարչապետը մտափոխվե՞լ է

article-image

Մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները տարատեսակ հարցեր են ուղղել վարչապետ Փաշինյանին:

Լրագրողներից մեկի հարցը հետևյալն էր. «Այսպես կոչված վեթինգի մասին օրենքից լուրջ դժգոհություններ հայտնեցին Բաց հասարակության ինստիտուտը և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ: Ո՞րն է այս դժգոհության մոտիվացիան: Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է քայլեր ձեռնարկել հանրային սեկտորի դժգոհությունները մեղմելու համար»:

Անդրադառնալով լրագրողի վերջին հարցին` վարչապետը նշել է. «Գիտեք, դա լավ նպատակ չի, քայլեր անել ինչ-որ սեկտորի դժգոհությունները մեղմելու համար»:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար պատրաստվում է քայլեր անել և անում է այդ քայլերը. «Մենք շարունակաբար գնալու ենք այդ քայլերով: Մենք չենք ուզում Հայաստանում արագ ստեղծել թեկուզ պրոհեղափոխական կամ խամաճիկային դատարան: Մենք ուզում ենք` Հայաստանում անկախ դատական համակարգ լինի»:  

Շարունակելով պատասխանել լրագրողի կողմից հնչեցված հարցերին` Փաշինյանը խոսել է բարեփոխումների տեմպի և արագության մասին.  «Ընդհանուր առմամբ, շատ է խոսվում բարեփոխումների տեմպի և արագության մասին, բայց արդյո՞ք արագ բարեփոխումը լավ բարեփոխում է: Երրորդ հանրապետության պատմության մեջ ես ինքս որպես լրագրող և քաղաքացի ականատես եմ եղել մի քանի բարեփոխումների փայլուն ծրագրերի, որոնք ուղղակի վիժեցվել են այդ բարեփոխումների հեղինակների շատ արագ դա իրականություն դարձնելու պատճառով: Մենք Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ ունեցել ենք շատ արագ իրականացված և հաջող բարեփոխումների օրինակներ, որոնք հետո քաղաքական իրավիճակի կոնյուկտուրայի փոփոխության բերումով զրոյացվել են և ընդհանրապես մոռացության են մատնվել: Այսինքն, ինստիտուցիոնալ խնդիր չեն դարձել: Եվ ես, անկեղծ որ ասեմ, համարում եմ, որ բարեփոխումները Հայաստանում պետք է ընթանան հանդարտ տեսքով, հանդարտ տեմպով, որպեսզի իրենք դառնան խորքային: Այդ բարեփոխումների կրողը միայն կառավարությունը չլինի, այլ նաև հանրությունը»:

Իր խոսքերն առավել պատկերավոր կերպով ներկայացնելու համար վարչապետը որպես օրինակ բերել է խորովածի պատրաստումը և նշել. «Երբ հյուր է գալիս մեր տուն և խնդիր կա խորոված անելու, մարդիկ սոված են, պետք է հնարավորինս արագ այդ խորովածը հասցնել իրենց, և դրա համար ի՞նչ է արվում: Բնականաբար թեժ կրակ է արվում, որպեսզի խորովածը արագ դրվի կրակի վրա, բայց եթե խորովածը արագ է արվում՝ ավելի արագ, քան անհրաժեշտ է, երեսը վառվում է ,մեջը հում է մնում, և արդյունքում հյուրերը մնում են սոված: Այդ բարի մղումը, որ արագ անենք խորովածը և շուտ տանենք դնենք մեր հյուրերի առաջ, չի ստիպում, որ մեր հյուրերը մեր արած խորովածից գոհ լինեն: Ընդհակառակը, իրենք սոված են հեռանում, որովհետև ուտելու չէ այդ խորովածը՝ երեսը վառած է, մեջը` հում»:

«Նույնն էլ բարեփոխումներն են: Երրորդ հանրապետության պատմության մեջ տասնյակ բարեփոխումներ ունենք, որ երեսը վառած է, մեջը հում, բայց մտադրությունը լավն է»,- շարունակել է վարչապետը և նշել, որ նրանք նորմալ կրակի վրա են ցանկանում խորոված անել և այն մարդկանց մատուցել, որպեսզի իրենց հյուրը՝ ՀՀ քաղաքացին և ժողովուրդը, գոհ լինեն, հագենան և բավարարված զգան իրենց այդ բարեփոխումների արդյունքներից:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ իրենց համար ակնհայտ է, որ դատական համակարգում իսկապես պրոֆեսիոնալներ կան. «Մենք պետք է կարողնանանք այս պրոցեսներով այնպես անել, որ դատական համակարգի ներսում տեղի ունենան փոփոխություններ, որ ի հայտ գան մարդիկ, որոնք դառնան այն վեմը, որի վրա անկախ դատական համակարգը կարող է կառուցվել»:

Եզրափակելով իր խոսքը` Փաշինյանն ընդգծել է, որ կարծում է, որ պետք է գնալ լավ խորոված անելու ճանապարհով, որ մինչև խորքը բովանդակային կերպով «եփվի» բարեփոխումը, քանի որ դա է ճիշտ, և երկարատև բարեփոխումն է, որը արդյունք է բերելու:

Նկատենք, որ Փաշինյանի՝ դատական համակարգում դանդաղ փոփոխություններ իրականացնելու տեսլականը խիստ զարմանալի է` պայմանավորված վերջինիս նախկին հայտարարություններով և գործողություններով, իսկ բարեփոխումների պրոցեսը խորովածի օրինակով պատկերավոր ներկայացնելը` օրինաչափ:

2019թ. մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համակիրներին կոչ էր արել փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն այնպես, որ ոչ ոք չկարողանա մուտք գործել և դուրս գալ դատարանի շենքից: Փաշինյանը դա համարել էր ժողովրդի իշխանության հաստատման և հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը:

Ավելին, այդ ամենից հետո Փաշինյանը ելույթ էր ունեցել և ասել, որ Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ: «Դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը»,- ընդգծել էր Փաշինյանը:

Նույն ելույթում Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, ինչը, ըստ Փաշինյանի, իրենից ենթադրում էր դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին ամբողջական տեղեկատվության հասանելիության հասարակության համար, մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորների հրաժարական կամ պաշտոններից հեռացում և այլն:

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանի ելույթից շուրջ մեկ տարի անց իշխանությունը փորձում է ցույց տալ, թե խոստացված վեթինգը շուտով կյանքի է կոչվելու «դատավորների բարեվարքության փաթեթ» անունը ստացած օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի շնորհիվ: Մինչդեռ բարեվարքության և գույքային դրության ստուգման լիազորությամբ օժտված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ դատավորներին վեթինգի ենթարկելու՝ Արդարադատության նախարարության ներկայացրած օրինագիծն ամենևին էլ վեթինգի մասին չէ, այսինքն՝ վեթինգ չի լինելու: ԿԿՀ նախագահն ընդգծել էր, որ գործող դատավորների մասով իրականացվելու է գույքի եկամուտի և շահերի հայտարարագրերի ուսումնասիրություն, որը ո՛չ բարեվարքություն է, ո՛չ առավել ևս վեթինգ և այս գործընթացն իրենից ենթադրում է սահմանափակ հնարավորությամբ դատավորների գույքի եկամուտների և շահերի ստուգում:

Փաստենք, որ Փաշինյանի՝ շուրջ մեկ տարի առաջ արված հայտարարություններն ու գործողությունները և նրա տրամադրվածությունը հակասում են վերջինիս՝ օրերս հնչեցրած «դանդաղ բարեփոխումների տրամաբանությանը»:

Ստացվում է, որ ըստ Փաշինյանի՝ ժողովրդի վստահությունը և գործելու բավարար լեգիտիմություն չունեցող դատական համակարգը, որը վերջինս մեկ տարի առաջ համարում էր երկրի բնականոն կյանքի, կայունության ու ազգային անվտանգության սպառնալիք  շարունակելու է գործել և տեղի են ունենալու դանդաղ, սակայն `արդյունավետ փոփոխություններ: Զարմանալի է նաև, որ «հեղափոխության» ղեկավարը խոսում է դանդաղ գործընթացների մասին, քանի որ «հեղափոխություն» ասվածը դասական իմաստով ինքնին ենթադրում է փոփոխություններ կարճ ժամանակահատվածում:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն