Գործարանների բացման կրեդիտները՝ Փաշինյանին, իսկ փակման պատասխանատվությունը՝ ուրիշներին. իշխանության «հաջողության» բանաձևը

article-image

Մայիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոր «100 փաստ», որոնք լի էին ստերով և մանիպուլյացիաներով։

AntiFake.am-ը առանձին-առանձին ներկայացնում է ասուլիսի և հարցուպատասխանի ընթացքում վարչապետի հնչեցրած ստերն ու մանիպուլյացիաները։

Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի՝  Yerevan.Today լրատվականի հարցին ի պատասխան հնչած մանիպուլյացիաները։

Yerevan.Today-ը հետաքրքրվել էր, թե ինչու Հայաստանում չեն աշխատում Բալոնների գործարանը, Հայկական էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանը, Սևանի շաքարի գործարանը, Ալավերդու պղնձաձուլարանը, բամբակի վերամշակման գործարանը, որոնց մի մասի բացմանը մասնակցել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս հարցերին ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ես լինում եմ շատ վայրերում, շատ գործարաններում, բայց այդ գործարանների հետագա աշխատանքի պատասխանատվությունը կրում է առաջին հերթին այդ ընկերության ղեկավարությունը: Այլ բան, թե արդյոք կառավարությունը ստեղծել է բավարար պայմաններ ընկերությունների գործունեության համար»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր բերած 100 փաստերի մեջ տասնյակ փաստեր են արձանագրված, որ ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալելու համար բավականին լավ պայմաններ են ստեղծվում, որոնք իդեալական չեն, բայց բարելավվում են։ «Այդ ընկերություններից մեկի սեփականատերը «Սանիթեքի» սեփականատերն էր, «Սանիթեքի» հետ կապված խնդիրը գիտեք: Այդտեղ կան նաև ընկերություններ, որոնց սեփականատերերը կամ ղեկավարները կոռուպցիոն գործերով գտնվում են հետախուզման մեջ»,- նշել էր Փաշինյանը և հավելել, որ երբ որևէ մեկն իրեն հրավիրում է իր տնտեսական գործունեությունը ներկայացնելու համար, ինքը չի խուսափում. «Բայց եթե որևէ մեկը մտածել է, որ իմ որևէ տեղում գտնվելն իրենց ազատելու է իրենց՝ օրենքի առաջ ունեցած պատասխանատվությունից, այդպիսի բան լինել չի կարող: Այդ ընկերությունների աշխատելու պատասխանատվությունն իմ վրա չէ: Այո, ուրախալի կլիներ, եթե այդ ընկերություններն աշխատեն: ՀՀ-ում ընկերություններ են բացվում, փակվում, կարևորը, թե որքանով է դա տեղի ունենում կառավարության ապօրինի, սուբյեկտիվ գործողությունների արդյունքում: Այդ առումով զրո է ազդեցությունը»:

Ինչպես իր մի շարք պատասխաններում, այս հարցի վերաբերյալ պատասխանում նույնպես Նիկոլ Փաշինյանն արել է մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ։

  • Փաշինյանը նշում է. որ «գործարանների հետագա աշխատանքի պատասխանատվությունը կրում է առաջին հերթին այդ ընկերության ղեկավարությունը», և «այդ ընկերությունների աշխատելու պատասխանատվությունն իր վրա չէ»։

Սա ասում է մի մարդ, ով 2018 թվականի իշխանափոխության գործընթացից հետո մեծ շուքով և պետական ամենաբարձր լուսաբանմամբ մասնակցում էր մի շարք գործարանների բացմանը և այդ գործարանների բացումը ներկայացնում որպես իր կառավարության հաջողություն։

2018թ. հոկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի մարզի Ագարակ համայնք, որտեղ տեղեկացրել էր շաքարի նոր գործարանի բացման մասին. «Շուտով Սանկտ Պետերբուրգի հանդիպման ևս մեկ մասնակցի կողմից գործնական քայլերի ականատես կլինենք: Շուտով Սևանում կբացվի շաքարի գործարան, որի սեփականատերն այստեղ է»,- հայտնել էր Փաշինյանը։

«Ուզում եմ երաշխավորել և հավաստիացնել, որ Նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի որևէ գործարարի հետ «փայ մտնել», որևէ մեկի վրա «նալոգ դնել», որևէ պաշտոնյայի մտքով չի անցնի կաշառք վերցնել, խնդիրներ ստեղծել»,- նույն հանդիպման ժամանակ նշել էր Փաշինյանը։

Մինչ այս հանդիպումը՝ 2018թ. հոկտեմբերի 4-ին, կառավարության կողմից «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ-ին տրվել էր ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն:

Իսկ 2018թ. նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարներին, այցելել մարզի արտադրական ձեռնարկություններ։ Հանդիպման ընթացքում Փաշինյանն ասել էր, որ քաղաքական փոփոխություններից հետո վերացվել են մենաշնորհները, անհավասար պայմանները, և այսօր չկա գործունեության որևէ տեսակ, որն արգելված է: «Առաջիկայում բացվելու է շաքարի երկրորդ գործարանը, ստեղծվում են պայմաններ, որ մարդն արժանապատիվ աշխատանքով ապրի», - տեղեկացրել էր նա։

2018թ. դեկտեմբերի 5-ին Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա էր գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ-լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր էր։ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի հիմնումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Փաշինյանը 2018թ. դեկտեմբերի 22-ին Վանաձորում մասնակցել էր իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը: Վարչապետի պաշտոնակատարը ողջունել էր ընկերության ընդլայնման ծրագրերը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմով աջակցել ներդրումային նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

2019թ. օգոստոսի 10-ին վարչապետը մասնակցել էր Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ Մինչ այդ՝ 2018թ. տարեվերջյան նիստերից մեկում, ՀՀ կառավարությունը որոշել էր արտոնություն տրամադրել նշված ընկերությանը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով։

Սա ընդամենը մի մասն է այն գործարանների, որոնց բացմանը մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, և ինչպես արդեն նշեցինք, Փաշինյանի մասնակցությունը գործարանների բացման արարողություններին ուղեկցվել է այնպիսի լուսաբանմամբ և այնպիսի շեշտադրումներով, որոնցով փորձ էր արվում ցույց տալ, որ Հայաստանում տեղի է ունենում ներդրումային «բում» և այդ ամենը` շնորհիվ Նիկոլ Փաշինյանի։

Վերը թվարկվածներն այն գործարաններն են, որոնք ներկայումս չեն գործում, կամ գործում են ոչ այն ծավալներով, որն ի սկզբանե նախատեսված է եղել։

Տեսնում ենք նաև, որ բացի գործարանների բացմանն անձամբ մասնակցելուց ու դրանք մեծ շուքով լուսաբանելուց, նաև կառավարությունը մի շարք դեպքերում որոշումներ է կայացրել տարատեսակ արտոնություններ հատկացնել այդ ընկերություններին, ինչը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Իսկ մի քանի ընկերությունների դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը տարբեր միջոցառումների ժամանակ անձամբ է հայտարարել դրանց բացման մասին։

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանը տարբեր միջոցառումների ընթացքում հայտնել տարբեր գործարանների բացման մասին, ինչու է կառավարությունը արտոնություններ շնորհել այն ընկերություններին, որոնք բացումից երկու տարի անց այլևս չեն աշխատում։

Ինչու Փաշինյանը մտահոգված չէ տրված արտոնությունների արդյունքում պետական բյուջե չմուտքագրված գումարների ճակատագրերի մասին, գործարանների փակման հետևանքով գործազուրկ մնացած հազարավոր քաղաքացիների մասին, և այս ամենը հաշվի առնելով` ինչպե՞ս կարող է հայտարարել, որ չի կրում գործարանների փակման պատասխանատվությունը։

Հետևաբար, տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի անտարբեր վերաբերմունքը գործարանների հետագա գործունեության, առավել ևս՝ փակման վերաբերյալ, ինչն առիթ է տալիս հետևություն անելու, որ ինչպես շատ դեպքերում, այս դեպքում ևս Փաշինյանի համար կարևոր է րոպեական PR-ը ինքն իրեն և իր կառավարությանը գովազդելու, գործարանների բացման հաջողությունն իրեն վերագրելու համատեքստում, իսկ ձախողման պատասխանատվությունը ողջ ծավալով թողնում դրանց սեփականատերերի վրա։

  • Հաջորդիվ Փաշինյանը նշել է. «Իմ բերած 100 փաստերի մեջ տասնյակ փաստեր են արձանագրված, որ ՀՀ-ում տնտեսական գործունեության ծավալելու համար բավականին լավ պայմաններ են ստեղծվում»։ Խոսքի մեկ այլ հատվածում էլ նշել էր. «ՀՀ-ում ընկերություններ են բացվում, փակվում, կարևորը, թե որքանով է դա տեղի ունենում կառավարության ապօրինի, սուբյեկտիվ գործողությունների արդյունքում: Այդ առումով զրո է ազդեցությունը»։

Նիկոլ Փաշինյանը խոսում է այն փաստերի մասին, որոնք յուրաքանչյուր անգամ ներկայացնելուց հետո հասարակական-քաղաքական գործիչները, սովորական քաղաքացիները հաջորդաբար ապացուցում են նրա «փաստերում» ներկայացված ստերն ու մանիպուլյացիաները։

Իսկ տնտեսական գործունեություն ծավալելու պայմանների մասին իրականությունը բոլորովին այլ է, ինչն ապացուցվում է հենց փակվող գործարանների փաստով։

Բացի այդ, որոշ ժամանակ առաջ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և «Յուքոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, որ «երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը, նաև մեկ այլ տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություն՝ IUnetworks-ը»։

«Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում` ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով»,- հայտարարել էր Խաչատրյանը։

Սա ընդամենը մեկ օրինակ է բազմաթիվ այն դեպքերից, երբ պարզ է դառնում, որ գործող իշխանությունը միջամտում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բիզնես գործունեությանը, ինչը, ձեռնարկատերերի հայտարարությունների համաձայն՝ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչ բարենպաստ ներդրումային միջավայրի և տնտեսական գործունեություն ծավալելու համար լավ պայմանների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։

  • Փաշինյանի մյուս հայտարարությունը վերաբերվում էր Հայկական էլեկտրոտեխնիկա արտադրող ընկերությանը. «Այդ ընկերություններից մեկի սեփականատերը «Սանիթեքի» սեփականատերն էր, «Սանիթեքի» հետ կապված խնդիրը գիտեք», - նշել էր Փաշինյանն՝ անդրադառնալով փակված գործարանների մասին հարցին։

Խոսքը վերաբերվում է 2018թ. դեկտեմբերի 5-ին բացված Մերձավանի գործարանին՝«Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ին, որի փակման մասին AntiFake.amհայտնել էր դեռևս նախորդ տարվա ապրիլի 18-ին։ Ինչին հետևեց մամուլում տեղեկությունը հերքող մի շարք հրապարակումների տարածումը։ Գործարանի աշխատելու իմիտացիային մասնակից դարձան անգամ իշխանության բարձրաստիճան մի շարք ներկայացուցիչներ, ինչպես օրինակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, գործարանի «աշխատանքները» լուսաբանելու համար կազմակերպվեց իշխանական լրատվամիջոցների այց։ Արդյունքում ստվերվեց գործարանի փակման մասին տեղեկությունը։ Սակայն այդ յուրօրինակ շոուից մի քանի ամիս անց գործարանի սեփականատերերն անձամբ խոստովանեցին, որ գործարանը չի աշխատում։

Այս դեպքում կրկին գործ ունենք իշխանության կողմից կազմակերպվող՝ ներդրումային ծրագրերի մեծ թափով իրականացման իմիտացիայի և դրա ֆոնին՝ իշխանության և Նիկոլ Փաշինյանի PR-ի հետ։

Ինչ վերաբերվում է այն հարցին, որ այս գործարանի չաշխատելու խնդիրը Փաշինյանը կապում է Սանիթեք ընկերության հետ աղբահանության առնչությամբ առաջացած խնդրի հետ, ապա հարկ ենք համարում նշել, որ AntiFake.am-ը տեղյակ էր գործարանի չգործելու մասին մինչև աղբահանության խնդիրն առաջանալը։ Ուստի այս մասով Փաշինյանը ստում է։

Եզրափակելով կարող ենք նշել, որ երբ անրաժեշտություն է առաջանում ցույց տալ իշխանության ներկայացուցիչների և մասնավորապես Փաշինյանի տված խոստումների իրականացումը, իշխանության քարոզչական ապարատը անում է ամենը ցույց տալու համար, որ բացվում են գործարաններ, ստեղծվում են աշխատատեր, առկա է ներդրումային բարենպաստ միջավայր, բայց երբ այդ ամենը ձախողվում է հենց իշխանության «գործուն ջանքերի» շնորհիվ, կամ իշխանության կողմից ոչ բավարար հետևողականություն ցուցաբերելու արդյունքում՝ Փաշինյանը ինքն իր վրայից գցում է պատասխանատվությունը։ 

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն