Խնջույք ժանտախտի ժամանակ կամ ինչպես վերին աստիճանի անլրջացնել կորոնավիրուսի դեմ պայքարը

article-image

Երեկ՝ մայիսի 21-ին, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությանը հաջորդել էր հյուրասիրություն, որի մասնակիցները, այդ թվում՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները և նրանց ուղեկցող կանայք չեն պահպանել սոցիալական հեռավորություն և չեն կրել դիմակներ ու ձեռնոցներ:

Այս ամենը չէր վրիպել ֆեյսբուքյան օգտատերերի և հասակակական-քաղաքական գործիչների կողմից, որոնք այս կապակցությամբ կոշտ քննադատության են ենթարկել իշխող ուժին:

Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում օր օրի ահագնացող վարակի ֆոնին, իշխանությունները քաղաքացիներին սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակ և ձեռնոց կրելու կոչեր են անում, սակայն իրենք չեն հետևում իրենց կողմից սահմանված կանխարգելման կանոնների պահպանմանը:

Փաստենք, որ կորոնավիրուսի Հայաստան ներթափանցմանը զուգահեռ, իշխող ուժի ներկայացուցիչները նախ «հումորային» հայտարարություններով էին անլուրջ իրավիճակ ստեղծում հասարակության շրջանում, ապա հանդես էին գալիս հակասական և իրարամերժ հայտարարություններով և իրենց գցում «իրենց փորած փոսը»:

Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակի տարածման սկզբնական շրջանում ասում էր թե «ու՞մ շունն է» կորոնավիրուսը, որ մի հատ էլ ինչ-որ պրոբլեմներ առաջացնի, իսկ հիմա երբ վարակը իր ծավալներով «նեղություն» է պատճառում իշխող թիմին՝ Փաշինյանն ասում է, թե «կորոնավիրուսը էլի շուն է, սական այն արդեն կծում է»:

Կորոնավիրուսի տարածման համատեքստում, Փաշինյանի անլրջության օրինակ է քարոզարշավ իրականացնելը, «պետական համակարգի օրգանիզմը քայքայողներին» կորոնավիրուս դարձնելն ու նրանց «պինցետով հանելն ու տնական արաղով դեզինֆեկցիա անելը», ապա այդ ամենը «մոռացության մատնելը»:

Կորոնավիրուսի տարածման համատեքստում, Փաշինյանի անլրջության մեկ այլ օրինակ է կորոնավիրուսը սովորական գրիպ որակելը, ապա ասելը, որ եթե կորոնավիրուսը գրիպ լիներ՝ հիվանդների 80%-ին կասեին, որ տուն գնան և թեյ խմեն:

Հիշարժան է նաև, իշխանության պայքարը «խուճապ» տարածողների դեմ և հետագայում արված այն խոստովանությունը, թե խուճապային տրամադրությունները չափից շատ են կանխվել և հանրությանը չի ստացվում բերել հավասարակշված վիճակի, քանի որ երկրում տիրում է համատարած հանդարտություն և հանգստություն:

Անլրջության դրսևորումների այս շարքը, ոչ միայն Փաշինյանի, այլ նաև նրա թիմակիցների տարատեսակ հակասական հայտարարությունների շուրջ անվերջ կարելի է շարունակել՝ ապացուցելով իշխող թիմի մեղավորությունը վարակի տարածման ծավալների և վարակի վտանգավորությունը հասարակության աչքերում առ ոչինչ դարձնելու վերաբերյալ:  

Սակայն, նկատենք որ հասարակությունը այդ պարզագույն արձանագրումների կարիքն այլևս չունի, քանի որ իր աչքերով է տեսնում իշխող թիմի «արկածները» և դրանից հետևություններ անում: Եվ ինչպես կառավարության վերջին նիստի ընթացքում նկատել էր վարչապետը՝ օրենսդիրի և գործադիրի ներկայացուցիչների մեծամասնության կողմից փակ տարածքներում դիմակներ չկրելը առաջացրել էր քաղաքացիների իրավացի դժգոհությունը: Դժվար չէ պատկերացնել, թե մի քանի տասնյակն անցնող անձով միջոցառման մասնակցելը, դրա ընթացքում պաշտպանիչ միջոցների չկրելը և սոցիալական հեռավորություն չպահպանելը ինչպիսի վերաբերմունք է ձևավորել հասարակության շրջանում՝ իրենց իսկ սահմանած կանոններին չհետևող ուժի նկատմամբ:

Նկատենք նաև, որ երկրում տեղի ունեցող կորոնավիրուսային իրադարձությունների ֆոնին իշխանությունը ամբողջ ուժով «կոկորդ է պատռում», ցանկանալով հասարակությանը բացատրել ստեղծված իրավիճակի պայթունավտանգության աստիճանը (կարող ենք հիշել Փաշինյանի վերջին ուղիղ հեռարձակումը), սակայն «միամիտ» քայլերով կրկին նպաստում է անլրջության՝ ընդհուպ ամենաթողության մթնոլորտի ձևավորմանը:

Ստեղծված իրավիճակում մեկ այլ խնդիր է կատարվածը «արդարացնելու» և այդպիսով մարդկանց «հիմարեցնելու» փորձերը:

Այսպես, հայտնի լուսանկարի շուրջ քննարկումները իշխանության ներկայացուցիչներին ստիպել են տարբեր «արդարացումներ» փնտրել ու դրանք հասարակությանը հրամցնել:

Մասնավորապես, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուղիղ հեռարձակման ընթացքում ասել է, որ հայտնի լուսանկարը արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ և իրավիճակն այլ է:

«Այն լուսանկարը, որն այսօր շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է Արցախի Հանրապետությունում գործող կանոնների, կարգի, օրենքի համապատասխան: Այսինքն նման խիստ սահմանափակումներ, որոնք գործում են ՀՀ-ում, Արցախի Հանրապետությունում բարեբախտաբար չկա, թե՛ թվի հետ կապված, թե՛ իրավիճակի հետ կապված»,- նշել է Սիմոնյանը:

Այնուհետև, վերջինս իր խոսքերում ուղղակիորեն հասկացրել է, որ այս իրավիճում իրենց ամեն մի բառը, լուսանկարն ու արտահայտությունը ենթարկվում է շահարկումների և նրանք նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք է դա հաշվի առնեին և հետևեին սահմանված կանոններին:

Հիմնվելով Ալեն Սիմոնյանի խոսքերի վրա՝ կարելի է որոշակի «շահարկումների» ենթարկել նրա խոսքերը ու ենթադրել, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց իսկ սահմանած կանոններին հետևում են ոչ թե անհրաժեշտության և օրինականության պահպանման, այլ շահարկումներից խուսափելու համար:

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել նաև վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, ով ասել է. «Մինչև ընդունելությունը տեղի է ունեցել ԱՀ նախագահի երդմնակալության արարողությունը, որից առաջ և որի ժամանակ վարչապետը տիկնոջ հետ, Կառավարության և Ազգային ժողովի հրավիրյալները կրել են դիմակ, շատերը նաև ձեռնոց: Ընդունելության համար ընտրված է եղել բացօթյա տարածք, որպեսզի մասնակիցները կարողանան պահպանել սոցիալական հեռավորությունը: Տվյալ լուսանկարում ընդամենը մի պահ է, որ միմյանց շնորհավորել են»:

Նկատենք, որ մեկ պահն անգամ կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, ուստի այս դեպքում մենք ականատես ենք երկակի ստանդարտների կիրառմանը: Եթե իշխող ուժի ներկայացուցիչները իրենց կարող են թույլ տալ մեկ պահ կորցնել սթափությունը և չհետևել սահմանված նորմերին, ապա ի՞նչն է խանգարում, որ քաղաքացիները հետևեն նրանց օրինակին և առանց համապատասխան միջոցների բաց տարածքներում տասնյակներով հավաքվեն և մեկ պահը «անմահացնեն» ու վարակի նոր օջախներ ձևավորելով նոր խնդիրներ ստեղծեն Կառավարության համար:

Բացի այդ, ինչպես երևում է պաշտոնական լուսանկարներից, վարչապետը և նրա տիկինը նշված միջոցառման ընթացքում միշտ չէ, որ կրել են դիմակ, ուստի վարչապետի խոսնակի այն մեկնաբանությունը, թե ԱՀ նախագահի երդմնակալության արարողությունից առաջ և դրա ժամանակ վարչապետը տիկնոջ հետ դիմակ են կրել, մասամբ է ճշմարիտ:
 

Տեղեկացնենք, որ մեկնաբանությամբ է հանդես եկել նաև Արցախի պարետատան խոսնակ Սամվել Բալայանը, ով նշել է, որ բացօթյա տարածքում դա այդքան էլ խախտում չէ, բայց քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ նման հավաքներից և մարդկանց կուտակումներից: «Մենք չենք պարտադրում, մենք քաղաքացիներին ընդամենը հորդորում ենք ձեռնպահ մնալ նման միջոցառումներից»,- նշել է Բալայանը:

Արցախի Հանրապետության Պարետատունն էլ տեղեկացրել է, որ պարետի որևէ որոշմամբ Արցախի տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ:

Եթե ՀՀ իշխանությունները հետևել են Արցախի պարետատան սահմանած նորմերին և դրանով պայմանավորված դիմակներ չեն կրել կամ մասամբ են կրել, ապա ցանկացած պարագայում սոցիալական հեռավորության պահպանումը պարտադիր պայման է: Այս մասին նաև նշել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ իշխանությունը իր քայլերով կրկին անլրջացրել է կորոնավիրուսի վտանգը՝ հյուրասիրության ընթացքում սոցիալական հեռավորություն չպահպանելով և դիմակներ ու ձեռնոցներ չկրելով։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն