Հակաարցախյան արշավի նոր դրսևորումները և այդ քաղաքականության նպատակը

article-image

Երեկվանից  հայաստանյան  հասարակական-քաղաքական տիրույթում մեծ թափով քննարկվում է «ՔՊ»-ական ներկայացուցչի աղմկահարույց գրառումը ուղղված արցախահայերին: Արցախահայության հանդեպ ատելության խոսքով համեմված գրառման մեջ պարտության մեղքը բարդվում է արցախցիների վրա, իբրև թե արցախցիները պատերազմի ժամանակ թողել, փախել են և հանգրվանել Հայաստանում: Թվում է, թե այսպիսի խայտառակ գրառումը կարող է լոկ պատահականություն լինել, իրականությունը սակայն լրիվ այլ է: Սա, ըստ էության, Արցախը և արցախահայերին Հայաստանում ապրող հայերից օտարելու և մեկ ժողովրդի երկու հատվածների միջև հետևողանակորեն սեպ խրելու ծրագրի հերթական աղմկահարույց դրսևորումներից է:

Ինչու՞ է սա ոչ թե պատահական դրսևորում, այլ քաղաքականություն: Առաջին, վերոգրյալ գրառումը հավանության է արժանացել իշխող ուժի պատգամավոր Արփի Դավոյանի կողմից, իսկ «ՔՊ»-ական տարատեսակ մանր ուսապարկեր համացանցում հրճվանքով տարածում են այդ գրառումը: Երկրորդ, տեղի ունեցողը տեղավորվում է «Շուշին դժբախտ և  դժգույն քաղաք էր» տրամաբանության մեջ: Տրամաբանություն, որը իրենից ենթադրում է՝ տարատեսակ մտացածին պատճառաբանություններ բերելով հանրության գիտակցության մեջ ամրագրել այն կոնցեպտը, որ Արցախը և արցախահայերը բեռ են: Նպաստել հանրության գիտակցության մեջ կապիտուլյացիայի անշրջելիության, իրադրության հետ հաշտվելու և սեփական ազգային օրակարգի կարևորագույն հարցերից հրաժարվելու գաղափարները:

Դասական առումով այսպիսի գործելաոճը պետական դավաճանության քաղաքականություն է, որը ուղղակիորեն նվեր է թշնամական հատուկ ծառայություններին և ծառայություն թուրքական և ադրբեջանական հակահայկական ռազմավարական շահերին: Շարունակելով այդ քաղաքականության տրամաբանկան դրսևորումների շարքը՝ նշենք, որ վերոգրյալ կոնցեպտի մեջ է տեղավորվում անցած տարի նախագահականի առջև բողոքող հադրութցիների նկատմամբ կազմակերպված մեդիատեռորը, որտեղ կրկին ուրվագծվում էր հայաստանցի-արցախցի բաժանարար գիծը: Այս տրամաբանության մեջ է նաև այն, որ կառավարությունը հետևողականորեն լուծումներ չի տալիս տեղահանվածների սոցիալական խնդիրներին, չի զբաղվում արցախահայերի իրավունքների պաշտպանությամբ, Արցախի մնացած հատվածների սահմանների պաշտպանությամբ, այն դեպքում, երբ անգամ կապիտուլյացիոն համաձայնագրից հետո թշնամին անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը՝ բուն Արցախում: Բոլորս հիշում ենք, երբ կապիտուլյացիայից գրեթե 1 ամիս անց թշնամին նոր հարձակում նախաձեռնեց Արցախի մի քանի գյուղերի ուղղությամբ, վարչապետի այդ ժամանակվա մամուլի խոսնակը ըստ էության հայտարարեց, որ Արցախի սահմանների պաշտպանությունը ռուս խաղաղապահների գործն է, և մենք այդտեղ անելիք չունենք: Ներկայիս իշխանությունների հակաարցախյան քաղաքականության դրսևորումների շարքը կարելի է անվերջ թվարկել:

Այլևս փաստ է․ քանի կապիտուլյացիոն ուժը իշխանության է, հայաստանցի-արցախցի բաժանումը ավելի է խորանալու: Քանի նրանք իշխանության են, թշնամու հատուկ ծառայությունները մեծ հաշվով անելիք չունեն, որովհետև իրենց գործը ջանասիրաբար իրականացնող կա՝ ի դեմս ՀՀ ներկայիս իշխանության:

 

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն