.png)
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին բազմաթիվ նմանություններ ունեն: Նրանք երկուսն էլ պոպուլիստ ղեկավարներ են: Նրանք երկուսն էլ իրենց գործունեության արդյունքում աղետի են հասցրել սեփական երկրները: Նրանց երկուսի քաղաքականությունն էլ պատերազմի է հանգեցրել: Նրանք երկուսն էլ թվացյալ «հակառուսական» կամ «ինքնիշխանության կողմնակիցներ են», սակայն իրենց «ինքնիշխան» գործունեության արդյունքում անբեկանելիորեն նվազել է սուվերենությունը, և նրանց ղեկավարած պետությունները առավել քան երբևէ զրկվում են ինքիշխանությունից:
Բացի պոպուլիզմից անզեն աչքով երևում է, թե որքան նման են ուկրաինական և հայկական իշխանությունների քարոզչությունը և օգտագործված տեխնոլոգիաները պատերազմի ընթացքում: Ընդ որում քարոզչական տեխնոլոգիաների նմանությունը պարզ երևում է նաև երկու երկրների ղեկավարների` մինչպատերազմական շրջանի հայտարարություններից ու գործողություններից:
Ներկայումս ուկրաինական իշխանությունը պատերազմի փուլում կիրառում է նույն քարոզչական մեթոդաբանությունը, որն օգտագործվում էր նաև Հայաստանի իշխանությունների կողմից նախորդ մոտ 4 տարիների և հատկապես` 44-օրյա պատերազմի ընթացքում:
Վլադիմիր Զելենսկին և իր ստորադասները նմանություններ ունեն նաև Արծրուն Հովհաննիսյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, և օգտագործում են նույն տեխնոլոգիաները` նույն քայլերով, որոնք օգտագործվում էին 44–օրյա պատերազմի ընթացքում՝ հանրության ոգին բարձրացնելու համար։
Օրինակ` մի քանի օր առաջ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Associated Press» գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ «Կիևը շրջափակված է: Բոլոր ուղիները արգելափակված են»:
Ավելի ուշ, իր ֆեյսբուքյան էջում Վիտալի Կլիչկոն հերքել էր իր իսկ խոսքերը, մեղադրել ռուսական լրատվամիջոցներին և հորդորել հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի սրճախմության տեխնոլոգիան որդեգրեց նաև Ուկրաինայի նախագահը: Զելենսկին թեյ էր խմում ուկրաինական բանակի զինծառայողների հետ ցույց տալու համար, որ ինքը բանակի կողքին է ու ոչնչից չի վախենում։
44-օրյա պատերազմի օրերին, երբ քննարկվում էր Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի վրա ադրբեջանական վերահսկողության հարցը, և միայն հետագայում պարզվեց, որ հոկտեմբերի 8-ից Հադրութը գտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում էր, որ «Հադրութ քաղաքը գտնվում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ»:
Նույնությամբ, երեկ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ «Ուկրաինայի «պաշտպանության բոլոր գծերը պահպանված են, ռազմավարական ոչ մի ուղղությամբ թշնամին ոչ մի հաջողություն չունի: Նրանք ճնշված են, նրանք դատապարտված են»: Մեկ այլ իրականությունում բազմաթիվ հրապարակումները ցույց են տալիս ռուսական և ուկրաինական բանակների ունեցած և՛ հաջողությունները, և՛ ձախողումները:
Ուկրաինա
Հայաստան
Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես են նույնանման քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Վլադիմիր Զելենսկին կառավարում երկիրը, ինչպես են պատերազմական իրադրության պայմաններում իրենց սեփական ապաշնորհությունը կոծկելու համար մանիպուլացնում սեփական ժողովրդին։
Օգտագործված տեխնոլոգիաները ներկայացվածի մի մասն են: Շարքը պարբերաբար կթարմացվի:
Աղբյուր՝ AntiFake.am