Ոստիկանությունն ուսումնասիրում է երեխաներին «Օրգազմը ձեզ համար կամ դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր բաժանելու լուրերը

article-image

Երեկ՝ մայիսի 25-ին, Դավիթ Աթանեսյան անուն-ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ էր հրապարակել, որով տեղեկացրել է, որ Արաբկիր համայնքում դպրոցահասակ երեխաներին օրգազմի մասին պատմող գիրք են բաժանել, որոնցից մեկը իր 9-ամյա որդին է:

«Երեկ Կոմիտասի Վրացական փողոցում այս գրքերը բաժանել են երեխաներին, որոնցից մեկն էլ իմ ինը տարեկան որդին է»,- նշել է Դավիթ Աթանեսյանը:

«Չի կարելի երեխաների մեջ դեռ մանկուց այդպիսի գրքեր բաժանել և նման սրբապիղծ դաստիարակություն սերմանել։ Ի՞նչ թէ նշանակում պղծել երեխաներին և հարամել նրանց մանկական հոգին։ Չի կարելի սրբապիղծներ»,- հավելել է Դավիթ Աթանեսյանը:

Նշվում է, որ ինչ-որ կանայք բակում խաղացող երեխաներին բաժանել են «Оргазм для вас или вы для оргазма» և մի շարք այլ նմանատիպ տեղեկատվություն պարունակող գրքույկներ:

Այս տեղեկատվությունը բնականաբար մտահոգել է մանկահասակ երեխա ունեցողներին, ինչի կապակցությամբ հասարակական-քաղաքական շրջանակները փորձել են տալ բոլորին հուզող հարցի պատասխանները. Ո՞վքեր են կանգնած այս ամենի հետևում:

Մասնավորապես, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը զրուցել է Դավիթ Աթանեսյանի հետ, ապա հարցում ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:

«Սա արդեն դուրս է խելամտության ու բարոյականության բոլոր սահմաններից: Մենք պարտավոր ենք իմանալ, թե ովքեր են կանգնած այս սրբապղծության հետևում և պարտավոր ենք հետամուտ լինել, որպեսզի սա անողները ստանան օրենքով սահմանված կարգով ամենախիստ պատիժը: Բարոյալքությունն այլևս համատարած դառնալու տենդենց է դրսևորում: Կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը...»,- տեղեկացրել էր Տոնոյանը:

Իվետա Տոնոյանի հարցմանն ի պատասխան` ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին գրքեր են բաժանվել: ԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն կամ փաստ ունեցողներին հորդորել է դրանք տրամադրել իրավապահներին։

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ հարցում է ուղարկել ՀՀ Ոստիկանություն` խնդրելով տեղեկություններ տրամադրել առ այն, թե արդյո՞ք ոստիկանությունը նշված միջադեպի մասին ունի որևէ տեղեկություն, և եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվել տվյալ անձանց հայտնաբերելու և խոստագույն պատժի ենթարկելու ուղղությամբ:

ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ  խնդրել է այդ դեպքից տեղյակ անձանց կապվել իր հետ` հասկանալու, թե ովքեր են և ո՞ր իրավունքով են անտեսել երեխայի պաշտպանվածության իրավունքը և առանց ծնողի թույլտվության՝ երեխային տրամադրել տարիքը և առանձնահատկությունը հաշվի չառնող տեղեկություն:

«Առաջարկում եմ առանց էմոցիաների, առանց ավելորդ քննադատությունների և պոռթկումների՝ գրառման տակ նշեք կամ ինձ անձնական նամակով ուղարկեք տեղեկատվությունը: Յուրաքանչյուր պոռթկումնալից գրառում կհեռացվի: Նպատակը կանխարգելելն է , ոչ թե քննարկելը, քանի որ ռիսկերը բոլորս էլ հասկանում ենք»,- նշել է Սոֆյա Հովսեփյանը:

Ավելի ուշ վերջինս նաև հարցում է ուղարկել ՀՀ Ոստիկանություն և խնդրել ուսումնասիրել նշված դեպքի մանրամասները:

Ոստիկանության լրատվության վարչությունից AntiFake.am-ին տեղեկացրին, որ նշված դեպքի վերաբերյալ ոստիկանությունը կատարում է ուսումնասիրություններ, որի արդյունքների վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ կտեղեկացնեն:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն