Հերթական ոչ տրամաբանական սահմանափակումը պարետի կողմից. մեքենայում դիմակ կրելը ընտանիքի անդամների համար նույնպես պարտադիր է

article-image

Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադառնալով կորոնավիրուսի նոր բռնկմանը Հայաստանում, նշեց.

«Ավտոմեքենանները դիտարկվելու են որպես փակ տարածք, և ավտոմեքենաների մեջ մեկից ավել մարդու առկայության պարագայում բոլորը՝ առանց բացառության, անկախ նրանից՝ նույն ընտանիքի անդամ են, նույն ընտանիքի անդամ չեն, ավտոմեքենայում, որևէ տրանսպորտային միջոցում մեկից ավելի մարդ կա՝ ուրեմն բոլորը առանց բացառության պետք է լինեն դիմակով, և դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության»:

Այս հայտարարությունից մեկ օր անց՝ մայիսի 25-ին, ՀՀ պարետը նոր որոշում  ընդունեց, համաձայն որի՝ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր: Իշխանության ներկայացուցիչները փաստորեն անցնում են ավելի կոշտ իրավական սահմանափակումների՝ կորանավիրուսային վարակի տեմպի աճը նվազեցնելու համար: Սակայն սահմանելով որոշակի վարքագծի կանոն՝ հաշվի չեն առնվել մի շարք հանգամանքներ, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքի որոշ չափանիշներ: 

Որոշման մեջ նշվում է, որ դիմակ կրելը պարտադիր է, եթե ավտոմեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր: Այսինքն, ստացվում է, որ եթե անգամ մեքենայում գտնվում է ընտանիքի անդամներից մեկը՝ ամուսին, կին, երեխա, ծնող և այլն, ապա այդ դեպքում դիմակ կրելը ևս պարտադիր է: Սակայն այս կանոնը տրամաբանությունից դուրս է, քանի որ այդ նույն ընտանիքի անդամները մեքենան վարող անձի հետ հաղորդակցվում են նաև տանը, որտեղ, բարեբախտաբար, դիմակ կրելը պարտադիր չէ (չնայած այսօր՝ մայիսի 27-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում, վարչապետ Փաշինյանը նշել է. «Դեռ հարցի մեջ կդրվի՝ տան մեջ դիմակ դնելը պարտադիր կլինի՞, թե՝ ոչ»` նշելով, որ մի քիչ չափազանցնում է)։ Այլ բառերով, դիմակը՝ որպես անձնական պաշտպանության միջոց, կորցնում է իր պաշտպանիչ նշանակությունը և, հետևաբար, որոշման մեջ անիմաստ է դարձնում այդ կանոնի ամրագրումը և այն խախտելու դեպքում նախատեսված պատասխանատվությունը:

Տարբեր պատճառաբանություններով փորձ է արվում արդարացնել այս կանոնի պարտադիր լինելը։ Դրանցից մեկն այն է, որ ոստիկանությունն իր ծառայողական պարտականությունները կատարելիս չի կարողանալու վերահսկել ընտանիքի անդամ լինելու կամ չլինելու հանգամանքը, և եթե որոշվի, որ ընտանիքի անդամների դեպքում մեքենայում դիմակ կրելը պարտադիր չէ, իսկ այլ անձանց դեպքում պարտադիր է, ապա քաղաքացիների վրա դրվելու է ընտանիքի անդամներ լինելու հանգամանքը ապացուցելու պարտավորություն, ինչը լրացուցիչ բեռ է նրանց համար։ Սակայն վերը նշված պատճառները չեն հիմնավորում դիմակ կրելու պարտադիր լինելը մեքենայում։ Որևէ վարքագծի կանոն սահմանելիս, եթե դա պարտավորություն է առաջացնում անձի համար, դա պետք է ուղղված լինի հասարակական հարաբերություններում առկա որևէ արժեքի պաշտպանությանը:

Մեքենայում ընտանիքի որևէ անդամի հետ հաղորդակցության մեջ գտնվելիս դիմակի պարտադիրությունը չի կարող ապահովել մարդու կյանքի կամ առողջության պաշտպանության նպատակը, քանի որ եթե նրանցից որևէ մեկը վարակված է, ապա շփումը շարունակվելու է նաև տանը, արդեն առանց դիմակի, ինչի դեպքում վարակվելու հավանականութունը մեծ է։ Հետևաբար, տվյալ վարքագծի կանոնով չի կարող պաշտպանվել Սահմանադրությամբ ամրագրված ամենակարևոր արժեքներից մեկը՝ կյանքի և առողջության իրավունքը:

Մի քանի երկներում գործող կարգավորումների ուսումնասիրությունը (Մոսկվա, ՌԴ, Վրաստան, Թուրքիա և այլն) ցույց տվեց, որ անձնական մեքենայում դիմակ կրելու պարտադիրություն ընդհանրապես սահմանված չէ։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ իշխանության ներկայացուցիչները, պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ, հերթական անգամ կիրառում են ոչ համաչափ և ոչ տրամաբանական սահմանափակումներ, որոնք չունեն որևէ արդյունավետություն։

Հիշեցնենք,որ ԱԺ-ում երկար քննարկումներից հետո դիմակ չունենալու պարագայում նախատեսված տուգանքի չափը 100.000-ից դարձել է 10.000 դրամ:

Հեղինակ՝ Սոնա Ամիրյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն