Սա հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելու փորձ է. Ռուբեն Մելիքյան

article-image

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց: Թեմայի առնչությամբ AntiFake.am-ը զրուցել է իրավապաշտպան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանի հետ։

- Պարոն Մելիքյան, Դուք գրառում էիք արել Ձեր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ «իմքայլականներն ընդունեցին հերթական հակասահմանադրական օրենքը, որով իրենք իրենց վերապահեցին հակասահմանադրական լիազորություն՝ չեղարկելու հանրաքվեն»։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս իրավիճակը։  

- Այսօր Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրաքվեի մասին» մասին օրենքի և հարակից օրենքների փաթեթի հակասահմանադրականությունը շատ պարզ է, և կարծում եմ՝ անգամ ոչ իրավաբանների համար հասու են այն փաստարկները, որ մեր կողմից ներկայացվել են։ Իրավիճակը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածը ուղիղ սահմանում է, որ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են միմիայն Սահմանադրությամբ։ Որևէ այլ փաստաթղթով Ազգային ժողովը չի կարող ունենալ լրացուցիչ լիազորութուններ։ Մինչդեռ այս օրենքի նախագծով, փաստորեն, «Իմ քայլը» խմբակցությունն ինքն իրեն վերապահում է Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություն։

Ինչու՞ է կարևոր այն դրույթը, որ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ։ Քանի որ Ազգային ժողովն ինքն է օրենքներ ընդունողը, հակառակ դեպքում կստացվեր, որ Ազգային ժողովը կարող է կամայականորեն իրեն լրացուցիչ լիազորություններ վերապահել, ինչն այս պարագայում մենք ունենք։ Սահմանադրությամբ որևէ տեղ չկա անգամ ակնարկ այն մասին, որ Ազգային ժողովը լիազորված է չեղարկել նշանակված հանրաքվեն։ Ի դեպ, ոչ թե Ազգային ժողովի կողմից, այլ նախագահի կողմից նշանակված հանրաքվեն։ Հետևաբար այս լիազորությունը, որ Ազգային ժողովը փորձում է ինքն իրեն տրամադրել, Սահմանադրությանը հակասում է, մասնավորապես՝ այն դրույթին, որ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ։ Այս օրենքը այդ դրույթի ուղիղ խախտում է։

- Հանրային կարծիքը հակասական է հանրաքվեն չեղարկելու դրդապատճառների վերաբերյալ: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը։

- Իմ կարծիքով՝ պատճառը շատ հասկանալի է։ Իշխող քաղաքական ուժը վստահ է, որ անկախ կորոնավիրուսից՝ տապալելու է հանրաքվեն, որովհետև ամենևին չունի հանրային աջակցություն իր հակասահմանադրական քայլերի շուրջ, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի իր պլանը իրագործելու շուրջ։ Եվ այն աջակցությունը, որ նա որոշակիորեն ունի, այդ աջակցությունը նվազում է։ Այս տեսանկյունից բնական է, որ իշխող քաղաքական ուժը, դեմքը փրկելով, հետքայլի հնարավորություն պետք է փորձի գտնել։ Սա այդ հնարավորության դրսևորում է։ Մենք սա կբնութագրենք որպես հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելու փորձ։

- Ի՞նչ իրավական հետևանքներ կարող է առաջացնել հանրաքվեի չեղարկումը:

- Կարծում եմ, որ դժվար է հաշվարկել այդ հետևանքները, քանի որ պարզ չէ, թե արդյոք այն սուբյեկտները, որոնք իրավասու են դիմել սահմանադրական վերահսկողության մարմնին՝ այս պարզագույն հակասահմանադրականությունը վերացնելու պահանջով, կդիմեն, թե ոչ. Հանրապետության նախագահը կդիմի՞, թե՞ ոչ։ Ես դրա հավանականությունը մեծ չեմ համարում։ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը կդիմի՞, թե՞ ոչ։ Ի դեպ, Ազգային ժողովի պատգամավորների մասով պետք է ասել, որ երբևէ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները Սահմանադրական դատարան չեն դիմել։ Այս գործիքը, կարծում եմ, լավ հնարավորություն կլինի, որպեսզի կիրառվի Ազգային ժողովի պատգամավորների կողմից, որովհետև նորից կրկնեմ, պարզագույն անհամապատասխանություն է Սահմանադրության և օրենքի միջև։  

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը