Աննա Հակոբյանի պարզաբանումը, թե ինչ նկատի ուներ` «անկախ սեռից» ասելով, մանիպուլյատիվ է

article-image

Մայիսի 29-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «1in.am»-ին:

Հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը չէր համաձայնել այն տեսակետին, թե «յուրաքանչյուր կին, ով կրում է մետաքսե շալ, երջանիկ է»:

Խոսելով կնոջ և տղամարդու երջանկության մասին` Հակոբյանը նշել է. «Ես հավատում եմ, որ այս աշխարհում կան երկու հոգի, որ ճակատագրով պետք է իրար հանդիպեն՝ իրար համար ստեղծված մարդիկ: Եվ իմ կարծիքով երջանիկ են այն երկու հոգին՝ անկախ սեռից, ովքեր գտնում են իրար: Որովհետև տեսնում եմ, որ իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր էդպես էլ չեն գտնում իրար, և դա արդեն դժբախտություն է»:

«Ուժեղ կնոջ պարագայում կարևոր է, որ այդ կինը իրենից ուժեղ ամուսին ունենա: Ինձ թվում է գաղտնիքը միայն դրա մեջ է և ոչ թե` թույլ կամ ուժեղ լինելու մեջ: Կարելի է լինել թույլից մի քիչ ավել ուժի տեր կին, բայց չգտնել այն տղամարդուն, որ պետք է իրեն ապահովի, ավելի ուժեղ լինի իր համար և իր թիկունքը լինի: Իմ կարծիքով` առաջինը և՛ կնոջ, և՛ տղամարդու համար իրար համար ստեղծված մարդկանց այս աշխարհում գտնելու բարեբախտություն ունենալն է: Իսկապես երջանիկ են այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում դա ունենում են»,- եզրափակել է վարչապետի տիկինը:

Տիկնոջ այն խոսքերը, թե «երջանիկ են այն երկու հոգին՝ անկախ սեռից, ովքեր գտնում են իրար», տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել սոցիալական ցանցերում: Շատերը «անկախ սեռից» բառերի ներքո հասկացել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին և տիկնոջ խոսքերը որակել որպես այս համայնքին ուղղված աջակցություն: 

Այս կապակցությամբ Աննա Հակոբյանը հանդես է եկել պարզաբանմամբ և գրել. «Որոշ օգտատերեր Ֆեյսբուք սոցիալական ցանցով տարածում են մայիսի 29-ին ‹‹Առաջին լրատվական››-ին տված հարցազրույցից կտրած մի հատված, որի արդյունքում ամուսնության, կնոջ եւ տղամարդու երջանկության մասին արտահայտածս միտքն աղավաղվում է և այլեւայլ մեկնաբանությունների առիթ դառնում»։

Մեկնաբանությանը կից Աննա Հակոբյանը հրապարակել է իր պատասխանի ամբողջական տարբերակը:

Նկատենք, որ Աննա Հակոբյանի խոսքերը լիովին կարող էին «այլևայլ» մեկնաբանությունների տեղիք տալ, քանի որ վերջինս բառացի ասել է, որ իր կարծիքով` երջանիկ են այն երկու հոգին՝ անկախ սեռից, ովքեր գտնում են իրար:

Փաստենք նաև, որ «այլևայլ» մեկնաբանությունների լեգիտիմ հիմքեր միանշանակ կան` պայմանավորված տիկին Աննայի ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, ինչպես, օրինակ, երբ վերջինս հայտարարել էր, որ սեռափոխ եղած Մել Դալուզյանն իր անձնական երաշխավորության ներքո է:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն