Քաղավիացիան և հայկական ավիափոխադրողները հայտնվեցին ԵՄ օդային տարածք մուտք գործելու «սև ցուցակում»

article-image

Այսօր՝ հունիսի 2-ին, հրապարակվել է Եվրահանձնաժողովի կողմից թարմացված «ԵՄ օդային անվտանգության ցուցակը» կամ այսպես ասած «սև ցուցակը», որում ներառվել են Հայաստանում գրանցված բոլոր ավիափոխադրողները։ Ցուցակում ներառվում են այն պետությունները և ավիափոխադրողները, որոնց գործունեությունը չի համապատասխանում ԵՄ օդային անվտանգության չափանիշներին և որոնց շահագործումը սպառնալիք է ԵՄ օդային անվտանգության համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից հավաստագրված բոլոր ավիափոխադրողների մուտքն արգելվում է ԵՄ օդային տարածք։

Հայաստանը ներառվել է ցուցակի «A» հավելվածում, ինչը նշանակում է, որ հայկական ավիափոխադրողների ցանկացած գործողություն արգելվում է ԵՄ օդային տարածքում («B» հավելվածում հայտնվելու դեպքում ավիափոխադրողների համար կկիրառվեր ոչ թե արգելք, այլ սահմանափակում)։

Նշվում է, որ «նոր թարմացման համաձայն՝ երկրի անվտանգության վերահսկողական կարողությունների հետագա գնահատումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ընդգրկվել են ցուցակում։ Այս որոշումը կայացվել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների լսումներից հետո»։ 

Այսպիսով՝ սև ցուցակում հայտնվել են քաղավիացիան՝ հայկական 7 ավիաընկերությունների հետ մեկտեղ, որոնք հավաստագրվում են հայկական ավիաիշխանության կողմից, որն ունի կանոնավոր վերահսկողության պատասխանատվություն։ Այդ ավիաընկերություններն են՝ «Armenia» ավիաընկերությունը, «Armenia Airways»-ը,  «Armenian Helicopters»-ը, «Atlantis Armenian Airlines»-ը, «Atlantis European Airways»-ը, «Mars Avia»-ն, «Skyball»-ը։  
 


 

Ընդհանուր առմամբ ԵՄ-ի օդային անվտանգության սև ցուցակում հայտնվել են 96 ավիաընկերություններ։ Ընդ որում Հայաստանն առաջին անգամ է հայտնվել այս ցուցակում։ Մասնագետները նշում են, որ այս ցուցակում հայտնվելուց հետո պետությունները տարիներ են ծախսում և մեծ ջանքեր են գործադրում ցուցակից դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ մարտին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը՝ EASA-ն խիստ գնահատականներով զեկույց է ուղարկել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ փետրվարյան ստուգումներից հետո արձանագրելով մի շարք խախտումներ։ Մինչ այդ ևս մեկ ստուգում էր տեղի ունեցել նախորդ տարվա հուլիսին, որից հետո ստուգողները մի շարք խախտումներ էին արձանագրել և հայկական իշխանություններին հրավիրել պարզաբանումներ ներկայացնելու։ Նրանք արձանագրել էին, որ Հայաստանի ավիաիշխանությունները չեն կարողանում պատշաճ վերահսկողություն իրականացնել այն ավիաընկերությունների նկատմամբ, որոնց հավաստագրեր են տվել, չեն կարողանում ապացուցել պարբերաբար ստուգումներ իրականացնելու հանգամանքը և այլն։ Մարտին հատուկ ընթացակարգով արգելք էր դրվել ԵՄ օդային տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող հայկական երկու ավիափոխադրողների նկատմամբ՝ պայմանավորված ՔԱԿ-ում բացահայտված խնդիրներով։

ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Դանիայից պարզաբանել էր, որ վերջնական որոշումը կայացվելու է մայիսի վերջին։ Իսկ մայիսի կեսին ԵՄ օդային անվտանգության թիմի հետ տեղի ունեցած հանդիպմանը Տաթևիկ Ռևազյանը խնդրել էր վերանայել որոշումը և հնարավորություն տալ հայկական ավիափոխադրողների շահագործումը ԵՄ օդային տարածքում։

Այսօր փաստորեն, պարզ է դառնում, որ Ռևազյանի «միջնորդագրերը» տեղ չեն հասել և վերջին 2 տարվա ընթացքում հայկական ավիացիան հետևողականորեն կործանելու արդյունքում հայկական բոլոր ավիափոխադրողները զրկվել են ԵՄ օդային տարածք մուտք գործելու հնարավորությունից։

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն