ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հյուրընկալվել է «Ազատություն» ռադիոկայանին և պատասխանել Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկված խաղաղության պայմանագրի 5 կետերի և Հայաստան–Ադրբեջան գործընթացների մասին հարցերին, որի ընթացքում մի շարք սկանդալային հայտարարություններ է արել: Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանի կողմից առաջարկվող առաջին կետով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Աղաջանյանը նշել է, որ ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչել է դեռևս 1991թ.` Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծման մասին որոշումը: Լրագրողի երկրորդող հարցին, որ այսինքն հայկական կողմը համաձա՞յն է ճանաչել այդ կետը, Աղաջանյանը նշել է, որ դա անիմաստ է քննարկել, քանի որ դա կայացած փաստ է: Այսինքն, Աղաջանյանը իր այս պատասխանով հստակորեն փորձում է քարոզչական հիմք ստեղծել իրենց կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստը արդարացնելու համար:
Լրագրողի դիտարկմանը, որ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ասել է, որ Ադրբեջանի տարածք է ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Աղաջանյանը պատասխանել է․ «Այստեղ ևս կարծում եմ` մեր դիրքորոշումը այդ դիտարկմանը ևս արձագանքում է և փակում է հարցը հետևյալ համատեքստում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ երբևէ Հայաստանը որևէ նկրտումներ չի ունեցել, և խոսքը Արցախի բնակչության` հայ բնակչության իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքն է, հետևաբար ամբողջ համատեքստը կոնֆլիկտի սկսած 1990-ականների սկզբից հենց սա է եղել, և այստեղ նորություն, ըստ էության, մենք չենք ասում: Վերջին 30 տարիների ընթացքում ևս Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը բանակցությունների սեղանին եղել է հենց Արցախի հայության անվտանգ ապրելու իրավունքն է իրենց ծննդավայրում»։
«Ադրբեջանի կազմում դա հնարավո՞ր է»,– հետաքրքրվել է լրագրողը։ Աղաջանյանը պատասխանել է․ «Դա, ես կարծում եմ, պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի և դրան` վերջնական կարգավիճակին հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։
Այսինքն ՔՊ-ականների համար դեռևս պետք է քննարկման առարկա լինի արդյո՞ք արցախցիները կարող են ապրել գլուխ կտրող կամ հայատյացության այլ դրսևորումներով աչքի ընկած ադրբեջանցիների հետ՝ նրանց ենթակայության ներքո:
Լրագրողի այն հարցին, որ արդյո՞ք իրենք չեն կարծում, որ ինքնին փաստ է, որ Երևանը համաձայն է, այդ թվում և Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակ քննարկել, գնալ, բանակցել այդ հարցը, փլուզում է Արցախի հայկականության հետագա ճակատագրի հարցն առհասարակ, Աղաջանյանը նշում է, որ Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը պետք է ներառի Արցախի կարգավիճակի հետ կապված հստակ պատասխան, և թե որն է ՀՀ համար այն ընդունելի տարբերակը և այն կարգավիճակը` ստատուս ասվածը, դա բանակցությունների ընթացքում պետք է Հայաստանի Հանրապետությունը առաջ քաշի, ի հայտ բերի, հիմնավորի, այդ թվում` մեր միջազգային գործընկերների ներկայությամբ, և ըստ էության, խոսքը գնում է միջազգային իրավունքի շրջանակներում հարցի հանգուցալուծման, որտեղ բնականաբար, հաշվի են առնվում բոլոր այն նորմերը, որոնց Հայաստանը հղում է անելու:
Փաստացի, ըստ Աղաջանյանի, հայկական կողմը չունի Արցախի կարգավիճակի հետ կապված հստակ պատասխան, չունի տեսլական ստատուսի վերաբերյալ և դեռ նոր պետք է ձևակերպի և ներկայացնի միջազգային հանրությանը: Աղաջանյանի այս պատասխանը դասական առումով Փաշինյանի զրոյական կետից մեկնարկելու քաղաքականության շարունակությունն է: Թե ինչ եղավ Փաշինյանի զրոյական կետից սկսելու քաղաքականության հետևանքը, բոլորս գիտենք: Ամփոփելով փաստենք, որ Աղաջանյանի այսպիսի պատասխանները հստակորեն ապացուցում են այն, որ իշխանությունների համար այլևս․
- չկա Արցախ,
- իրենք պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
- իրենք պատրաստ են արցախցիներին հանձնել ադրբեջանցիների ենթակայության ներքո։
Ահա այսպիսի ողբերգական իրողություն:
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
Աղբյուր՝ AntiFake.am