Վարչապետն ու նրա խոսնակը հակասում են իրար. մի բաժակի և կասկածելի կորոնավիրուսի պատմություն

article-image

Երեկ՝ հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր, որ ինքը և ընտանիքի բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել, և այն դրական է:

Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չէր ընդունվել հասարակության, հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, և նրանց մի մասը թերահավատորեն էր մոտեցել այդ ամենին: Հնչել էին մի շարք հակասական մեկնաբանություններ: Դրան էր նպաստել նաև պարետատան նիստից հետո Փաշինյանի մասնակցությունը ճեպազրույցին:  

Փաշինյանի` կորոնավիրուսով վարակվածության հակասական ընկալումների, մամուլում և համացանցում տարատեսակ վարկածների շուրջ  «Փաստինֆո»-ն զրուցել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։

Անդրադառնալով Փաշինյանի ուղիղ եթերի ընթացքում հնչեցված այն մտքին, թե վերջինս հավանաբար վարակվել է խորհրդակցությունների ընթացքում՝ վիրուսակրի կողմից առանց ձեռնոցների մատուցած բաժակին դիպչելով` «Փաստինֆո»-ն Մանե Գևորգյանից հետաքրքրվել էր, թե բացի վարչապետից ուրիշ ովքե՞ր են մասնակցել այդ խորհրդակցություններին, որին ներկա է եղել հիվանդ աշխատակիցը։ Հնչեցված հարցին ի պատասխան` Գևորգյանը նշել է, որ ոչ ոք չի մասնակցել, վարչապետը մենակ է եղել, և միայն նա է օգտվել։

«Փաստինֆո»-ի այն ճշգրտող հարցին, թե արդյո՞ք խորհրդակցություններին միայն վարչապետն է եղել, Գևորգյանը պատասխանել է, որ խորհրդակցություն չի եղել: «Այսինքն, վարչապետն օգտվել է այդ բաժակից, որն իրեն մատուցել է այն անձնավորությունը, որը արդեն իսկ վարակված է եղել»,- նշել է Փաշինյանի խոսնակը:

«Շատ լավ...բայց դա խորհրդակցության ընթացքում չի՞ եղել, ինքը մենա՞կ է եղել»,- հետաքրքրվել է «Փաստինֆո»-ն, ինչին ի պատասխան` Մանե Գևորգյանն անկեղծացել է` ասելով, որ չի հիշում, և խնդրել դիտել վարչապետի ուղիղ եթերը:

«Տիկին Գևորգյան, քանի՞ բաժակ է այնտեղ եղել, այսինքն՝ քանի՞ բաժակի է դիպչել վիրուսակիրը նշված դեպքում»,- հետաքրքրվել է «Փաստինֆո»-ն, ինչին ի պատասխան` խոսնակը նշել է, որ եղել է միայն մեկ բաժակ, և դա եղել է վարչապետի բաժակը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ վարակվել է աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ «Խորհրդակցությունների ժամանակ, գիտեք, որ ջրի բաժակներ են դնում, ես մի օր ֆիքսեցի բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստի հետ, իհարկե նկատողություն արեցի և առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ՝ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել։ Այն աշխատողը, ով մատուցում էր բաժակը, նրա մոտ էլ է կորոնավիրուս հաստատվել»,- ասել էր վարչապետը։

Ստացվում է, որ Մանե Գևորգյանը հակասել է վարչապետ Փաշինյանին` ասելով, որ խորհրդակցություն չի եղել: Վարչապետի ուղիղ եթերներին հետևելու և նրա պարզաբանումները լսելու դեպքում խոսնակը միգուցե նման անհարմար վիճակում չհայտնվեր:

Նկատենք նաև, որ Գևորգյանի պատասխաններից մի շարք հարցեր են առաջանում, օրինակ` ի՞նչ խորհրդակցություն է եղել, որի մասին տեղյակ չի եղել Փաշինյանի մամուլի խոսնակը, կամ եթե  խորհրդակցություն է եղել, ինչու՞ է ստում մամուլի խոսնակը: Այլ հարց է, թե մամուլի խոսնակի ճիշտ լինելու պարագայում ինչու՞ է ստում Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում ինչպե՞ս է վարակվել, կամ վարակվե՞լ է արդյոք վարչապետը: Այս հարցերն ավելի տարակուսելի են դարձնում Փաշինյան ընտանիքի կորոնավիրուսային վարակվածության պատմությունը։ 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն