Տեղեկատվության ստուգման կենտրոնը սուտ և մանիպուլյատիվ հրապարակում է արել դեպի Եվրոպա հայկական ավիափոխադրողների թռիչքների արգելքի վերաբերյալ

article-image

Երեկ` հունիսի 2-ին, հայտնի դարձավ, որ հրապարակվել է Եվրահանձնաժողովի կողմից թարմացված «ԵՄ օդային անվտանգության ցուցակը» կամ, այսպես «սև ցուցակը», որում ներառվել են Հայաստանում գրանցված բոլոր ավիափոխադրողները։ Ցուցակում ներառվում են այն պետությունները և ավիափոխադրողները, որոնց գործունեությունը չի համապատասխանում ԵՄ օդային անվտանգության չափանիշներին և որոնց շահագործումը սպառնալիք է ԵՄ օդային անվտանգության համար։ Սա նշանակում է, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից հավաստագրված բոլոր ավիափոխադրողների մուտքն արգելվում է ԵՄ օդային տարածք։

Սև ցուցակում հայտնվել է քաղավիացիան՝ հայկական 7 ավիաընկերությունների հետ մեկտեղ, որոնք հավաստագրվում են հայկական ավիաիշխանության կողմից, որն ունի կանոնավոր վերահսկողության պատասխանատվություն։ Այդ ավիաընկերություններն են՝ «Armenia» ավիաընկերությունը, «Armenia Airways»-ը, «Armenian Helicopters»-ը, «Atlantis Armenian Airlines»-ը, «Atlantis European Airways»-ը, «Mars Avia»-ն, «Skyball»-ը։

Լուրը մեծ քննարկման առիթ դարձավ մասնագիտական և քաղաքական շրջանակներում: Արդեն իսկ պարզ էր, որ ամիսներ բարձրաձայնվող մտահոգությունները տեղին էին, և ՀՀ քաղաքացիական ավիացիան ձախողվել է:

Սակայն այս հարցում ևս, իշխանական շրջանակները շարունակում են, մանիպուլյացիաներ տարածելով, շեղել խնդրի նկատմամբ հանրային ուշադրությունը:

Մասնավորապես, ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» կոչվող հարթակը նույնպես անդրադարձել էր այս խնդրին. հրապարակվել է «Արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող մեկ ավիաընկերության վրա. մյուսները Եվրոպա թռիչքներ չեն իրականացրել» նյութը:

Նյութը հրապարակվել է բազմաթիվ մանիպուլյատիվ հատվածներով և ստերով:

Մասնավորապես, հրապարակման սկզբում նշվում է, որ «…այսօր մամուլում տարածվել է տեղեկություն, թե Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն։ Մանիպուլյատիվ վերնագրերով այս լուրը քննարկման առարկա է դարձել համացանցում և փորձագետների շրջանում»:

Պետք է նշել, որ երեկ մամուլում տարածվողը պարզապես տեղեկություն չէր, այլ հրապարակվել է Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված պաշտոնական փաստաթուղթ, որն էլ թարգմանաբար ներկայացվել է մամուլում, ուստի այն ինչ-որ «տեղեկություն» չէ, որը հաստատման կամ հերքման կարիք ունի, այլ պաշտոնական փաստաթուղթ:

Կենտրոնի կողմից «մանիպուլյատիվ» որակվող տեղեկությունը ոչ միայն մանիպուլյատիվ չէ, այլ նաև ճիշտ է:

Հղում կատարելով ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` հարթակը նշում է, որ «Եվրահանձնաժողովի թարմացրած ԵՄ օդային անվտանգության ցուցակով ԵՄ երկինք մուտք գործելու իրավունքից զրկվել են ընդհանուր առմամբ թվով 96 ավիաընկերություն՝ 16 երկրից։ 96 ավիաընկերություններից միայն մեկն է, որ Հայաստանից ավիափոխադրում է իրականացրել դեպի Եվրամիություն։

Արգելքի տակ հայտնված ավիափոխադրողը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում միայն մեկ ուղղությամբ՝ Լիոն։ Հայկական մյուս ավիափոխադրողները եվրոպական երկրներ թռիչքներ այսպես թե այնպես չեն իրականացրել»:

Իրավիճակի նման կերպ ներկայացումը ոչ միայն չի հերքում մտացածին մանիպուլյացիան, այլ հենց ինքնին մանիպուլյացիա է:

Առաջին հերթին. հրապարակման վերնագրում, այնուհետև` բովանդակության մեջ հայտնված «Արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող մեկ ավիաընկերության վրա» նախադասությունը սուտ է, քանի որ արգելքի գոտում հայտնվել են ոչ թե մեկ, այլ միանգամից 7 կազմակերպություն:

Երկրորդ. նշվում է, որ միայն մեկ ընկերություն է կանոնավոր թռիչքներ իրականացրել Եվրոպա, իսկ մյուսները` ոչ: Սա մանիպուլյատիվ քայլ է, քանի որ հստակ չէ, թե եթե արգելք չսահմանվեր, ապա քանի ընկերություն հնարավորության դեպքում կօգտվեր կանոնավոր և նույնիսկ չարտերային թռիչքներ իրականացնելու հնարավորությունից:  Ավելին, դեպի Եվրոպա թռիչքների արգելքը տարածվում է ոչ միայն արդեն իսկ Հայաստանում գրանցված, այլ ապագայում գրանցվող կազմակերպությունների վրա: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ վիճակը այդքան էլ լուրջ չէ, և լրատվականների հրապարակումներն ու մասնագետների ահազանգերը անհիմն են:

Մենք գրել էինք, որ Հայաստանն առաջին անգամ է հայտնվել այս ցուցակում։ Մասնագետները նշում են, որ այս ցուցակում հայտնվելուց հետո պետությունները տարիներ են ծախսում և մեծ ջանքեր են գործադրում ցուցակից դուրս գալու համար։

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն