Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում երեկ հետևողականորեն խուսափեց պատասխանել բանակցությունների գործընթացի վերաբերյալ լրագրողների հարցերին:
Լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողները Արման Եղոյանից փորձում էին ճշտել` որոնք են հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանի կարմիրը գծերը, ինչպես է կարգավորվելու Արցախյան հակամարտությունը, և արդյոք ՔՊ-ական պատգամավորը չի բացառում նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախը տեղավորելու քննարկումը բանակցություններում: Փոխանակ այս հարցերին պատճաշ պատասխանելուն` Եղոյանը նախընտրեց վիրավորել և պիտակավորել լրագրողներին:
Չնայած Արման Եղոյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի հռչակված երեք սկզբունքների հիման վրա, այնուամենայնիվ, խուսափեց հստակեցնել` Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու հարցը քննարկվում է, թե ոչ: Նա հայտարարեց, որ կարմիր գծերը ձևավորվում են բանակցությունների ընթացքում, իրենք էլ կարող են հայտարարել «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» և հետո ինչ անեն` «դուռը շրխկացնեն գնա՞ն, երբ Ադրբեջանը ասում է` Արցախը իր կազմում պիտի լինի»: Ստացվում է` բանակցում են հենց այդ հարցի շուրջ:
Ստացվում է, որ Արման Եղոյանը չի կարող և այդքան էլ չի ուզում հերքել, որ բանակցություններում հայկական իշխանությունները քննարկում են նաև Արցախը Ադրբեջանի կազմում ներառելու` Ադրբեջանի առաջադրած պահանջը: Եղոյանին նախորդել էին նաև իր թիմակիցների` Էդուարդ Աղաջանյանի, Մարիա Կարապետյանի, Գագիկ Մելքոնյանի հայտարարությունները: ՔՊ-ականների հայտարարություններն ավելի առարկայական են դառնում և ցույց են տալիս Հայաստանի ներկայիս իշխանությունների իրական նպատակները Արցախի ճակատագրի վերաբերյալ:
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ևս հաստատում է. Արցախի հակամարտության կարգավորման և Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններում հայկական իշխանությունները կարմիր գծեր չունեն և համաձայն են անգամ Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու առաջարկի հետ:
Արման Եղոյանի ճեպազրույցը`
Հեղինակ` Դավիթ Ֆիդանյան
Աղբյուր՝ AntiFake.am