Ովքե՞ր են Եվրոպական պառլամենտում Ադրբեջանին ագրեսիայի հրահրում. AntiFake.am-ի լրագրողական հետաքննությունը

article-image

Հունիսի 4-ին Եվրոպական պառլամենտի պատգամավորներին և անձնակազմին էլեկտրոնային փոստի միջոցով տարածվել է «Եվրոպական պառլամենտի հանձնարարականը Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի փոխնախագահին/ Գերագույն հանձնակատարին` Արևելյան գործընկերության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գծով 2020 թվականի հունիսյան գագաթնաժողովի կապակցությամբ» բանաձևի նախագիծը: Հավանաբար այսօր այն արդեն կհրապարակվի Եվրոպառլամենտի պաշտոնական կայքում:

ԵՊ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այս նախագիծը ընդունել է մայիսի 19-ին, որից անմիջապես հետո քաղաքական գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավար Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր Եվրոպական պառլամենտի կողմից Ադրբեջանին նոր պատերազմ սկսել հրահրելու մասին: Նա նաև արձանագրել էր, որ Եվրոպական խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում՝ հղում անելով դեռևս այդ ժամանակ չհրապարակված բանաձևի նախագծին:

Կարևոր է նշել, որ դեռևս 2017 թվականին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված նույնատիպ փաստաթղթում հստակորեն նշված են եղել տարածքային ամբողջականության, ժողովուրդներին ինքնորոշման և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները:

Մենք մանրակրկիտ ուսումնասիրեցինք  ԵՊ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված և մեր ձեռքի տակ հայտնված այս նախագիծը, ինչպես նաև նախօրոք հրապարակված նախագծի տարբերակը, ներկայացված առաջարկները՝ գնահատելով և դուրս բերելով հակահայկական և հակաարցախյան ձևակերպումները: Այս թեմայով զրուցեցինք նաև Բրյուսելի հայ համայնքի՝ Եվրոպական պառլամենտում բազմաթիվ կապեր և շփումներ ունեցող անդամների հետ, և մեզ հաջողվեց պարզել հետևյալը. 

Փաստաթղթում «ժողովուրդների ինքնորոշման» ու «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» սկզբունքները չեն տարածվում ԼՂ հակամարտության վրա: Փոխարենը, բանաձևի նախագծում առկա են մի քանի հոդվածներ, որոնք վտանգում են Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

Որոնք են փաստաթղթի` Հայաստանի և Արցախի համար այդքան վտանգավոր կետերը.

«(O)…whereas the European Parliament condemns the violation of the sovereignty and territorial integrity of the EaP countries, does not recognize forceful changes of their borders and attempted annexation of their territories and rejects the use of force or the threat of force, and shares the EU’s commitment to supporting a peaceful conflict resolution via diplomatic means and in accordance with the norms and principles of international law, the UN Charter and the Helsinki Final Act, namely in the conflicts to which Russia is a party…»:

«… Մինչդեռ Եվրոպական խորհրդարանը դատապարտում է ԱլԳ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը, չի ճանաչում նրանց սահմանների բռնի փոփոխությունները, նրանց տարածքների զավթման փորձերը և մերժում է ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը և կիսում է ԵՄ հանձնառությունը՝ սատարելու հակամարտության խաղաղ կարգավորմանը դիվանագիտական միջոցներով և համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան Եզրափակիչ Ակտի, կոնկրետ այն հակամարտություններում, որոնցում Ռուսաստանը կողմ է»:

(բոլոր ընդգծումները հեղինակինն են

Հետաքրքիր է, որ այս ձևակերպման մեջ Ռուսաստանի մատնանշումը դուրս է հանում Լեռնային Ղարաբաղը հակամարտությունների այն ցանկից, որոնք պետք է լուծվեն խաղաղ միջոցներով՝ համապատասխան միջազգային իրավունքի և Հելսինկյան սկզբունքների: Եվրոպական Միության կառույցներում շատ բանաձևեր և փաստաթղթեր են ընդունվել, որոնցում ամրագրված է, որ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հակամարտություններում Ռուսաստանը կողմ է հանդիսանում: Քանի որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կողմ չէ, նշանակում է, որ այս հոդվածում նշված «ուժի կամ ուժի սպառնալիքի մերժումը», ինչպես նաև «խաղաղ կարգավորումը», չեն տարածվում այս հակամարտության վրա: Հետևաբար, Եվրոպական խորհրդարանը համաձայն է Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառմանը և կանաչ լույս է ցույց տալիս Ադրբեջանին՝ արդարացնելով հակամարտության գոտում ապագայում հնարավոր սպառնալիքը և ռազմական գործողությունները:

"(b o) …call for an immediate withdrawal of foreign troops from all occupied territories and for an end to military hostilities, which unnecessarily claim the lives of civilians and soldiers whilst hampering socioeconomic development, and enable hundreds of thousands of IDPs to return to their homelands…".

«…Կոչը՝ օտարերկրյա զորքերի անհապաղ դուրս բերել բոլոր օկուպացված բոլոր տարածքներից և վերջ տալ ռազմական գործողություններին, որոնք անհարկի խլում են քաղաքացիական և զինվորական կյանքներ՝ խոչընդոտելով սոցիալ-տնտեսական զարգացումը, և թույլ տալ հարյուր-հազարավոր ներքին տեղահանված անձանց (IDP- Internally Displaced Person) վերադառնալ իրենց հայրենիք…»:

(բոլոր ընդգծումները հեղինակինն են

Կարող ենք նկատել, որ այս փաստաթղթում նույնպես առկա է Ադրբեջանի կողմից այդքան չարչրկված և դարձյալ օրակարգ վերադարձող «ադրբեջանական փախստականների՝ իրենց հայրենիք վերադառնալու մասին հարցը»` չնայած այն փաստին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելության դերը ներկայացված է ընդամենը մեկ ձևակերպմամբ.

   "(b r)…reaffirm support to the OSCE Minsk Group co-Chairs’ efforts to solve the Nagorno-Karabakh conflict and to their 2009 Basic Principles, with a view to achieve a solution based     on      the   norms   and principles of international law, the UN Charter and the OSCE 1975 Helsinki Final Act, encourage all sides to intensify dialogue and to refrain from inflammatory     rhetoric that would    further jeopardise any prospects for settlement…”.                       

«վերահաստատել աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին` միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքների, ՄԱԿ Կանոնադրության և ԵԱՀԿ 1975թ. Հելսինկյան Եզրափակիչ Ակտի հիման վրա լուծման հասնելու մտայնությամբ, խրախուսել բոլոր կողմերին ինտենսիվացնել երկխոսությունը և զերծ մնալ ռազմաշունքչ հռետորաբանությունից, որը կարող է հետագայում վտանգել կարգավորման ցանկացած հեռանկար…»:

Ինչպես և համոզվում ենք, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում առկա երեք հիմնարար սկզբունքները դուրս են մնացել Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:

 "(b m)Reiterate the EU’s commitment to the sovereignty, territorial integrity and political independence of the EaP countries within their internationally recognized borders and support their     efforts to fully enforce those principles; underline the importance of the unity and solidarity of the Member States in this regard…".

«Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱլԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարել այս սկզբունքների ամբողջական պարտադրմանն ուղղված նրանց ջանքերին ընդգծում է այս առումով անդամ պետությունների միասնության ու համերաշխության կարևորությունը»:

(բոլոր ընդգծումները հեղինակինն են

Այս պարագայում նույնպես երրորդ հիմնարար սկզբունքը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, բացակայում է: Երկրորդը, փաստաթղթում նշված է, որ վերը նշված պարտավորությունների կիրարկումը «պարտադիր է», այսինքն, Եվրոպական խորհրդարանը հաշվի է առնում Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, նրանց` միջազգայնորեն ճանաչված սահմանները, այս սկզբունքների պարտադիր կյանքի կոչումը` առանց այդ պարտադիր լինելու հանգամանքը որոշակիացնելու որևէ սահմանափակող գործոններով, այդ թվում նաև` ուժի չկիրառման սկզբունքով:

Պետք է նշել, որ այս փոփոխությունը կարող էր ավելացվել միայն զեկուցողի կողմից. ավելի քան 500 փոփոխությունների շարքում, «պարտադրել» (“to enforce”) բառը բացակայում է, քանի որ նախապես  Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքէջում հրապարակված փոփոխություններում Խորհրդարանի ոչ մի անդամ բանաձևի նախագծում նման փոփոխություն չի ավելացրել: Այս փաստաթղթի զեկուցողը Պետրաս Աուստրևիչիուսն է Լիտվայից, և այս հոդվածը կարող էր բանաձևի նախագծում ներառվել միայն վերջինիս ջանքերի արդյունքում:

Այսպիսով, հետաքրքիր է պարզել, թե ովքեր են փաստաթղթում հակահայկական ձևակերպումների հեղինակները և նրանց աջակիցները: Մասնավորապես, արժե նշել, թե ովքեր են աշխատել բանաձևի վերջնական տարբերակից հիմնական սկզբունքների հեռացման ուղղությամբ, և ինչ շահեր նրանք ունեն նման քայլեր ձեռնարկելու համար:

Նրանք են`

Աննա Ֆոտիգա (Anna Fotyga) – Եվրոպայի պահպանողական և ռեֆորմիստների խումբ, Լեհաստան

Տրայան Բասեսկու (Traian Băsescu) – Եվրոպայի ժողովրդական կուսակցություն (Քրիստոնյա դեմոկրատներ), Ռումինիա

Ռադոսլավ Շիկորսկի (Radosław Sikorski) - Եվրոպայի ժողովրդական կուսակցություն (Քրիստոնյա դեմոկրատներ), Լեհաստան

Պետրաս Աուստրևիչիուս (Petras Auštrevičius) - «Նորացնել Եվրոպան» (Renew Europe Group) խումբ, Լիտվա

Իլհան Քյուչյուկ (Ilhan Kyuchyuk) - «Նորացնել Եվրոպան» (Renew Europe Group) խումբ, Բուլղարիա

Ինչպես պարզեցինք, փաստաթղթից երեք սկզբունքների հեռացման հիմնական առաջարկը պատկանում է ԵԽ անդամ, նախկին արտգործնախարար Աննա Ֆոտիգային, որն էլ աջակցություն է ստացել մյուս պատգամավորների, մասնավորապես, Ռադոսլավ Շիկորսկիի կողմից:

Ֆոտիգայի առաջարկությունը պաշտպանել է նաև Տրայան Բասեսկուն:

Տրայան Բասեսկուն եղել է Ռումինիայի նախագահը: Հայտնի է, որ Եվրախորհրդարանի պատգամավորը անձնական բիզնես շահեր ունի Ադրբեջանում: Ավելին, Բասեսկուն հանդիսանում է Հայաստանի հարցերով զեկուցողը: Կարող ենք արդեն իսկ ենթադրել, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի վերաբերյալ հրապարակվելիք նրա զեկույցը:

Խորհրդարանական այս խմբի մեջ առանձնակի տեղ ունեն Աննա Ֆոտիգան և Ռադոսլավ Շիկորսկին:

Ռադոսլավ Շիկորսկին եղել է Լեհաստանում Դոնալդ Տուսկի կաբինետի անդամ՝ արտգործնախարարը, ղեկավարել է նաև լեհական Սեյմը: Կարծիք կա, որ հենց Շիկորսկու և իր գործընկերների գործուն միջամտությամբ է կատարվել վերը ներկայացված հակահայկական փաստարկների ներմուծումը փաստաթուղթ: 

Ռադոսլավ Շիկորսկու մասին Բրյուսելի տարբեր «միջանցքներում» խոսում են, որ պատգամավորը այդքան էլ ժողովրդավարության սկզբունքային պաշտպան չէ ու «հատուկ ուշադրություն» է սիրում և իրեն «ներկայացնելու» սեր ունի: Ակնհայտ է, որ Շիկորսկին հակված է դեպի Ադրբեջանը և պաշտպանում է մեր հարևան երկրի շահերը Եվրախորհրդարանում:

Այս ոչ պաշտոնական խմբում, ի թիվս այլ պատգամավորների, ներառված են նաև Պետրաս Աուստրևիչիուսը և Իլհան Քյուչյուկը:  

Պետրաս Աուստրևիչիուսը Եվրոպական խորհրդարանում փաստաթղթի զեկուցողն է: Վերջին տարիներին Աուստրևիչիուսը անհանգստացած է եղել Ադրբեջանում փաստաբանների և մարդու իրավունքների պաշտպանների դեմ վիրավորանքներով և հետապնդմամբ, սակայն դա նրան չի խանգարել Լեռնային Ղարաբաղի խնդրով աջակցել Բաքվի ռեժիմին` նույնիսկ արհամարհելով այս պարագայում Եվրոպական խորհրդարանում իր երկարամյա դիրքորոշումը և միջազգայնորեն ընդունված սկզբունքները:

Հարկ ենք համարում նշել, որ տվյալ փաստաթղթից հիմնարար սկզբունքների հեռացմանը միաձայն դեմ քվեարկել և վիճարկել է Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խումբը: Խմբակցությունը պահանջել է, որ փաստաթղթում անպայման տեղ գտնեն հիմնարար սկզբունքները: 

Ուսումնասիրելով Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված փաստաթուղթը` կարող ենք եզրակացնել, որ այն ոչ ֆորմալ կոալիցիան, որը ղեկավարվում է Շիկորսկու, Ֆոտիգայի և զեկուցող Աուստրևիչիուսի կողմից, որի գործուն միջամտությունների շնորհիվ աննկատ կերպով մտածված պարբերություններ են ավելանում, ներկայացնում է ադրբեջանական շահերը և հաջողել է հակահայկական ձևակերպումները ներառելու հարցում, որը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ և հետագայում թուլացնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Հայաստանի` առանց այդ էլ խարխուլ դիրքերը:

Հատուկ մտահոգության առարկա է այն, որ այս պատգամավորները նման դիրքորոշում են ստանձնել ադրբեջանական կողմի ակտիվ լոբինգի արդյունքում: Մինչ յուրաքանչյուր պետություն ձգտում է առաջ տանել սեփական շահերը, եվրոպական պատգամավորների պատրաստակամությունը` հրաժարվելու Եվրոպական Միության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով տարիներ ի վեր հաստատված պաշտոնական դիրքորոշումից` հակամարտության կողմերից մեկին հաճո լինելու համար, պետք է, որ խիստ անհանգստության կոչնակ լինի: Այս հանգամանքը ակնհայտ լեգիտիմ հարց է բարձրացնում. արդյո՞ք միջազգային կազմակերպություններում վերջին ժամանակներում գնալով աճող հակահայկական բանաձևերի և հայտարարությունների պարագայում կոռուպցիան ունեցել է իր դերը, թե՞ ոչ: Արդյո՞ք «խավիարային դիվանագիտությունը» հասել է Բրյուսել:

Հարկ ենք համարում նշել, որ փաստաթղթի հակահայկական ձևակերպումների վրա աշխատած պատգամավորները գործում են ինքնուրույն, ուստի նրանց կողմից այս քայլերը պետք է դիտարկել բացառապես անհատական՝ պատգամավորի անձով պայմանավորված, և չդիտարկել Հայաստանի հետ պետությունների երկկողմ հարաբերությունների տեսանկյունից:

Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ նման փաստաթղթերն ընդունվում են ադրբեջանական ռեժիմի և անձամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից անընդհատ և նույնիսկ ուժեղացող սպառնալիքների համատեքստում, հակամարտության լուծման Բաքվի պայմաններով: Ընդամենը մի քանի օր առաջ Ալիևը ևս մեկ անգամ հստակ հայտարարեց, որ ինքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է համարում «ադրբեջանական տարածք», այլ նաև Հայաստանը և մայրաքաղաք Երևանը: Նա խիստ բացահայտ ակնարկներով նաև ընդգծել էր, որ ռազմական ուժն է, ոչ թե բանակցությունները, որ այսօր որոշիչ գործոն է հանդիսանում միջազգային հարաբերություններում:

Անպայմանորեն պայմանավորելով Ադրբեջանի իրավունքը` «պարտադրելու» իր տարածքային ամբողջականությունը` արդյո՞ք եվրոպական պատգամավորները տեղյակ են այն փաստի մասին, որ նրանք օրինականացնում են Ալիևի ռազմատենչ, մաքսիմալիստական դիրքերը և խրախուսում են նրան գործել դրանց հիմքով: Պատրա՞ստ են արդյոք նրանք ենթադրել իրենց որոշումների հետագա ռիսկերը և հետևանքները:

Պետք է ավելացնել նաև, որ նման փաստաթուղթ ընդունվում է այն իրավիճակում, երբ հայկական կողմը հետևողականորեն ազդարարում է իր կառուցողական մոտեցման մասին` հայտնելով իր պատրաստակամությունը ձգտելու այնպիսի որոշման, որը ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի հեռուն գնաց, և ի հակադրություն բոլոր փաստերի` նախագահ Ալիևին «կառուցողական» է համարում: Այս տեսանկյունից` նման միակողմանի բանաձևի ընդունմամբ` Եվրախորհրդարանի պատգամավորները, իրականում, պատժում են Հայաստանին իր «լավ պահվածքի» համար և խրախուսում Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը: Նրանք պետք է հասկանան, որ դա կխաթարի ԵՄ-ի իմիջը՝ որպես խաղաղ և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պաշտպանության սկզբունքային ուժ: Հայ ժողովրդի եվրոպամետ դիրքորոշումը չպետք է ընդունել որպես խրախուսանք:

Այնուամենայնիվ, հուսանք, որ Եվրոպառլամենտի հունիսի 16-17-ի  լիագումար նիստում, որը պետք է քննարկի և ընդունի այս փաստաթուղթը, հակահայկական այս ձևակերպումները չեն ընդունվի:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Русская версия статьи

English version of the article.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն