Արցախի ինքնորոշման հիմնարար սկզբունքը երբեք չի ստորադասվել տարածքային ամբողջականության սկզբունքին. Նիկոլ Փաշինյանի սուտը

article-image

Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու նպատակներին: Նա նշեց, որ Ադրբեջանի նման քայլերի նպատակը Հայաստանին խաղաղության օրակարգից շեղելն է, և այդ գործընթացը դելեգիտիմացնելը: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այդ առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, սակայն այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: Ուստի, հայկական կողմը նաև իր առաջարկներն է փոխանցել` համապատասխան լրացումներ անելով:  

Փաշինյանը ուշադրության հրավիրեց այն փաստի վրա, որ հայկական կողմի հայտարարությունից դժգոհ է մնացել Հայաստանի «արմատական» ընդդիմությունը: Փաշինյանը իրեն հատուկ մանիպուլյատիվ ոճով սկսեց մեղադրել նախկին իշխանություններին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի բանակցություններում քննարկվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը: Նա շեշտեց 1999թ. ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունված Ստամբուլյան խարտիան և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը` այնուհետև նշելով, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկար տարիներ բանակցել է Ադրբեջանի հետ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով նաև տարածքային ամբողջականության սկզբունքը: Սա ոչ միայն մանիպուլյատիվ հայտարարություն է, այլ նաև Նիկոլ Փաշինյանը կեղծում է ողջ բանակցային գործընթացը, քանի որ նման մանիպուլյացիայի նպատակը ցույց տալն է, որ նախորդ իշխանությունները խոսել են միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից: Իրականում, նախորդ բոլոր տարիների` հատկապես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վարած բանակցություններում որպես հիմնարար, համահավասար սկզբունքներ եղել են` տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում և հավասար իրավունքներ, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում:  Ոչ մեկ անգամ և ոչ մեկ ամբիոնից Հայաստանի ղեկավարները, մասնավորապես վերջին շրջանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ԼՂ բանակցություններում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը որևէ բանով չի խոչընդոտվում տարածքային ամբողջականության սկզբունքով, դրանք համահավասար են: Ավելին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինքնին, ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Ի հավելումն, բառացիորեն երեկ երեկոյան ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ, հերթական անգամ փաստում է սույն իրողությունը` «ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել»:

Նախ` 1999 թվականի Ստամբուլյան խարտիայի մասին.

Գագաթնաժողովում ընդունված փաստաթղթում անդրադարձ է կատարվում հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների մասին, օրինակ` Մոլդովայում, Հարավսլավիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Վրաստանում, ՌԴ-ում, սակայն Ադրբեջանի վերաբերյալ որևէ խոսք չկա: Հռչակագրում առանձին հոդվածով (հոդված 20) նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, սակայն ոչինչ չի ասվում Ադրբեջանի տարածքային ամոբղջականության մասին: Համեմատության համար նշենք, որ նշյալ փաստաթուղթը ենթադրում էր Վրաստանի տարածքային խնդիրների լուծում հենց Վրաստանի կազմում: Այս առումով` Նիկոլ Փաշինյանը պարզապես ստում է:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած բանակցային գործընթացին: Պետք է նշել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում որպես հիմք են ծառայել 2007 թվականին ներկայացված «Մադրիդյան սկզբունքները»:  Այս փաստաթուղթը փաստորեն դարձավ Ադրբեջանի ստորագրած առաջին փաստաթուղթը, որտեղ արձանագրված էր, որ ԼՂ հակամարտության լուծման համար պետք է կիրառվի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը` հավասարապես մյուս երկու սկզբունքների հետ։ Իսկ դա ակնհայտորեն հաստատում էր Սերժ Սարգսյանի` բազմիցս արած հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չէր լինի Ադրբեջանի կազմում։

Նույնիսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանը իր ելույթում խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, արցախահայության ինքնորոշման պայքարի և ադրբեջանական հանցագործությունների մասին: Կազանյան գագաթնաժողովի տասնամյակի կապակցությամբ հրապարակված իր հոդվածում ՀՀ երրորդ նախագահը նշում է, որ «համանախագահների ու Հայաստանի մոտեցումները ավելի ու ավելի համահունչ էին դառնում, ... Միջազգային հանրությունն ու Հայաստանը գործնականում սկսել էին խոսել նույն լեզվով. խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ու իրացման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի»:

Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ՀՀ երրորդ նախագահին` Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով առաջնորդվելու համար, սակայն հենց ինքն է գլխավորապես սպասարկել և այժմ էլ շարունակում սպասարկել այդ սկզբունքը: Բավական է միայն հերթականությամբ ստուգել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները` ապացուցելու, որ համանախագահների բառապաշարում հիմնարար սկզբունքները ընդհանրապես սկսեցին բացակայել, որը հնարավորություն էր տալիս Ադրբեջանին առաջ շարժվել և պահանջել ավելին` ավելի ուշ նաև արդարացնելու Արցախի դեմ ավերիչ ագրեսիան, իսկ Հայաստանին էլ զրկում մտածելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին: Ավելին, պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ծավալուն հոդված էր հրապարակել` մեղադրելով նախորդ իշխանություններին Արցախի կարգավիճակի մասին մոռանալու համար, սակայն հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը` ինքը, հերքեց Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մշտապես ներառված է եղել նախորդ բանակցություններում:

Եվ վերջապես, ավելորդ անգամ Նիկոլ Փաշինյանին հիշեցնենք հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոստովանությունը` «փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Իսկ այսօր, հակառակ Նիկոլ Փաշինյանի խոսքերի, ոչ ոք այլևս չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, անգամ` ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները: Ավելին, հենց Նիկոլ Փաշինյանը մերժեց բանակցային գործընթացի ամբողջ ժառանգությունը` հայտարարելով բանակցությունները սեփական կետից սկսելու մասին` այսպիսով Ադրբեջանին լայն հնարավորություններ տալով հաջողության հասնելու համար:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձախողումը, պատերազմում պարտվելու մեղքը բարդել նախորդ նախագահների վրա, դնել նրանց պատասխանատվության տակ, սակայն հենց իր խոսքերն են ապացուցում նրա սուտը և մանիպուլյացիան` հերթական անգամ ցույց տալով, որ միակը, որը մտածում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին` ի հաշիվ Հայաստանի և Արցախի, հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է: 

 

Հեղինակ` Դավիթ Ֆիդանյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն